Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամենավտանգավոր աշխատանքների ցանկում գտնվող լրագրողի մասնագիտությունը Հայաստանում ևս այդպիսին է

Նոյեմբեր 02,2017 13:37

Նոյեմբերի 2-ը ՄԱԿ-ը հռչակել է լրագրողների դեմ կատարվող հանցագործությունների անպատժելիությանը վերջ դնելու միջազգային օր՝ ընդգծելու համար հարցի կարևորությունն ու ազատ լրատվություն ապահովելու անհրաժեշտությունը: ՄԱԿ-ի տվյալներով ՝ վերջին 11 տարվա ընթացքում սպանվել է 900 լրագրող՝ մասնագիտական գործունեությունն իրականացնելու և հանրությանը տեղեկատվություն հասցնելու համար. 10-ը դեպքերից ինը հանցագործությունների մեղավորները անպատիժ են մնում:

Ամբողջ աշխարհում պարբերաբար ԶԼՄ աշխատակիցները ենթարկվում են ճնշումների, սպանության և բռնության սպառնալիքների ու ահաբեկումների: Արդյունքում բազմաթիվ լրագրողներ վախենում են խոսել կոռուպցիայի, քաղաքական գործընթացների բացթողումների, պետական պաշտոնյաների դիրքի չարաշահումների, մարդու իրավունքների այլ խախտումների մասին:

Ամենավտանգավոր աշխատանքների ցանկում գտնվող լրագրողի մասնագիտությունը Հայաստանում ևս իր հարձակումների նախադեպերն է ունեցել: Առավել աղմկահարույցներից մեկը դարձել է 2002 թվականին հանրային հեռուստառադիոընկերության նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանությունը, վերջինս ծանր վիճակով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ մահացել էր:

Արձանագրված դեպքերից է Մարկ Գրիգորյանի դեմ մահափորձը. ինչ-որ մեկը նռնակ է նետել նրա ոտքերի տակ, ինչի հետևանքով նա ծանր վիրավորում էր ստացել՝ փրկվելով մահվան ճիրաններից. գործը մինչ օրս բացահայտված չէ:

2008 թվականին հարձակում է կատարվել «Հետք» ինտերնետային հրատարակության գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի վրա: Երեք անհայտ անձինք ծեծի են ենթարկել լրագրողին, քարով հարվածելով նրա գլխին՝ փախուստի են դիմել և իրենց հետ տարել ֆոտոխցիկը: Նրանցից երկուսը այդպես էլ չբացահայտվեցին:

2009 թվականին իր տան շքամուտքում դաժան ծեծի է ենթարկվել «Armenia Today» լրատվական գործակալության համակարգող Արգիշտի Կիվիրյանը: Անհայտ անձինք փայտե մահակներով հարձակվել են և ծեծել նրան, որը ծանր վիճակում, գլխի և մարմնի բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Տարիների ընթացում նմանատիպ հարձակումներ և բռնության դեպքեր ևս եղել են, իսկ վերջին հարձակումները գրանցվել են Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի, ՊՊԾ գնդի գրավման և ընտրությունների ժամանակ:

 

Սոնա ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930