Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մտածում ենք Արթուրի խոսքերը լինեն հուշարձանի վրա: Նա ասել էր՝ եթե ոչ ես, ապա ո՞վ». առաջարկ՝ Երևանում տեղադրել Հաց բերողի հուշարձան

Նոյեմբեր 02,2017 12:49

Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը կարևորում է, որ Երևանում լինի Հաց բերողին՝ Արթուր Սարգսյանին խորհրդանշող կոթող:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը տիկին Հովհաննիսյանը վստահեցրեց, որ Արթուր Սարգսյանը բացառիկ աստղի տակ ծնված մարդ էր, և այն պահին, երբ մարդկությունը կարոտ էր հոգևոր սննդի, երբ դարձել է նյութապաշտ, Արթուրն ապրում էր բոլորվին այլ փիլիսոփայությամբ. «Արթուրը շատ խորն անձնավորություն էր: Նա մեկ գիշերում դարձավ համայն հայության սիրելին իր այդ մեկ արարքով»:

Տիկին Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Արթուր Սարգսյանի հուշարձանի տեղադրման նախագիծը ծնվել է Անահիտ Թարխանյանի հուզական և մասնագիտական աշխատանքի շնորհիվ: Այնուհետև խնդրանքով դիմեց քաղաքային իշխանություններին. «Քաղաքային իշխանությունները, խորին իմ խնդրանքով, պիտի վերանայեն իրենց տեսակետը և թույլ տան ստեղծել այդ հուշարձանը, որը կլինի ոչ միայն քաղաքային վայր, այլև համայն հայության հավաքատեղի»:

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը ներկայացրեց Հաց բերողին խորհրդանշող հուշարձանի նախագիծը. «Արթուրի  մահից հետո առաջնային մտածում էինք քանդակի մասին, բայց հետո հասկացանք, որ այդ քանդակը շատ ավելի փոքր է, քան նրա էությունը: Եկանք այն գիտակցության, որ պետք է ձևավորել մի կոթող, որը կդառնա Արթուրի հոգու, վարքագծի, արարքի խորհրդանիշ: Հավասարություն, միասնականություն, ամրություն. դրան համարժեք մենք գտանք ֆորմա՝ խորանարդ: Հուշակոթողը խորանարդի տեսք ունի և Արթուրի պես բազմազան է: Այն կազմված է բազալտե սյուներից: Դրանք խորհրդանշում են Արթուրի էությունն՝ իր բնավորությամբ: Ենթադրում ենք, որ հուշարձանը կտեղադրվի Իտալիայի և Բեյրութի փողոցների արանքում ընկած պուրակում: Հուշարձանի նիստերից մեկի վրա դաջված է լինելու Արթուրի պատկերը: Երբ անձը մոտենում է հուշարձանին, չի տեսնում նրա պատկերը: Պտտվելու ժամանակ գալիս է մի պահ, մի կետ, երբ դաջվածքները, որ կան առանձին-առանձին սյուների վրա, միավորվում ու դառնում են Արթուրի պատկերը: Մտածում ենք նաև՝ Արթուրի խոսքերը լինեն հուշարձանի վրա: Նա ասել էր՝ եթե ոչ ես, ապա ո՞վ… Դիմում ենք քաղաքապետարանին, որ ընդառաջի, ընդունի այդ կարևորությունը, նայի դեպի ապագան և այդ մտքից ելնելով՝ որոշում կայացնի ու տա համաձայնություն Արթուրի հուշարձանը կանգնեցնելու համար»:

Քանդակագործ Գարեգին Դավթյանը, անդրադառնալով նախաձեռնությանը, հայտարարեց՝ այսօրվա համար ճիշտ գործ է սկսվում. «Մարդկային յոթ մեղքերի մեջ որպես կարևորագույն պիտի ընդգրկել նաև մարդկային անտարբերությունը. Արթուրի բառերը հենց այդ մեղքի դեմ են պայքարում: Ամբողջ չարիքը, մարդկային բացասական կողմերը հենց անտարբերության հետևանք են»:

Անահիտ Թարխանյանը տեղեկացրեց, որ դիմելու են քաղաքապետարան ճարտարապետական նախագծային առաջադրանք ստանալու համար, որպեսզի կարողանան սկսել աշխատանքները: Անդրադառնալով հուշարձանի արժեքին և դրա ֆինանսավորմանը՝ տիկին Թարխանյանը վստահեցրեց՝ ինչ էլ լինի արժեքը, հայ ժողովուրդը կգտնի այդ գումարները:

Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն էլ նկատեց. «Հուշարձանը բարձրացնելով՝ կփաստենք, որ արժանի ենք Արթուրին ու իր գաղափարներին, իր կենսակերպին ու ազնվությանը: Մեր քաղաքին նոր մշակույթ, նոր բովանդակություն, նոր ոճ ու ձև կբերի հուշարձանը: Պավլիկ Մորոզովներին պիտի գան փոխարինելու Արթուր Սարգսյանները, նաև թույլ տվեք հիշատակել իմ սիրելի բարեկամ Լևոն Հայրապետյանին: Հույս ունեմ, որ  առաջիկայում առիթ կունենանք առիթ ինչ-որ ձևով հարգանքի տուրք մատուցել նաև այդ մեծ բարերարին: Հուսամ՝ մեր քաղաքի ղեկավարները ողջամիտ կգտնվեն ու կունենան այդ պատվախնդրությունն այս գործն ավարտին հասցնել:

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930