Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպացի համանախագահողները ստիպված են եղել ընդհատել ու դիտողություն անել ադրբեջանցիներին

Նոյեմբեր 02,2017 15:03

«Եվրանեսթ»-ում ադրբեջանական պատվիրակության պահվածքն ու «Մահացու ինքնավար զենքի» մասին զեկույցի ընդունումը

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) լիագումար նիստին՝ նոյեմբերի 1-ին, Կիեւում ընդունվեց «Մահացու ինքնավար զենքի» կիրառումը կանոնակարգող բանաձեւի հրատապ նախագիծ:

Բանաձեւում կարեւորվում է նաեւ հակամարտության գոտիներում հետաքննության մեխանիզմների ներդրումը՝ նպատակ ունենալով բացահայտել եւ կանխարգելել այնպիսի մեխանիզմները, որոնք ուղղված կլինեն հակամարտության գոտիներին հարակից տարածքներում ապրող խաղաղ բնակչության նկատմամբ կամայական գործողությունների իրականացմանը:

«Եվրանեսթ» ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը փաստաթղթի վերաբերյալ որոշ պարզաբանումներ է ներկայացրել. «Հայկական պատվիրակության ներկայացրած բանաձեւը նախեւառաջ վերաբերում է վերջին սերնդի դրոնների (անօդաչու թռչող սարքեր) կիրառմանը: Այս կապակցությամբ հարկ է հիշատակել վերջին շրջանում Իսրայելի պաշտպանության նախարարության կողմից զենքի վաճառքի եւ արտահանման հետ կապված իսրայելական արտադրողի լիցենզիայի ժամանակավոր կասեցման նախադեպը՝ կապված Ադրբեջանի հորդորով Լեռնային Ղարաբաղում դիրքերի ուղղությամբ իրականացված հարվածների հետ»:

«Առավոտը» «Եվրանեսթ»-ում հայկական պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ այլ մանրամասներ կարող է ներկայացնել լիագումար նիստից, արդյոք ադրբեջանական կողմի մասնակցությամբ միջադեպեր եղե՞լ են, քանի որ բանաձեւին ադրբեջանական պատվիրակությունը դեմ է քվեարկել: Տիկին Թանդիլյանը պատասխանեց. «Ադրբեջանական պատվիրակությունը հրաժարվել է հակահայկական բոլոր դրույթներից: Ինչեւէ, խոսքի մեջ հիշատակեց Հայաստանը, սակայն դա զրոյական ազդեցություն ունի այլեւս: Եվրոպացի գործընկերները ամեն հարմար առիթով շեշտում են Հայաստանի պատվիրակության տարբերվող եւ բարձր մակարդակի արձագանքն իրավիճակին»:

Մեր հարցին՝ մասնավորապես ի՞նչ համատեքստում են ադրբեջանցի պատվիրակներն անդրադարձել Հայաստանին, Մանե Թանդիլյանը պատասխանեց. «Նույն անպտուղ «օկուպացված» տարածքների տեքստը»: Մեր այն հստակեցմանը՝ ինչպիսի՞ն է եղել հայկական պատվիրակության եւ եվրոպացի պատգամավորների արձագանքը, հայ պատգամավորը պատասխանեց. «Արձագանք լինում է միշտ եւ անընդհատ՝ բարձր կարգի: Ադրբեջանական տեքստերի մեջ, այսպես կոչված, «օկուպացված տարածքներ»-ի հատվածը, անկախ իր առնչությունից թեմայի հետ, միշտ ներառված է: Սա այն աստիճան արհեստական օրակարգ է հաճախ, որ անհեթեթ վիճակի մեջ է գցում ադրբեջանական պատվիրակությանը, քանի որ եվրոպացի համանախագահողները ստիպված են լինում ընդհատել եւ դիտողություն անել»:

Մանե Թանդիլյանը պատմեց, որ այս անգամ նման իրավիճակ է ստեղծվել կիբերանվտանգության թեմայի շրջանակներում քննարկմանը. «Հայկական պատվիրակության փաստարկված ելույթներից հետո ադրբեջանական կողմը փորձում էր հակադարձել թեմայի հետ առնչություն չունեցող տեքստերով: Ինչեւէ, հայկական պատվիրակությունը թե՛ քաղաքական, թե՛ բովանդակային հարթակներում պատշաճ կերպով ներկայացավ եւ հաջողեց անցկացնել հայկական կողմի՝ «Մահացու ինքնավար զենքի» մասին զեկույցը»:

Մեկ օր առաջ էլ «Եվրանեսթ»-ում անցկացվեց քննարկում՝ Արեւելյան գործընկերության հեռանկարի եւ մասնավորապես նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի վերաբերյալ: Մանե Թանդիլյանի հավաստմամբ՝ հիմնականում բանախոսները ողջունում էին գալիք հանդիպումը Բրյուսելում՝ հույս հայտնելով, որ այն բարեհաջող կընթանա եւ կհասնի ցանկալի արդյունքի:

Մեր այն դիտարկմանը՝ կարծիք կա, որ «Եվրանեսթ»-ի նկատմամբ ԵԽ պատգամավորներն առանձնապես հետաքրքրություն չեն ցուցաբերում եւ հարցին՝ Մանե Թանդիլյանն ի՞նչ տպավորություն ունի եւ ինչպե՞ս կարելի է «Եվրանեսթ»-ը որպես հարթակ օգտագործել, պատգամավորը պատասխանեց. «Հաշվի առնելով, որ երեք երկրներ՝ Մոլդովան, Վրաստանը եւ Ուկրաինան, արդեն ասոցացվել են, այլ աշխատանքային ձեւաչափ է նախատեսվում իրենց համար: Միեւնույն ժամանակ Հայաստանը եւս նախատեսում է ստորագրել շրջանակային համաձայնագիր, որն այլ մակարդակ կտեղափոխի Հայաստան-ԵՄ հարաբերությունները: Հետեւաբար ձեւաչափի արդիականությունը եւ արդյունավետությունը կարող են դառնալ քննարկման առարկա: Միեւնույն ժամանակ Եվրոպական խորհրդարանի մասնակցության որակն ու քանակը եւս հուշում են, որ ձեւաչափը վերանայման կարիք ունի: Ինչեւէ, սա միջազգային հարթակ է, որտեղ որոշակիորեն ընդհանրական խնդիրներ ունեցող Արեւելյան գործընկերության երկրները փորձում են քննարկումների միջոցով գտնել խնդիրների լուծման սեփական ուղիները՝ եվրոպացի գործընկերների օգնությամբ եւ առաջարկություններով: Կարծում եմ՝ շփումների այսպիսի ձեւաչափի կարիք կա, սակայն այն պետք է փոփոխական լինի եւ արդիականացվի՝ կախված երկրների զարգացման տեմպերից եւ բռնած ուղիներից»:

 

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

02.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930