Այսօր կառավարությունում վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի անգամ պատասխանեց լրագրողների այն հարցին, թե 2018-ին լինելո՞ւ է վարչապետ կամ ցանկանո՞ւմ է լինել վարչապետ: Հետաքրքրվեցին նաեւ, թե ՀՀ նախագահի հետ արդյոք կա՞ պայմանավորվածություն, որ ինքը զբաղեցնելու է փոխվարչապետի պաշտոնը: Կարեն Կարապետյանից նաեւ հետաքրքրվեցին, թե նա է՞լ է համակարծիք է հանրապետականների այն պնդումներին, որ ՀՀԿ նախագահ եւ Հայաստանի անվտանգության համար թիվ մեկ պատասխանատու Սերժ Սարգսյանն անփոխարինելի է:
Կարեն Կարապետյանն ասաց, որ այդ հարցին բազմիցս պատասխանել է. «Ապրիլի 9-ից հետո, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն առաջարկելու է վարչապետի թեկնածությունն իր կոալիցիոն գործընկերների հետ: Նման քննարկումներ մենք չենք ունեցել, այդ իսկ պատճառով որեւիցե պայմանավորվածության մասին խոսելը ուղղակի ապարդյուն է»:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին առնչվող հարցին, ապա վարչապետը նշեց, որ այն պնդումների հետ համաձայն է, որ Սերժ Սարգսյանը անվտանգության երաշխավորն է եւ մեծ փորձ ունեցող ղեկավար:
Այն հարցին էլ, թե վարչապետը ցանկանո՞ւմ է 2018-ին էլ լինել վարչապետ, թե այլ թեկնածու ունի իր աչքի տակ, Կարեն Կարապետյանն ասաց. «Եկեք, ես վերջնական պատասխանեմ այդ հարցին, որովհետեւ ես իմ ու ձեր մեջ ֆանտազիաների պակաս եմ զգում: Ես հստակ հայտարարել եմ, որ պատրաստ եմ, հիշո՞մ եք, իմ աշխատանքը շարունակում եմ՝ ինչքան որ կարողություն ունեմ այդ աշխատանքին տրամադրելով: Ինչ եմ ուզում անել, կարող է մի քիչ ամպագոռգոռ հնչի, դրա համար նախապես ներողություն եմ խնդրում, ծառայել մեր երկրին: Եվ ես վստահ եմ, որ մենք հաստատ կարող ենք լավ երկիր ունենալ՝ տրամաբանական, զարգացող, ինչպիսի որոշում կկայացնի Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, շատ պարզ ձեւակերպված է, մենք նոր Սահմանադրություն ենք ընդունել, նոր կարգավիճակի ենք անցնում, որտեղ հստակ ձեւակերպված է թե ինչպես դա կլինի: Այդ իսկ պատճառով այս հարցի վերաբերյալ եթե լրացուցիչ հարց տալու եք՝ չեմ պատասխանելու»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ