Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայաստանն անընդհատ այս կամ այն նախագծի հետևից քննադատողի և վնասները հաշվելու իրավիճակում է». Քննարկում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի գործարկման առիթով

Նոյեմբեր 02,2017 15:59

Հոկտեմբերի 30-ին գործարկվեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը: Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում (ՄԱՀՀԻ) այս թեմայով հրավիրված քննարկմանը թուրքագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Հայկ Գաբրիելյանը պարզաբանեց, թե ինչու հենց այս ժամանակաշրջանում գործարկվեց երկաթգիծը. «Մի քանի ամիս առաջ հայտնի էր, որ Ադրբեջանը համաձայնել է Թուրքիայի համար Նախիջևանում ստեղծել ազատ առևտրի գոտի: Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ երկու երկրները համաձայնել են 2018-ից սկսած փոխադարձաբար վերացնել մաքսատուրքերը: Սա վկայում է Ադրբեջանի կողմից Թուրքիայի հանդեպ զիջման մասին »:

Ըստ փորձագետի՝ երկաթգծի գործարկումը կհանգեցնի նրան, որ Վրաստանում և Ադրբեջանում կմեծանա թուրքական տնտեսական ազդեցությունը և թուրքական տարրի մեծացումը: Ըստ Հայկ Գաբրիելյանի՝ Թուրքիան ավելի շատ կփորձի բարձրացնել թուրք մցխեթցիների վերաբնակեցման հարցը Ջավախքում, Վրաստանի տարածքում:

«Ալիք Մեդիա» տեղեկատվական հարթակի հիմնադիր Արսեն Խառատյանն էլ նկատեց, թե հուզական առումով ջավախահայերին դուր չի գա Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներն այդ ճանապարհին տեսնել, բայց նաև պետք է փորձել օգուտներ քաղել այս նախագծից. «Թուրքիայից ՀՀ եկող բեռնափոխադրումների մի հսկայական հատված այս ճանապարհով է անցնում, որը շատ ավելի մոտ է ու հարմար: Ստացվում է, որ նույնիսկ հայ-թուրքական սահմանի փակ լինելով՝ այդ հաղորդակցությունը մի քիչ կարագացվի: Ես սպասում եմ այն կետին՝ երբ է լինելու առաջին հայ արտահանողը կամ ներմուծողը, որ երկաթուղին օգտագործի և թեկուզ բերի Թբիլիսի հասցնի, այդտեղից Երևան»:

ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Հովհաննես Իգիթյանն էլ անդրադառնալով այն խոսակցություններին, թե այս երկաթգծի գործարկմամբ Հայաստանը մեկուսանում է, նկատեց՝ ինչպե՞ս են քննարկում մեկուսացման հարցը, երբ չունենք արտահանելու արտադրանք. «Արդյոք ՀՀ-ն այնքան հագեցվա՞ծ է ապրանքների քաշի ու քանակի առումով, որ մեզ խանգարում էր ևս մեկ ճանապա՞րհ, որը մենք պետք է օգտագործեինք, որ արդյունաբերության թռիչք ունենանք: Եթե չեմ սխալվում, Փոթիով ՀՀ անցնող 500 վագոնների մասին է խոսքը՝ մոտ 30.000 տոննա: Դա 0.1 տոկոս էլ չի կազմում այդ գծի ապրանքատարողության: Հայաստանը չի կարողանա ազդել այդ բեռնափոխադրության վրա, եթե անգամ մեզ այդ հնարավորությունը տրվի»:

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի համոզմամբ՝ այս նախագծի իրագործումը մեկուսացնելու է Հայաստանին. «Երկաթուղին քաղաքական ծրագիր է, ոչ թե տնտեսական : Այդ երկաթուղին չպիտի մեկուսի դիտարկել: Բայց հարցը լրիվ այլ է, և ավելի մեծ համատեքստում այն պիտի դիտարկել: Հոկտեմբերի 23-25-ին Թեհրանում կայացավ եռօրյա հավաք-գիտաժողով ԱԳՆ և նրա համապատասխան կառույցների հրավերով: Իրենց համար նշյալ երկաթգծի նպատակն է Չինաստան-Ղազախստան-Բաքու հատված տանել: Իրանի բուն նպատակն է հենց Ռուսաստանից շեղել դեպի այդ կողմ: Սա Հայաստանին մեկուսացնող ծրագիր է: Հաստատ հայաստանյան բեռները չեն անցնելու, նրանք վերաձևակերպվելու են որպես վրացական և մտնելու Թուրքիայի տարածք: Բայց արտահանողը հաստատ հազար օրինական և անօրինական պատճառներով թույլ չի տալու»:

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյանն էլ նկատեց. «Հայաստանը, ցավոք, ոչ թե մեկուսանում է, այլ հայտնվում մի իրավիճակում, որտեղից ինքն անընդհատ այս կամ այն նախագծի հետևից քննադատողի և վնասները հաշվելու իրավիճակում է: Գոհանում է այն վերլուծություններով, որ այս նախագիծը վնասակար է Վրաստանի համար: ՀՀ-ն դիմելու է վրացական կողմին իր ապրանքներն այս երկաթգծով անցկացնելու, բայց Ադրբեջանը կարող է կտրուկ դեմ լինել Հայաստանի մասնակցությանը»:

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը համամիտ է այն կարծիքին, որ այս նախագիծն առաջին հերթին քաղաքական է, այլ ոչ կոմերցիոն՝ չնայած դրանում առկա է շատ մեծ կոմերցիոն չափաբաժին, որն ուղղված է դեպի երկարաժամկետ հեռանկար:

Պարոն Մեհրաբյանը փաստեց, որ մեր տարածաշրջանում կա կոմունիկացիաների քաղց, իսկ այս երկաթգիծն այդ քաղցը լրացնում է:

Այնուհետև փորձագետը հռետորական հարց արծարծեց. «Ադրբեջանն արդյոք կմերժի՞ ՌԴ-ին, եթե նա ուզենա դեպի Թուրքիա տեղափոխել իր բեռներն այս երկաթգծով, իհարկե, ոչ: Ոչ էլ Վրաստանը կմերժի ՀՀ-ին, եթե մեր բեռներն այս երկաթգծով արտահանենք: 1992-1993-ից հետո ՌԴ-ն ուզում է վերականգնել իր ցամաքային հաղորդակցությունը Թուրքիայի հետ, որը նա կորցրեց հայ- թուրքական սահմանի փակումով, վրաց-աբխազական և ղարաբաղյան հակամարտություններով: Այնպես որ, այն կարծիքներին, թե երկաթգիծը շրջանցում է ՌԴ-ն, համաձայն չեմ»:

Իսկ թե ինչ չպետք է անի հայկական կողմը, պարոն Մեհրաբյանն այսպես ձևակերպեց. «Դա փնթփնթալն է ամեն անկյունում, ֆոբիաներ տարածելը և ընդամենը ստիպելն է, որ ուրիշները ծիծաղեն մեզ վրա: Մենք հաստատ դրա կարիքը չունեք: Մենք այս կոմունիկացիայից վախենալու բան չունենք, բայց եթե ՀՀ-ն ոչինչ չի անում, ՀՀ-ի շուրջ ինչ տեղի է ունենում, վնաս է Հայաստանին: Պետք է քաղաքական կամք ու ինտելեկտ, որը մեր իշխանությունը չունի: Մեր իշխանությունների կամքի և մակարդակի ծավալը չի համապատասխանում այս մարտահրավերին»:

ՄԱՀՀի ասոցացված փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանի համոզմամբ՝ իրադարձությունների որոշակի զարգացման դեպքում այս նախագիծը Հայաստանին լուրջ քաղաքական և տնտեսական վնասներ է հասցնելու. «Քաղաքական առումով այս նախագիծը լուրջ գլխացավանք է դառնալու ՀՀ-ի համար, մանավանդ, եթե Թուրքիա- Ադրբեջան տանդեմին հաջողվի այս նախագծում ներգրավել նաև Իրանին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ ՄԱՀՀԻ-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930