Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը իրավիճակին արձագանքում է այնպես, ինչպես ի վիճակի է եւ կարողանում է. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 02,2017 11:01

Պետք է ընդունել, որ սոցիալական ապակազմակերպման նշանները վերջին 25 տարիներին մեզանում քրոնիկական բնույթ ունեն։ Դրանց կարելի է ականատես լինել ինչպես երկրի առանձին տարածաշրջաններում, այնպես էլ որոշակի սոցիալական միջավայրերում։

Նման երեւույթը նկատելի է նախեւառաջ մարզերում։ Որքան հեռու մայրաքաղաքից, այնքան ավելի դեպրեսիվ է դառնում կյանքի մթնոլորտը, ավելի աղքատ մարդիկ, եւ գնալով նվազում պահանջմունքները, ցանկությունները եւ այլն։ Եվ գնալով ավելանում են այդպիսի կյանքում անլուծելի խնդիրները։

Իհարկե, կառավարությունը փորձում է փոխել կացությունը, մշակում ինչ-ինչ ծրագրեր։ Սակայն կա խորհրդային ժամանակների այսպիսի կատակ. «Իշխանությունը կատարած աշխատանքի մասին հաշվետու է լինում ապագայի ծրագրերով»։

Բայց, իհարկե, խնդիրը ծրագրեր կազմողներն ու այս կամ այն նախագծի գնահատման որակական չափորոշիչները չեն։ Այլ այն, որ դրանց իրականացումն ընթանում է դանդաղ, նախատեսվածից շատ բան մնում թղթի վրա։ Մի շարք դեպքերում ընթացիկ որոշումների եւ գործողությունների մեջ նկատելի են միանգամայն այլ շահեր, որոնք միտված չեն հասարակության զարգացմանը։

Չնայած բոլոր ամպագոռգոռ հայտարարություններին՝ բնակչությունը, քաղաքացիները մեծապես կախում ունեն պետությունից, որին իրական կյանքում ներկայացնում է չինովնիկական զանգվածը։ Իսկ սրանք էլ քիչ են շահագրգռված զարգացման ինչ-ինչ մոդելների հարցում։ Դրա հետեւանքով նվազում է մարդկանց սոցիալական ակտիվությունը, աճում անվստահությունը ֆինանսական համակարգի, դատական ու օրենսդիր իշխանության, կուսակցութունների, իրավապահների նկատմամբ։
Վատ են գործում բնակչության տարբեր՝ մեծ ու փոքր խմբերի խնդիրների ներկայացման մեխանիզմները։ Նրանց շահերն ու պահանջմունքները չեն վերածվում լուծումներ պահանջող քաղաքական խնդիրների։

Կարծում ենք, այստեղ կարեւոր է առանձնացնել հենց կարճաժամկետ ծրագրերն ու փորձել հասկանալ, թե ինչպես են դրանք հարաբերակցվում երկարաժամկետ նպատակներին, եթե այդպիսիք կան։

Իհարկե, իշխանությունը տիրապետում է իրավիճակին եւ գերազանց տեղյակ է իրադրությանը։ Բայց դրան արձագանքում է այնպես, ինչպես ի վիճակի է եւ կարողանում է՝ դիտարկելով բոլոր հարցերն առավելապես սոցիալական լարվածության եւ իրեն սպառնացող հնարավոր վտանգների տեսանկյունից։ Այսինքն՝ զուտ բյուրոկրատաբար։

Իսկ առանց շահերը ներկայացնելու, դիրքորոշումների ու կարծիքների բազմազանության, հրապարակայնության ոլորտը կտրուկ սահմանափակվում է։ Մարդիկ, կորցնելով իրենց խնդիրների քննարկմանը մասնակցելու հնարավորությունը, կորցնում են նաեւ հետաքրքրությունը քաղաքականության նկատմամբ, աճում են հասարակական անտարբերությունն ու յուրօրինակ ֆատալիզմը։

Այլ կերպ ասած, խնդիրները չեն լուծվում կամ լուծվում են դանդաղ ու կիսատ-պռատ, ուստիեւ հասարակության մի մասը գտնվում է նյարդայնության ու անելանելիության վիճակում, նրանք դժգոհ են կյանքից ու շրջապատից։ Տնտեսության աճի մասին կառավարության հայտարարությունները չեն կարող լավատեսություն ներշնչել մարդկանց, եթե վերջիններս իրենց կյանքում դա չեն զգում։

Ինչպե՞ս են վերաբերվում քաղաքացիները կյանքի այսօրվա պայմաններին։
Կան, բնականաբար, նրանք, ովքեր համարում են, թե «նման իրավիճակը հանդուրժել այլեւս չի կարելի»։ Կան, հակառակը, լավատեսներ, որոնք հայտարարում են. «Ամեն ինչ այնքան էլ վատ չէ, ապրել կարելի է»։ Դրանք հիմնականում երիտասարդ եւ կիրթ մարդիկ են, շարժուն, ակտիվ, ընդունակ ոչ թե պարզապես հարմարվելու շրջակա կյանքին, այլեւ օգտագործելու բացվող նոր հնարավորությունները վաստակի, կարիերայի աճի համար։

Վարդան Բարսեղյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930