Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Իմ սպանության պատճառ մի դարձեք, մահս չմնա ձեր խղճին». Եղնուկյանը՝ դատավորին (Տեսանյութ)

Նոյեմբեր 02,2017 13:33

2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Կարո Եղնուկյանի, Խաչատուր Գիչյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Վարդգես Գեւորգյանի եւ Մանվել Աթոյանի գործով հերթական դատական նիստում, որը նախագահում է դատավոր Արտուշ Գաբրիելյանը, այսօր դատախազ Պետրոս Պետրոսյանի դեմ ներկայացված ինքնաբացարկի միջնորդության մասին կարծիք արտահայտեց ամբաստանյալներից Կարո Եղնուկյանը, որը մեղադրվում է զինված խմբին օժանդակելու մեջ:

Եղնուկյանն իր խոսքում դատավոր Արտուշ Գաբրիելյանին թիրախավորեց՝ պնդելով, որ նա «նոտարի պես վավերացնում է» այն խախտումները, որոնք իր հանդեպ թույլ է տվել դատախազը: «Այն փաստը, որ դուք, որպես դատավոր, ժամանակին մերժեցիք այս գործից իմ մասն անջատել, խոսում է այն մասին, որ ինձ 3-5 տարի անիմաստ տանել-բերելու եք դատարան: Այստեղ խոսելու են վկաներ եւ հետազոտվելու են ապացույցներ, որոնց հետ ես կապ չունեմ»,-նկատեց Կարո Եղնուկյանը:

Ապա նա դատավորի գործողություններն ու վերաբերմունքը «ցինիկ» որակեց, ինչից հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանը հորդորեց չվիրավորել, այլապես սանկցիա կկիրառի:

-Ո՞վ ասաց, որ այս դատավարությունը 3-5 տարի է տեւելու,-հարցրեց Արտուշ Գաբրիելյանը:

-2-րդ դասարանցու համար էլ դա պարզ է,-պատասխանեց Կարո Եղնուկյանը:

-Այս գործի նյութերի 70 տոկոսը վերաբերում է Ձեզ:

-40 000 էջից 40-նն է ինձ վերաբերում…

Ապա Կարո Եղնուկյանը հայտարարեց՝ նախորդ նիստում դատավորի գործողությունների պատճառով իր ճնշումը կտրուկ բարձրացել է, եւ շտապօգնության բժիշկները մեկ ժամ շարունակ՝ չեն կարողացել կարգավորել այն: Բժիշկը Եղնուկյանին հորդորել է նիստի գնալուց առաջ անպայման սրտի համապատասխան դեղեր ընդունել, այլապես նյարդայնանալուց վիճակը կսրվի: Եղնուկյանը դատավորին ասաց, որ չի մասնակցելու նիստերին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ իրեն առնչվող դատավարական գործողություններ կլինեն:

«Ինձ հակացուցված է նիստի մասնակցելը: Սա փորձ է՝ ինձ սպանելու: Եթե ամեն նիստին ես նյարդայնանամ, մի օր ողբերգական իրավիճակ կլինի: Նիստի գալ՝ կնշանակի ինքնասպանություն գործել, իսկ ես նման նպատակ չունեմ…Իմ սպանության պատճառ մի դարձեք, մահս չմնա ձեր խղճին»,-դիմելով դատավորին՝ ասաց նա:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանն էլ վստահեցրեց, որ ոչ մի ամբաստանյալի հանդեպ թշնամական վերաբերմունք չունի եւ չի կարող ունենալ: Եղնուկյանը պնդեց, որ չի մասնակցելու նիստերին եւ հեռացավ՝ դեղամիջոց ընդունելու:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930