Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը Doing Business-ի ու ներդրողներին մեր երկիր բերելու մասին (Տեսանյութ)

Նոյեմբեր 02,2017 15:45

Այսօր կառավարությունում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանն ամփոփելով տնտեսական ցուցանիշները՝ միանգամից անդրադարձավ Doing Business-ի շուրջ առաջացած մտահոգություններին:

Հիշեցնենք, որ նախօրեին հրապարակված Doing Business-ի ցուցանիշներով Հայաստանը 9 հորիզոնականով զիջել է  դիրքերը` անցյալ տարվա 38-րդ տեղից իջնելով ու այս տարի հայտնվելով 47-րդ տեղում:
Վարչապետն ասաց, որ մեր վարկանիշը Doing Business-ով աճել է 0,56 կետով, բայց մեր հարեւան երկրներն ավելի արագ են աճել. «Ընդ որում այստեղ մենք ունենք ե’ւ լավ ե’ւ վատ ցուցանիշներ: Ձեռնարկությունների գրանցմամբ մենք 15-րդ երկիրն ենք, սեփականության գրանցմամբ 13-րդ երկիրն ենք, մեր թույլ կետերը դատական համակարգն է, երկար ժամանակ դատավճիռներ, սննկացման գործընթաց, սննկացման ինստիտուտներ եւ նաեւ բանկերի տրամադրման գործընթացով»:

Կարեն Կարապետյանն ասաց, որ այդ փաստին վերաբերում են «շատ պրագմատիկ, իրատեսական եւ ստեղծվելու է միջգերատեսչական հանձնաժողով, որտեղ բոլոր ատյաններից մասնակիցները լինելու են ղեկավարի տեղակալներ` իրենց անձնական պատասխանատվությամբ»:
Aravot.am-ի այն հարցին, թե Doing Business-ի ցուցանիշները, մասնավորապես` օտարերկրյա ներդրողների համար կարեւոր ցուցիչ են այս կամ այն երկրում ներդրում անելու համար, 9 հորիզոնականով հետընթաց ունենալով, ինչպե՞ս ենք ներդրողներին համոզելու, որ գան մեր երկիր ներդրումներ անելու, վարչապետը պատասխանեց. «Չափազանց կարեւոր է մեզ համար, որպեսզի մենք ունենանք առաջընթաց, բայց համեմատության համար եմ ասում, որ Doing Business-ով մենք ու Բելգիան մոտավորապես իրար կողք ենք, Բելգիայում ներդրում չե՞ն անում»:

Վարչապետի մեկնաբանություններն առավել մանրամասն` տեսանյութում

Հարցին, թե դեռեւս ներդրումների 45 տոկոսն է իրագործվել, ընդ որում դրանում ներառված են նաեւ վարկային միջոցները, որքանո՞վ է ճիշտ, որ վարկը ներկայացնել, որպես ներդրում, Կարեն Կարապետյանն ասաց, որ ներդրումային ծրագրերը կարող են լինել վարկային եւ այդ իսկ պատճառով կառավարությունը ներդրումային ծրագրերը ներդրումներից տարանջատում է:
«45 տոկոսն ութ ամսվա ցուցանիշն է, այսօր նոյեմբերի 2-ն է եւ վստահ եղեք, որ մինչեւ տարեվերջ մենք այդ առումով հաշվետվություն կտանք»:
Այն հարցին էլ, թե ՀՀ նախագահն ի՞նչ 1 միլիարդ դոլար ներդրումների մասին հայտարարեց, վարչապետն ասաց, որ խոսքը Ներդրողների ակումբի մասին է, որը ստեղծվել է:

Վարչապետին հիշեցրին, որ մեկ տարի առաջ պատրաստվում էր աշխարհը շուռ տալ, եւ հարցրին` արդյոք հաջողվե՞ց շուռ տալ, ինչին ի պատասխան Կարեն Կարապետյանն ասաց` «Ունենալու ենք լավ երկիր, բազմաթիվ հաջողություններ ունենք, բազմաթիվ անհաջողություններ, անհաջողություններն ավելի քիչ, քան` հաջողությունները»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930