Երեկ տեղի է ունեցել ՀՅԴ բյուրոյի եւ ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի հերթական համատեղ ընդլայնված նիստը, որի արդյունքում նաեւ հայտարարություն է տարածվել: ՀՅԴ-ի ղեկավար այս մարմինների նիստերը միշտ չէ, որ ավարտվում են հայտարարությամբ: Նման բան տեղի է ունենում միայն, եթե դրա անհրաժեշտությունը բխում է ներքաղաքական իրավիճակից:
Դաշնակցությունում դժգոհ են նաեւ կրթության ոլորտում տիրող վիճակից, բնական միջավայրի եւ ռեսուրսների կառավարման անարդյունավետությունից, ոլորտում ներդրումների համար դրական միջավայրի բացակայությունից եւ այլն: Ըստ էության, հայտարարությունից այնպիսի տպավորություն է, որ ՀՅԴ-ն այնքան էլ գոհ չէ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու արդյունքներից, որովհետեւ այն խնդիրները, որոնք նշվում էին, որ պետք է լուծվեն կոալիցիոն կառավարում ձեւավորելու արդյունքում, նույն տեղում դոփում են:
Կարեւոր է, որ հայտարարության մեջ առհասարակ նշված չեն կետեր, որոնք ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության արդյունքում ունեցած ձեռքբերումներ կներկայացվեին: Դա նշանակում է, որ այդպիսիք չկան, հակառակ դեպքում անպայման տեղ կգտնեին հայտարարության մեջ: Կամ եթե նույնիսկ կան, ՀՅԴ-ում ուղղակի անիմաստ են համարել դրանց մասին խոսելը, որովհետեւ այդ կոալիցիան իրականում արդեն անցյալում է, իսկ նոր կոալիցիա ձեւավորելու հետ կապված խորը կասկածներ կան:
Եթե ՀՅԴ-ում վստահ չեն, որ 2018-ին կրկին կառավարության մաս են կազմելու, ինչու ավելորդ գովերգություններով զբաղվել: ՀՅԴ-ի սույն հայտարարությունն իրականում ազդարարում է 2017-ի քաղաքական հուշագրի ավարտը եւ 2018-ի կառավարության շուրջ բանակցությունների սկիզբը: «Այս հաստատումների համատեքստում, քաղաքական համագործակցության շրջանակներում, ՀՅԴ-ն առաջնորդվելու է նախաձեռնողականության ու ինքնուրույնության գործելակերպով»,-ասվում է հայտարարության մեջ:
Նախաձեռնողականություն եւ ինքնուրույնություն բառերը իրականում նախազգուշական նշանակություն ունեն: Ընդ որում՝ Սերժ Սարգսյանը հայտարարության վերջում կգտնի նաեւ այն թիրախները, որոնց ուղղությամբ ՀՅԴ-ից հարվածներ կստանա, այն պարագայում, եթե որոշի ՀՅԴ-ին փոխարինել ԲՀԿ-ով՝ սոցիալական արդարություն, մարդկանց կյանքի որակ, ապագայի հանդեպ վստահություն, ազգային անվտանգություն, հովանավորչություն, կոռուպցիա, մենաշնորհներ:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում