Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ո՞ւր էին Տարոն Մարգարյանն ու Նիկոլ Փաշինյանը

Նոյեմբեր 02,2017 16:25

«Մարզպետարաններ պետք է ունենանք»,- այսօր խորհրդարանում 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը`պատասխանելով ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի հարցին` համայնքների խոշորացումից հետո մարզպետների ինստիտուտն արդյոք մնալու է նո՞ւյնը: Նախարարը նկատեց` ՀՀ-ում ցանկացած խնդրի համար մարզպետին են հանձնարարություն տալիս ու իրենցից պահանջում, բայց իրավունքները քիչ են:

Ուսումնասիրել են աշխարհի փորձը եւ կառավարություն է մտել հայեցակարգ, թե ինչպիսի՞ն պետք է լինի տարածքային կառավարումը մարզերում: Ըստ այդմ, Դավիթ Լոքյանը նշեց, որ մարզպետարաններին հայեցակարգով տալու են տնտեսական զարգացման պարտավորություններն ամբողջությամբ, ունենալու են հիմնադրամ, որի մեջ լինելու է զարգացման վարչությունը՝ ՓՄՁ-ի մարզային կառույցները, որոնք կենթարկվեն ուղղակի մարզպետներին: Այլ լիազորություններ, որոնք այսօր ունեն մարզպետարանները`կրթություն, սոցիալական ոլորտ, առողջապահություն, պահպանվում են: Իսկ նպաստների հարցը կտեղափոխեն խոշորացված համայնքներ: Ներհամայնքային ճանապարհները եւս կտրվեն խոշորացված համայնքներին: Ի դեպ, կրթական համակարգում, շենքերի պահպանման հարցը նույնպես կլինի համայնքի ղեկավարների լիազորությունը: Մարզպետին կից ստեղծվելու են մարզի խորհուրդներ, որի մեջ մտնում են խոշորացված համայնքների ղեկավարները: Հայեցակարգը դեռ քննարկման փուլում է:

Նախարարը խոսեց նաեւ սահմանամերձ բնակավայրերի օժանդակության մասին: Ասաց` այսօր ՀՀ-ում սահմանամերձ տարածքներն առավել խոշորածավալ օժանդակություն են ստանում: Օրինակ, Տավուշում 45 սահմանամերձ գյուղերում իրականացնում են տնտեսական ծրագրեր`կաթիլային համակարգի ներդրում, գյուղական տուրիզմի ծրագրեր եւ այլն: «Հիմա մեծացնել այս օժանդակությունը՝ լավ բան է, բայց միջոցների սուղ լինելը եւ ճիշտ ուղղություն տալը, կարծում եմ, ավելի անհրաժեշտ է: Մենք տվեցինք հարկային արտոնություններ եւ երբ տեսնում ենք՝ ինչ ենք ստացել…նոր աշխատատեղ, ձեռնարկություն չունենք: Հիմա պետք է մտածել՝ ինչպե՞ս փոխենք: Չեմ կարող չհամաձայնել, որ շատ փող պետք է սահմանամերձներին տանք, բայց ավելի լավ է գործիքները ճիշտ մշակենք, տանք, քանի որ մյուս դեպքում աղքատությունը չի սահմանափակվում»:

Ի դեպ, Դավիթ Լոքյանից հետո Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն ու մարզպետներն էին ներկայացնում եկող տարվա բյուջեով նախատեսված ծրագրերը: Ոչ Կամո Արեյանին, ոչ որեւէ մարզպետին պատգամավորները հարցեր չտվեցին: Այդ պահին դահլիճում պատգամավորների թիվը մեկ տասնյակի էլ չէր հասնում: Ներկա էին ՀՀԿ-ի եւ «Ծառուկյան» խմբակցության մի քանի պատգամավորներ:

Ընդդիմադիր «Ելք» խմբակցությունն առհասարակ բավական պասիվ մասնակցություն է ունենում բյուջեի նախագծի քննարկումներին: Եթե նախկինում Նիկոլ Փաշինյանն ավանդաբար մասնակցում էր տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նիստին, որպեսզի հարցներ`իսկ ինչո՞ւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի հարգում պատգամավորներին եւ չի ներկայանում բյուջետային քննարկումներին, ապա այս անգամ նույնիսկ այդ հարցը չհնչեց:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930