Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Չեմպիոնին թևաթա՞փ են անում․ Գյումրիում վրդովված են ձյուդոյի ֆեդերացիայի որոշումից

Նոյեմբեր 02,2017 16:35

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան մեկ տարով որակազրկել է ձյուդոյի Հայաստանի երիտասարդական հավաքականի առաջատար, 90 կգ քաշային Գրիգոր Սահակյանին։ Մարզիկին որակազրկեցին ճիշտ այն օրը, երբ Հայաստանում, մասնավորապես Գյումրիում տոնում էին նրա՝ սամբոյի երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն դառնալը։ Գյումրիում նման հաղթանակներն իրոք տոնի են վերածում։ Գյումրեցիները նույնիսկ կատակում են, թե մատների վրա հաշված մարդիկ ունեն, որոնք աշխարհի չեմպիոն չեն դարձել։

Գյումրեցի Գրիգոր Սահակյանը հոկտեմբերի 14-ին Սերբիայի Նովի Սադում մասնակցեց սամբոյի երիտասարդների աշխարհի առաջնությանը ու դարձավ աշխարհի չեմպիոն։ Հոկտեմբերի 18-22-ը նա նախապատրաստվում էր Խորվաթիայում կայանալիք ձյուդոյի երիտասարդների աշխարհի առաջնությանը, որից, սակայն նրան զրկեցին՝ մեկ տարի որակազրկելով։

Շիրակի մարզպետարանի սպորտ բաժնի պետ Վաչիկ Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Մի բան կասեմ՝ հաղթողներին չեն դատում, Գրիգոր Սահակյանը ձյուդոյի այս տարվա միակ մեդալակիրն էր։ Գտնում եմ, որ այս տհաճ պատմությունն արդյունք էր ձյուդոյի և սամբոյի ֆեդերացիաների չհամաձայնեցված գործունեության, արդյունքում տուժեց լավագույն մարզիկը: Անհիշելի ժամանակներից սամբիստները և՛ սամբո են կպել, և՛ ձյուդո։ Կարո՞ղ էին, չէ՞, նախապես համաձայնեցնել: Հիմա ի՞նչ եղավ, մեր Գրիգորը գնաց սամբոյի երիտասարդների առաջնության, չեմպիոն դարձավ, չեմպիոնին որակազրկեցին․․․ Եթե ձյուդոյի ֆեդերացիայից ասում են, թե ծախս են արել Գրիգորի վրա, նա էլ կարգ է խախտել, իրենց անտեսել է՝ առանց իրենց հետ համաձայնեցնելու գնացել է սամբոյի առաջնության, թող կարգապահական տույժի ենթարկեին, նկատողություն տային, ասեին՝ կորակազրկենք, հետագայում չկրկնվի, բայց սա անելու բան չէր։ Գրիգորն այս տարվա լավագույն երիտասարդ մարզիկն է երևի ամբողջ հանրապետությունում, ոչ միայն Գյումրիում, սամբոյից՝ աշխարհի, Եվրոպայի չեմպիոն է, ձյուդոյից՝ Եվրոպայի մրցանակակիր, ֆրանկոֆոնյան խաղերի մրցանակակիր, ձյուդոյի աշխարհի գավաթի փուլերի մրցանակակիր։ Էլ ի՞նչ ենք ուզում»։

Առավել վրդովված է Գրիգոր Սահակյանի անձնական մարզիչ Մարտին Սարգսյանը։ «Որակազրկում են էն մարզիկին, որը խթանիչներ է օգտագործում, որակազրկում են նրան, ով որ խուլիգանական արարք է կատարում, որակազրկում են նրան, ով գողություն, կռիվ է արել, որակազրկում են նրան, ով իր ռեժիմը խախտել, գնացել, ասենք՝ տուն չի եկել կամ պարապմունքի չի եկել։ Ես չգիտեի, որ էս դեպքում կարելի էր որակազրկել, պատժել․․․ Լավ, պատժել են, աշխարհի առաջնության չեն տարել, որակազրկելը ո՞րն է․․ Տրամաբանությունը չեմ հասկանում, եթե խթանիչ օգտագործեն կամ գողություն անեն օտար երկրում, դրա համար որակազրկեք, բայց այլ մարզաձևից աշխարհի չեմպիոն դառնալու համար որակազրկել… Օրենք գոյություն չունի,մարզիկն ամեն տեղ էլ իրավունք ունի գնալ, մասնակցելու, եթե 7 օր ժամկետ կա, հասցնում է մի տեղից մյուսը, տեղանքները իրար կպած են, ավտոբուս կարող էր նստել Սերբիայից գնար Խորվաթիա, ծախսերն էլ ավելի քիչ կլիներ։ Չգիտեմ, ես կոնկրետ էստեղ սպորտային տրամաբանություն չեմ տեսնում, ավելի շատ չգիտեմ ինչի է նման»,-ասաց Մարտին Սարգսյանը։

Մեր ճշտող հարցին՝ Գրիգորը ֆիզիկապես պատրա՞ստ էր Սերբիայում սամբոյի աշխարհի առաջնության մասնակցելուց հետո մեկ շաբաթվա տարբերությամբ մասնակցել ձյուդոյին՝ Խորվաթիայում, մարզիչն ասաց․«Այո,իհարկե, եթե նման դեպք եղել է․ նա ամռանը Հունգարիայում ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունից վերադարձավ բրոնզե մեդալով ու մեկ օր անց՝ մի 10-12 ժամ թռել, գնացել, մասնակցել է Ֆրանկոֆոնյան խաղերին եւ նորից բրոնզե մեդալ է նվաճել։ Վեց օրը լիարժեք բավարար էր, ինքը ամսի 14-ին գոտեմարտել էր, պիտի ձյուդոյինը գոտեմարտեր ամսի 20-ին, վեցը օրը լիարժեք բավարար էր, որ ինքը վերականգնվեր»։

Մեր դիտարկմանը, թե կար չէ՞ պայմանավորվածություն Հայաստանի սամբոյի և ձյուդոյի ֆեդերացիաների նախագահներ Լևոն Հայրապետյանի և Վարդան Ոսկանյանի միջև համագործակցության և բարեկամության, մեր զրուցակիցն ասաց․«Իրենք իրար մեջ միշտ էլ պայմանավորվել են, եթե այդպես վերցնենք մեծ մասը ձյուդոյի մարզիկները սպորտ վաշտում ծառայում են սամբոյի արդյունքներով, ոչ մեկն արգելք չի հանդիսացել։ Նախօրոք պետք է տեղյակ պահած լինեին, թե գիտեք ինչ, սրանից հետո այսպես է, կամ մի որոշում ընդունեին, ոչ թե մրցումներից հետո նոր որոշում ընդունեն։ Առաջ Աստված, Աստված բոլորի հետ, բայց էդ կարգի մարզիկների հետ նման ձևով չի կարելի վարվել, ի՞նչ նպատակ կա, ի՞նչ միտում կա, չեմ կարող ասել»։

Ի դեպ,Մարտին Սարգսյանը, հակադարձելով, ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանի պարզաբանմանը, թե Գրիգոր Սահակյանի վրա գումար են ծախսել, ընդգրկել են հավաքների, ուղարկել միջազգային մրցաշարերի, սակայն նա մասնակցեց մեկ այլ մարզաձեւի աշխարհի առաջնությանը, երբ առջեւում ձյուդոյի աշխարհի առաջնությունն էր, ասաց․«Ծախսերը, որ կատարել են, էդ մարզիկը գնացել, իրենց համար Եվրոպայի բրոնզե մեդալակիր է դարձել, արդարացրել է ծախսերը։ Երևի այդ ֆեդերացիայի նոր մարդիկ իրենց օրենքներն են դնում, չգիտեմ էլի․․․»։

Մենք փորձեցինք այս թեմայի շուրջ պարզաբանումներ ստանալ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանից, սակայն կապ հաստատել չհաջողվեց, ճշտեցինք, որ նա Մոսկվայում է։

Փորձեցինք պարզաբանում ստանալ նաև ձյուդոյի հավաքականի մարզիչ Հովհաննես Դավթյանից։ Նա հրաժարվեց իր կարծիքն ասել՝ նշելով, որ ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն արդեն պարզաբանումներ ներկայացրել է՝ մանրամասնելով պատճառը, ավելացնելու ոչինչ չունի։

Այդուհանդերձ, նա մեզ հարցրեց․ «Ի՞նչ եք կարծում, կա՞ հավաքականի մարզիչ, որը չի ուզի իր սպորտաձևն ավելի ծաղկի, վստահ եղեք, դա՛ է հենց մեր ցանկությունը»։

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նորանշանակ գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանը news.am.sport –ին տված պարզաբանման մեջ նշել էր, որ ֆեդերացիան ունի հստակ կանոնակարգ, եթե ձյուդոյի ֆեդերացիան գումար է ծախսել մարզիկի վրա, ապա պետք է զարգացնել ձյուդոն, ոչ թե սամբոն։ Ըստ Թաթուլ Հովհաննիսյանի, Գրիգոր Սահակյանն առանց ֆեդերացիայի թույլտվության մասնակցել է սամբոյի աշխարհի առաջնությանը։

Մինչդեռ Գրիգոր Սահակյանը, որը իր որակազրկման մասին տեղեկացել էր լրատվամիջոցներից, նշել էր, որ սամբոյի մրցաշարերին մասնակցելու հետ կապված երբևէ խնդիր չէր եղել, որեւէ տեղ փաստաթղթով հաստատված կամ կնքված չէ, որ իրավունք չունեն մասնակցել սամբոյի մրցաշարերին։

Նշենք, որ Սերբիայի Նովի Սադում Հայաստանի դրոշը բարձրացրած ու օրհներգը հնչեցրած Գրիգոր Սահակյանը իր հաղթանակը նվիրել է հայ ազգին ու հայ զինվորին։ Գյումրու սպորտային աշխարհում վստահ էին, որ նա երկրորդ դրոշը կբարձրացներ նաև Խորվաթիայում։ Մինչդեռ, ըստ մեր զրուցակիցների, չեմպիոն ունենալու պատվից ու հաճույքից (իսկ ձյուդոյից չեմպիոնների մատների վրա կարելի է հաշվել), անհասկանալի պատճառներով առաջին հերթին զրկեցին Հայաստանի Հանրապետությանն ու ողջ հայ ժողովրդին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Չեմպիոնի լուսանկարը՝ news.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930