Լրահոս
Օրվա լրահոսը

Համաշխարհային ժառանգությամբ զբաղվող գերմանացի. «Հայ տաքսիստը հարցրեց՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Եվրոպայո՞ւմ է, թե՞ ԱՄՆ-ում»

Նոյեմբեր 02,2017 11:16

ԻԿՕՄՕՍ/Հայաստան հ/կ-ի (Հուշարձանների միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտե) գրասենյակում նոյեմբերի 2-ին կազմակերպվել է սեմինար՝ Հայաստանից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում գտնվող Գեղարդավանքի պահպանության խնդիրների վերաբերյալ: Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի «Համաշխարհային ժառանգություն դիտարկում» կազմակերպության և Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Հայաստանի /ԻԿՕՄՕՍ/Հայաստան հ/կ/ մշակութային ժառանգության պահպանության խնդիրներով զբաղվող կազմակերպությունների համագործակցությամբ: Ծրագրի շրջանակում առաջարկվում են գործողություններ, որոնք կնպաստեն Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի և Հայաստանի Համաշխարհային մշակութային ժառանգության արժեքների պահպանությանը, կզարգացնեն Համաշխարհային մշակութային ժառանգության կոնվենցիայի հասկացությունը՝ որպես համընդհանուր արժեքների պահպանության և իրազեկման գլխավոր գործիք, կամրապնդեն կապերը և կհեշտացնեն փորձի փոխանակումները Համաշխարհային ժառանգության պահպանության գործով զբաղվող հասարակական կազմակերպությունների միջև: ԻԿՕՄՕՍ/Հայաստանի գլխավոր քարտուղար Գոհար Գևորգյանը ներկայացրեց ծրագրի կարեւորությունը:

ԻԿՕՄՕՍ/Հայաստանի նախագահ Գագիկ Գյուրջյանը նշեց, որ կարեւոր է համաշխարհային ժառանգության ցանկերում որեւէ երկրից պատմամշակութային արժեք ունենալը: Նրա ձեւակերպմամբ, մեր երկիրը, ցավոք, քիչ արժեքներ ունի այդ ցանկերում, մինչդեռ կարող ենք հավակնել ավելիին: «Մեր նյութական արժեքների ցանկը չի թարմացվել, թեեւ կան արդեն որոշ քայլեր: Մենք պետք է համաշխարհային մշակութային ժառանգության ցանկերում մեր արժանապատիվ տեղն ունենանք, մանավանդ մեր երկիրը տուրիզմը հայտարարել է գերակա ոլորտ: Այս համատեքստում, միջազգային փորձագետների անդրադարձը համաշխարհային մշակութային ժառանգության ցանկերին այսօր շատ արդիական է»,- ասաց պարոն Գյուրջյանը:

Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը կարեւորեց, որ սեմինարը գեղեցիկ վայրում՝ պատմամշակութային հուշարձան համարվող շենքում է անցկացվում: «Վերջին տարիներին մեզ մոտ բավականին լուրջ աշխատանքային խմբի կողմից աշխատանքներ են տարվում միջնադարյան հուշարձանների եւ թե խորհրդային ժամանակաշրջանի ճարտարապետության առումով»,-ասաց փոխնախարարը:

«Յուրաքանչյուր հ/կ, որ ուսումնասիրում է հուշարձանները, միությունները, համալսարանները պետք է նպատակադրված տեղ հասցնի հուշարձանների պահպանության կարեւորությունը»,- ասաց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը հայտնեց, որ կարեւորում են նման ձեռնարկները. «Մեր նախնիները կերտել են մշակույթի գոհարներ, որոնք փոխանցվել են սերնդեսերունդ, որոնք այժմ մենք ենք տնօրինում: Եվ հավատացյալ այցելուները, եւ զբոսաշրջիկները պետք է իրազեկված լինեն, որպեսզի համապատասխան վերաբերմունք ունենան մշակութային ժառանգության հանդեպ…Եկեղեցիները կամ վանքերը, որոնք դարձել են համաշխարհային ժառանգության մաս, անկենդան հաստատություններ չեն, դրանք պետք է ունենան զարգացման հեռանկարներ»:

Բեռլինի «Համաշխարհային ժառանգության դիտարկում» հ/կ -ից Ստեֆան Դենկեն պատմեց իր՝ Ռուսաստանի հետ կապված փորձառության ու այն խնդիրների մասին, որոնք եղել են Բորիս Ելցինի նախագահության տարիներին: «Երեկ հայ տաքսու վարորդն ինձ էջմիածնից վերադառնալիս հարցրել է, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ն ԱՄՆ-ո՞ւմ է, թե՞ Եվրոպայում, նույն բանը ինձ հարցրել են նաեւ Ալյասկայում: Մարդիկ պետք է տեղեկացված լինեն, թե որն է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը…Համաշխարհային ժառանգություն հ/կ-ն փորձում է ստեղծել խաղաղություն մշակույթի օգնությամբ»:

Նրա համոզմամբ, ինչպես հայերը, այնպես էլ գերմանացիները մշակույթը պահպանում են բոլորի համար. «Մեծ ու փոքր ազգեր չկան, բոլորի նպատակը մեկն է՝ պահպանել համաշխարհային մշակութային ժառանգությունը»

Սեմինարից հետո նախատեսված է հյուրերի այցը Գեղարդավանք:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930