Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն ճնշումնե՞ր է գործադրել Սիսիանի քաղաքապետի «Ծառուկյան» դաշինքի թեկնածուի նկատմամբ (Տեսանյութ)

Նոյեմբեր 02,2017 13:21

«Ծառուկյան» դաշինքով Սիսիանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Կարեն Համբարձումյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Պատճառներից ինքը տեղյակ չէ: Ինքնաբացարկ ներկայացրած թեկնածում հայտարարություն կանի եւ մանրամասներ կներկայացնի: Այսպիսով, Սիսիանի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի մեկ թեկնածու`գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Արթուր Սարգսյանը:

Հիշեցնենք, նոյեմբերի 5-ին հանրապետության մի շարք համայնքներում տեղական ինքնակառավարման ընտրություններ են:

Վահե Հակոբյանն անդրադարձավ նաեւ Սիսիանի քաղաքապետի ծննդյան հայտնի տեսաերիզին, որը տարածվեց համացանցում եւ մեծ աղմուկ բարձրացրեց: Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը հայտարարում էր`«Ծառուկյան» դաշինքն է իր դեմ արշավ կազմակերպել, քանի որ իր ծննդյան տոնակատարությունը վեց ամիս առաջ էր եղել: Մարզպետը նկատեց`վեց ամսվա վաղեմության տեսաերիզ է, իր աշխատակազմի մտահղացում էր, ուզել են քաղաքապետին անակնկալ անել, ինչից հետո իրենք էլ տեղադրել են տեսագրությունը համացանցում: «Ինչո՞ւ դրանից առաջ չէին բարձրաձայնում: Կամ, որ գալիս են եւ ոչ կոռեկտ հայտարարություններ են անում`նույն Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ փոխխոսնակը: Ի՞նչ ընտրարշավի մասին է խոսքը, եթե վեցամսյա վաղեմության տեսաերիզը հանում են ջրի երես»:

Ինքը`մարզպետը, ասում է, որ «մատ թափ կտար» իր աշխատակիցների վրա, եթե փորձեին իրեն նման անակնկալ մատուցել:

Վահե Հակոբյանն անդրադարձավ նաեւ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի`իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին: Վերջինս, հիշեցնենք, Սուրիկ Խաչատրյանի ընդդիմախոսներից էր, հիմա վերածվել է նրա պաշտպանի: «Ես անլուրջ եմ վերաբերվում Սամվել Հարությունյանի հայտարարություններին: Անհեթեթություններ է խոսում: Ընտրությունների արդյունքները պարզ կլինեն ամսի 6-ին: Բայց մի հայտնի անեկդոտ կա`կինն ամփոփում է ամուսնու ընտրության արդյունքը, ասում է`քեզ երեք ձայն են տվել, մեկը ես եմ, մյուսը`քույրդ, այ տղա, էս սիրուհի էլ ունե՞ս…»:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930