Հայաստանում կան մարդիկ, որոնք Ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենքի մոլեռանդ հակառակորդներն են: Նրանք կարծում են, որ այդ օրենքն ընդունելու դեպքում հայկական ընտանիքները քանդվելու են. պետությունը երեխաներին խլելու է ծնողներից, եթե վերջիններս ասեն՝ «գնա, դասդ սովորիր», կանանց խլելու են ամուսիններից, եթե ընտանիքում վեճ առաջանա եւ այլն: Այդ խմբում ընդգրկված մարդկանց մի մասն անգամ կարծում է, որ չարամիտ եվրոպացիները հատուկ են սարքել Արմավիրի մանկապարտեզի միջադեպը՝ այդ «ընտանիքաքանդ» օրենքի քարոզչությունն իրականացնելու համար:
Հայաստանում կան նաեւ մարդիկ, տվյալ դեպքում ավելի ճիշտ կլինի ասել՝ կանայք, կանանց կազմակերպություններ, որոնք Ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենքի մոլեռանդ կողմնակիցներ են: Հայկական ընտանիքներում երբեմն կատարվող սահմռկեցուցիչ դեպքերը նկարագրելով՝ նրանք համարում են, որ օրենքի ընդունմամբ այդ դեպքերն այլեւս չեն կրկնվի: Եվ եթե որեւէ մեկը կասկածում է, որ այդ օրենքի ընդունմամբ որեւէ բան կփոխվի, ապա այդ մեկը բռնության կողմնակից է, խտրականության քարոզիչ եւ մութ ուժերի ներկայացուցիչ:
Իհարկե, նորմալ է, որ մարդիկ ունեն իրենց համոզմունքները, եւ շատ լավ է, որ նրանք հնարավորություն ունեն դրանք արտահայտելու: Բայց ամենազավեշտականն այն է, որ երկու կողմերն էլ… դժգոհ են «Առավոտից»: Նրանք այնքան խրված են բանավեճի մեջ, որ ցանկանում են, որ բոլորը հայտնվեն կա՛մ իրենց, կա՛մ հակառակորդի խրամատում:
«Դուք ազգուրաց եք»` նման արտահայտություններով են մեզ մեղադրում այն մարդիկ, որոնք վստահ են առաջարկվող նախագծի «տնաքանդ» բնույթի մեջ: «Ինչո՞ւ եք նրանց ամբիոն տալիս: Չէ՞ որ նրանց ասածներն անհիմն են»,- դժգոհում են ֆեմինիզմին հակված տիկնայք: Այստեղ կարեւորը ոչ թե խռովահույզ պիտակներն են` «ապազգային», «ազգուրաց», «թրքաբարո», «Վասակ Սյունի» եւ այլն, ոչ էլ մեզ դատավորի դեր վերագրելը, ըստ որի` մենք պետք է որոշենք, թե ինչն է հիմնավոր եւ ինչը՝ անհիմն: Հետաքրքիրն այստեղ մեղադրանքները չեն (անձամբ ես 25 տարում շատ ավելի թունդ մեղադրանքներ եմ լսել): Շատ ավելի հետաքրքիր է այն հանգամանքը, որ ցանկացած ուղղության մոլեռանդ կողմնակիցները շատ նման են իրար մի հարցում` մեղադրել նրանց, ովքեր զուսպ եւ չափավոր դիրքորոշում ունեն:
Ինչ մնում է բուն խնդրին, ապա կարող եմ հայտնել բացառապես իմ անձնական դիրքորոշումը («Առավոտի» մյուս աշխատակիցները կարող են այլ կարծիք ունենալ): Օրենքի ընդունումն այնքան էական չէ, որքան շարժումը դեպի մի հասարակություն, որտեղ ավելի քիչ են լինելու բռնությունը, ագրեսիան, անհանդուրժողականությունը: Օրենքն այստեղ կարող է, պայմանականորեն ասած, 5 տոկոսանոց դեր խաղալ: Մնացած 95 տոկոսը կախված է հասարակության կամքից:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
է որ էդպես է, էտ 5 տոկոսի համար ինչի՞ եք սենց 95 տոկոսանոց շուխուռ արել