Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փարիզի ակադեմիայի ռեկտոր. «Հայաստանը տարածքով փոքր է, բայց շատ տաղանդներ ունի»

Նոյեմբեր 02,2017 16:53

Հայաստանում է Փարիզի ակադեմիայի ռեկտոր, Փարիզի համալսարանների կանցլեր Ժիլ Պեկուն: Նա Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտի, Փարիզի ակադեմիայի պատվիրակության և Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետի տեղակալ, ՀՖՀՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ, Հայկական բարեգործական ընդհանուր միության Եվրոպայի գրասենյակի նախկին նախագահ Ալեքսի Գովցյանի ուղեկցությամբ նոյեմբերի 2-ին այցելեց Հայաստանում ֆրանսիական համալսարան:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Պեկուն նշեց, որ շատ ուրախ է լինել Հայաստանում՝ որպես Փարիզի ակադեմիայի ռեկտոր:

Նա տեղեկացրեց, որ Փարիզի ակադեմիան Փարիզ քաղաքի դպրոցական եւ համալսարանական կառույց է, որը համակարգում է 1124 դպրոցների եւ 25 բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեությունը:

Ի դեպ, ակադեմիայի ռեկտորն էլ նշանակվում է հանրապետության նախագահի կողմից եւ սահմանում այդ հաստատությունների կրթական քաղաքականությունը, համակարգում նրանց գործունեությունը: Ընդ որում, խոսքը վերաբերում է շուրջ 28000 աշխատակցի:

«Ինչո՞ւ ես այցելեցի Հայաստան, առաջին հերթին նրա համար, որ կարեւորում եմ մեր երկու երկրների կրթական, գիտական եւ մյուս ոլորտներում կապերը, որոնք ստեղծվել են դարերի ընթացքում: Հայաստանը տարածքով փոքր երկիր է, բայց այնպիսի տաղանդներ, խելացի մարդիկ ունի, որ ես հավատում եմ Հայաստանի ներուժին եւ մեր կապերի էլ ավելի ընդլայնմանը»,-հավելեց պարոն Պեկուն: Պատասխանելով մեր հաջորդ հարցին, ասաց, որ պատրաստ է աջակցել Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների պրակտիկային Փարիզի ակադեմիայում:

Aravot.am-ը խնդրեց անդրադառնալ Ժիլ Պեկուի` Հայաստանում ֆրանսիական համալսարանում կարդացած դասախոսության հայկական շեշտադրումներին: Ռեկտորի դասախոսության թեման էր «Սորբոնը և ֆրանսիացի մտավորականները և համախմբում հանուն հայերի 19-րդ դարի վերջում»:

«Իմ դասախոսության մեջ ես ներկայացնում եմ, թե ինչպես են ֆրանսիացի մտավորականները, դասախոսները համախմբվել 19-րդ դարի վերջում` հանուն հայերի շահերի, երբ սկսվել են ջարդերը: Կապն ու համակրանքը հայերի նկատմամբ միշտ շեշտադրված է եղել Ֆրանսիայում»,-պատասխանեց Փարիզի ակադեմիայի ռեկտորը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930