Մայրաքաղաքի փողոցներում ամեն քայլափոխի քաշված «կարմիր գծերը», որոնք ի սկզբանե նախատեսված էին ավտոկայանատեղիի ծառայություն մատուցելու տարեկան կտրվածքով կամ օրական գումարներ վճարած վարորդներին, վերածվել են մեկ այլ ծառայություն մատուցող օբյեկտի` «ավտոշուկայի», վարձակալությամբ տրվող ավտոմեքենաների հանգրվանի: Այսինքն` վարորդը, որը գումարներ է վճարում վճարովի այս ավտոկայանատեղիից օգտվելու, մի շարք փողոցներում կանգնելու տեղ չի գտնում, քանի որ այդ գծերը օրը 24 ժամ զբաղեցված են վաճառքի հանված կամ վարձակալությամբ տրվող ավտոմեքենաներով: Այդ վիճակն է կենտրոնական Բաղրամյան պողոտայում, Մաշտոցի պողոտայի երկու կողմերի երկայնքով եւ մայրաքաղաքի մի շարք բանուկ փողոցներում:
Լուսանկարում Մաշտոցի պողոտայի «կարմիր գծերն» են, որտեղ ամիսներ շարունակ կայանած ավտոմեքենաները տրվում են վարձակալությամբ: Ստացվում է, որ ե՛ւ տեղի գումարն է վարձատուի վրա էժան նստում, ե՛ւ ավտոմեքենաները ապահով ձեռքերում են` տեսախցիկների հսկողության ներքո: «Կարմիր գծերի» պատասխանատուն «Փարկինգ սիթի սերվիս»-ն է:
Լուսանկարը` ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ