Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եղնուկյանը ցանկացել է կանխել արյունահեղությունը». բացարկ՝ դատախազ Պետրոս Պետրոսյանին (Տեսանյութ)

Նոյեմբեր 02,2017 13:07

2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Կարո Եղնուկյանի, Խաչատուր Գիչյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Վարդգես Գեւորգյանի եւ Մանվել Աթոյանի գործով հերթական դատական նիստում, որը նախագահում է դատավոր Արտուշ Գաբրիելյանը, այսօր պաշտպանական կողմից ներկայացվեց գործով մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանի դեմ ինքնաբացարկի միջնորդություն:

Ամբաստանյալներից Կարո Եղնուկյանի (որը մեղադրվում է «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ) շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը միջնորդությունը հիմնավորվեց այն փաստով, որ Եղնուկյանի գործով նախաքննությունը կոպիտ խախտումներով է ընթացել, քննչական մարմինը կեղծ ապացույցներ է ներկայացրել, դատախազությունն էլ պաշտպանել է դրանք:

«Պաշտպանական կողմին չեն տրամադրվել այն ապացույցները՝ երեք օրվա հեռախոսազանգերի գաղտնալսումները, որոնք ապացուցում են Կարո Եղնուկյանի անմեղությունը: Նա մտադրություն չի ունեցել օժանդակելու, այլ ցանկացել է կանխել արյունահեղությունը: Պետրոս Պետրոսյանը, որպես դատախազ, ձեւական հսկողություն է իրականացրել գործի հանդեպ: Եթե անգամ իրականացրել է, դա եղել է ուղղորդված: Մինչ օրս Եղնուկյանին առաջադրված մեղադրանքը եւ դրա հիմքերը պարզ չեն մեր համար»,-դժգոհեց Տիգրան Հայրապետյանը:

Գործով մյուս մեղադրող-դատախազ Արթուր Չախոյանը միջնորդության դեմ առարկեց՝ պնդելով, որ այն հիմնավոր չէ, իսկ նախաքննության ընթացքում օրենքով սահմանված կարգով Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել, որում հստակ շարադրված է՝ նա մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից երկու ծանր հանցագործություններին օժանդակելու մեջ:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930