Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների խնայողությանն ուղղված միջոցառումների նոր փուլ է իրականացվում

Նոյեմբեր 02,2017 15:07

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Արարատի մարզում: Նախարարը, նրան ուղեկցող աշխատանքային խումբը, որի կազմում եղել է նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը, ԱՄՆ ՄԶԳ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն» (ԳԱՏՕ) ծրագրի մասնագետները հետևել են Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների խնայողությանն ուղղված միջոցառումների ընթացքին, ծանոթացել դրանց իրականացման արդյունքում արձանագրված դրական տեղաշարժերին:

Աշխատանքային խմբի առաջին կանգառն եղել է Սայաթ-Նովա համայնքում, որտեղ հետևել է «Գոլդն Ֆիշ-Կ» ՍՊԸ (նախկին` «Յունիֆիշ» ՍՊԸ) ձկնաբուծական տնտեսության խորքային հորի չափաբերման, փականային ռեժիմի բերման և կապարակնքման աշխատանքների ընթացքին:

Հայանիստ համայնքում նախարարին է ներկայացվել ԱՄՆ ՄԶԳ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն» (ԳԱՏՕ) ծրագրի շրջանակներում ձկնաբուծարանից հեռացվող ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու համար կառուցված պոմպակայանի աշխատանքները և պիլոտային ծրագրի իրականացման արդյունքները: Ծրագրի մասնագետները հայտնել են, որ պոմպակայանի շահագործման արդեն առաջին տարում ոռոգվել է 40 հա տարածք, որը նախկինում հնարավոր չի եղել ոռոգել: Պոմպակայանի ջրերով հնարավոր է ոռոգել 80 հա հողատարածք, ինչը կարվի արդեն հաջորդ տարի: Ձկնաբուծարանի հետադարձ ջրերի որակը ստուգվել է երկու անգամ՝ ծրագրի նախագծման փուլում (2016թ. փետրվար) և նախքան ոռոգման շրջանը (2017թ. ապրիլ): Նմուշները ստուգվել են 38 չափանիշներով, ներառյալ՝ հիմնական ֆիզիկական և քիմիական պարամետրերը և ծանր մետաղները:

Ստացված արդյունքները համեմատվել են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից ոռոգման ջրի համար սահմանված ցուցանիշների հետ: Ստուգումներ են կատարվել նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լաբորատորիայում պտուղ-բանջարեղենային մթերքների համար սահմանված հիմնական ցուցանիշներով: Նամաձայն տրված եզրակացության, սեխի ու ձմերուկի փորձարկված նմուշները համապատասխանում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված սննդի անվտանգության նորմերին: Ծրագրի վերաբերյալ իրենց գոհունակությունը հայտնեցին նաև 40 հա հողատարածը ոռոգած գյուղացիները: Ըստ նախարարի, Եթե ձկնաբուծարանների օգտագործած ջուրը նաև ոռոգման նպատակով երկրորդային օգտագործվի, ապա կխնայվի 70 մլն մ3 ջուր, որը յուրաքանչյուր տարի բաց է թողնվում Սևանա լճից Արարատյան դաշտի գյուղատնտեսական հողերը ոռոգելու նպատակով:

ՀՀ Արարատի մարզի Սիփանիկ համայնքում ՀՀ բնապահպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը ծանոթացել է ԳԱՏՕ ծրագրի կողմից 2017թ. իրականացված մեկ խորքային հորի լուծարման աշխատանքների արդյունքներին, ինչով տարեկան խնայվել է 1.9 մլն մ3 ջուր և չորացվել է դեռևս 1970 ական թվականներից գործող վթարային հորի շուրջ ձևավորված ճահճուտը: Նախարարը ծանոթացել է նույն համայնքում գործող «Ինտեր ակվա» ՍՊԸ ձկնաբուծական տնտեսությունում գործածվող ջրախնայող նորագույն տեխնոլոգիաներին: Ա. Մինասյանը նկատել է, որ ջրի օգտագործման կիսափակ այդ համակարգը, խորքային ջրերի խնայողությանն ուղղված միջոցառումներից մեկն է, ինչը թույլ է տալից ընդերքից վերցված միավոր ջրով ավելի շատ ձուկ աճեցնել` բացառելով արտադրության աճի համար լրացուցիչ ջրառը:

Պատասխանելով Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների խնայողության ուղղությամբ գերատեսչության կատարած այլ քայլերի վերաբերյալ լրագրողների հնչեցրած հարցերին` ՀՀ բնապահպանության նախարարը նշել է, որ խնդիր է դրված հստակ ամրագրել Արարատյան դաշտի խորքային ջրային ռեսուրսների օգտագործվող ծավալները: Ճշտգրկման կարիք ունի նաև «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքով սահմանված Արարատյան դաշտի 1100,0 մլն մ³ /տարի վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսների ծավալը, քանի որ այն դեռևս խորհրդային տարիներին իրականացված ուսումնասիրությունների արդյունք է: Այդ խնդիրները լուծելու նպատակով շրջակա միջավայրի պահպանության ոլորտում լիազոր գերատեսչությունն իրականացնում է գործնական քայլեր` ներգրավում դրամաշնորհային միջոցներ: Այդ նպատակով բոլոր ձկնաբուծական տնտեսություններում առաջիկայում կներդրվի ավտոմատ կառավարման հոսքաչափական համակարգ: Այն յուրաքանչյուր ցանկացողի հնարավորություն կտա առցանց հետևել ձկնաբուծարանների կողմից` այդ պահին օգտագործվող ջրի ծավալներին: Համակարգը կդյուրինացնի հատկապես Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի վերահսկողական գործառույթի իրականացումը:

Ա. Մինասյանը հայտնել է, որ ավտոմատ կառավարման հոսքաչափեր առաջիկայում տեղադրվելու են 4 խոշոր` «Մաքս ֆիշ», «Ինտեռ Ակվա», «Գոլդ Ֆիշ-Կ» և «Ալեքս հոլդինգ» ձկնաբուծական տնտեսություններում և նախատեսվում է մինչև 2019 թվականի ավարտը համակարգի մեջ ներառել բոլոր տնտեսությունները: Հոսքաչափերի ներկրման ոլորտում բացառվելու է մենաշնորհը և ներկրող ընկերությունները պետք է պատասխանատվություն կրեն թե´ տեղադրման, թե´ հետագայում սպասարկման ծառայությունների համար: Հոսքաչափերը տեղադրվելու են պետության կողմից և տնտեսվարողների ցանկությամբ դրանք կարող են ձեռք բերվել սեփական միջոցներով` հետագայում ներդրած գումարը պետությանը փոխանցվող իրենց շահութահարկից հետ ստանալու պայմանով:

 

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930