Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«96-ին ես չեմ երազել կոստյում հագնել, ես 96-ին հագել եմ»

Նոյեմբեր 02,2017 14:00

Ընդդիմադիրները 2018-ի բյուջեի նախագիծը որակում են
«յոլա գնալու», ՀՀԿ-ականները՝ իրատեսական եւ կայունացման

«Ես դադարել եմ թվերին հավատալուց, ինձ համար չափանիշը մարդկանց վիճակն է: Օր օրի ահագնացող արտագաղթի, օր օրի աղքատության ավելացման պայմաններում ինչպիսի թվաբանություն ուզում ես ցուցադրի՝ կոնկրետ իմ մտահոգությունները դա չի փարատում»,- «Առավոտի» հետ զրույցում խոսելով 2018-ի բյուջեի նախագծից իր տպավորությունների մասին՝ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը բյուջեի նախագծի եւ մարդկանց ակնկալիքների մասին խոսելիս ասաց, որ «96 թվականին մենք բրենդին չէինք նայում, երազում էինք ունենալ կոստյում»: Ըստ նրա՝ սպառողի հոգեբանությունն այն է, որ անընդհատ նոր պահանջներ է ունենում: Գեւորգ Պետրոսյանի խոսքով՝ «96-ին ես չեմ երազել կոստյում հագնել, որովհետեւ ես 96-ին հագել եմ: Եթե ոմանց համար դա եղել է երազանք, ինձ համար դա եղել է իրականություն, բայց մի՞թե մենք պետք է այդ ձեւաչափով մոտենանք՝ 96-ին ինչ էին երազում, հիմա՝ ինչ: Առավել եւս ասեմ, որ 96-ին դեռ հույս կար, մարդիկ, այսպես ասած, թունելի վերջում լույս էին տեսնում, իսկ 2017-ին, ցավոք սրտի, այդ լույսը կամ չկա, կամ շատերն արդեն չեն տեսնում»:

Ըստ Գեւորգ Պետրոսյանի՝ սա բոլորովին էլ հավակնոտ բյուջե չէ, ինչպես փորձում են ներկայացնել ՀՀԿ-ականները. «Ինձ համար չի կարող հավակնոտ լինել: Եթե չեմ սխալվում, 3 մլրդ-ի խնայողություն է նախատեսվում՝ դարձյալ մի քանի հազար աշխատողների աշխատանքի հաշվին: Բա այդ մարդկանց կյանքի հարցերը ո՞վ պետք է լուծի: Ինչքա՞ն կարող ենք անունը դնել բյուջեի ծախսերի կրճատում եւ մարդկանց զրկել աշխատանքից, զրկել միակ օրինական եկամտից, միակ լեգիտիմ աղբյուրից եւ ասել՝ մենք սոցիալական պետություն ենք կառուցում, հայտարարել, որ մեր նպատակներն ուղղված են բարեկեցիկ Հայաստան, բարգավաճ Հայաստան կառուցելուն: Ես պարզապես չեմ հավատում»:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը նույնպես ամբիցիոզ չի համարում այս բյուջեի նախագիծը. «Իհարկե, բացարձակ հավակնոտ չի, եղածի մեջ մի կերպ տեղավորվող, եղածն ուղղակի մեկնաբանող, երկարաժամկետ ծրագրեր չունեցող, յոլա տանող բյուջե է: Նախարարները, շահագրգիռ կողմերը, ովքեր ներկայացնում են, եղածի շրջանակներում են ներկայացնում, ոչ ավելին: Որեւէ ծրագիր, որ 5-10 տարի հետո մի արդյունք է լինելու, չկա այդպիսի բան»:

Վարչապետը 5 տոկոսանոց տնտեսական աճ է խոստանում, կա՞ն դրա համար հիմքեր՝ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Թվերն ու իրականությունը, ցավոք, մեր երկրում բացարձակ այլ են, իր թվերով համընկնում են, իմ տեսակետով՝ 1 տոկոս էլ չի համընկնում: Կան գերկարեւոր հարցեր, որոնք բարձրաձայնվեցին, մասնավորապես, տրանսպորտի նախարարին հարցրի Հայաստան-Իրան երկաթգծի մասին՝ հնգամյա ծրագրում կա՞, թե՞ ոչ: Ինքը պատասխանեց, որ այն կազմակերպությունը, որը վերցրել է այսօր «Հայկական երկաթուղին», իր պայմանագրում ունի նշված, որ այդ երկաթուղին պիտի կառուցի, թե երբ, ինչ, ոնց՝ չկա պատասխան: Էներգետիկայի փոխնախարարին հարցրի՝ նոր ատոմակայանը կառուցվելո՞ւ է, թե՞ ոչ, երաշխավորված հոսանք է պետք՝ ինքն ասաց, որ հիմա իրենք լուծում են մի խնդիր՝ եղած ատոմակայանի հզորությունները պաշտպանելու եւ երկարաձգելու: Երբ որ այդ խնդիրը լուծեն, պրծնեն, նոր դրանից հետո կնայեն նոր ատոմակայանի խնդիրը:

Հեռանկարային որեւէ բան չկա: ԱՄՆ դեսպանը 8 մրդ դոլարի առաջարկ արեց վերականգնվող էլեկտրաէներգիայի ոլորտի վերաբերյալ, գիտեք, 8 մլրդ-ի հոսքը ՀՀ տնտեսություն ուղղակի հեղափոխական փոփոխություններ կառաջացներ: Հարցին՝ հետաքրքրվա՞ծ եք արդյոք այդ առաջարկով եւ ինչ-որ քայլ արե՞լ եք, թե՞ ոչ՝ ուղղակի պատասխան չունեին: Երբ հարցրի՝ քամու էներգետիկայի քարտեզներ ունե՞ք, կան շահագրգռված մարդիկ արտերկրից, երկրի ներսում գործարարներ կան, քամու էներգետիկ հողմապտույտներ են ուզում դնել, ասում է՝ քարտեզները մենք ունենք: Թե որտե՞ղ են այդ քարտեզները, շահագրգիռ մարդը ո՞նց կարող է իմանալ՝ չունեն պատասխան: Եթե ներդրումներ ես ուզում, այդ քարտեզները ճոխացրած թվերով, վարչապետի 5 տոկոսի չափ ու ավելի ճոխացրած պիտի աշխարհով մեկ դրած լինեին, որ այդ ոլորտի մարդը բացեր, ասեր՝ վա՜յ, Հայաստանում էս ի՞նչ քամիներ կան, տանեմ, հողմաղացներ դնեմ, փող աշխատեմ: Իսկ այդ քարտեզները եսիմ որտեղ դրել են, նստել են վրաները ու ասում են՝ ներդրում չի՛ կարող լինել: Արեւի էներգիայի ոլորտն էլ ինչ-որ փակ են պահում հատուկ ծանոթների համար՝ փեսա-խնամիների եւ այլն, ու այստեղ որեւէ երրորդ մարդ չի կարող բերել: Այս համակարգի պարագայում փորձում են զուտ փող ապահովող օրվա խնդիր լուծել, հետեւաբար իրենց բյուջեն էլ չի կարող ամբիցիոզ լինել, երկարաժամկետ ծրագրեր պարունակել: Ժամանակավոր են, իրենք չգիտեն՝ վաղը իրենք վարչապե՞տ են, թե՞ չէ, ինչ իմանան՝ իրենց բյուջեն 5 տարի հետո ինչ է բերելու կամ բերելո՞ւ է, թե՞ չէ»:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ ասաց, որ բյուջեի նախագծին սենսացիոն որակումներ չի տա, ինչպես ընդդիմությունը. «Ես կասեմ՝ իրատեսական, կայունացման բյուջե է, որը հնարավորություն կտա 4.5-5 տոկոս տնտեսական աճ ապահովել եւ հետագա տարիների համար՝ աշխատավարձերի բարձրացում: Ի սկզբանե բյուջեն պետք է այդպիսին լիներ, մենք այդպես էլ սպասում էինք, մեկ անգամ չի, որ հայտարարել ենք՝ 2018-ը մեզ համար լինելու է կայունացման տարի, որովհետեւ միայն կայունացումից հետո մենք կարող ենք խոսել ավելի հավակնոտ տնտեսական աճի եւ աշխատավարձերի բարձրացման մասին: Եթե մեր հարեւան երկրներում աճը 1-2 տոկոս է, 4.5 տոկոս աճը իրատեսական է, դժվար է ակնկալել երկնիշ տնտեսական աճ: Իսկ ընդդիմադիրները, արդեն 11-րդ բյուջեն է, որ քննարկում ենք, միշտ էլ իրենց համար դրական չի եղել, յոլա գնալու, հետընթացի բյուջե են ասել»:

Հարցին՝ բնակչության կենսամակարդակը կարո՞ղ է բարձրանալ այս բյուջեով, Շարմազանովը պատասխանեց. «Այս բյուջեի խնդիրն է եղել կայունացումը: Մենք երկնիշ տնտեսական աճ ենք ունեցել, եւ նույնիսկ այդ պարագայում բնակչությունն անմիջապես չի կարողացել իր վրա զգալ այդ դրական տեղաշարժերը»:

Մեր դիտարկմանը, որ 4 տոկոս էլ գնաճ է կանխատեսվում, եւ չկա կենսաթոշակի, աշխատավարձի բարձրացում, սա չի՞ խոսում, որ կենսամակարդակը մի բան էլ իջնելու է, Շարմազանովը պատասխանեց. «Դե հիմա ի՞նչ անենք: Այո, չի նախատեսվում աշխատավարձի, կենսաթոշակի բարձրացում, որտեղի՞ց: Ռեսուրսը ասեք: Օդից մանանա չի: Ես պոպուլիստ չեմ, որ ասեմ՝ 20 տոկոս տնտեսական աճ, այդ ասողները թող մի հատ ծրագիր բերեին դնեին: Այսքան քննադատում են, թող մի կուսակցություն բերեր իր այլընտրանքային բյուջեի նախագիծը»:

Երբ փոխանցեցինք ընդդիմության պատասխանը, որ մենք գանք իշխանության՝ կանենք, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Թող գան: Որ ժողովուրդը իրենց ձայն չի տվել՝ Շարմազանո՞վն է մեղավոր: 2022-ին թող կրկին փորձեն»:

ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն էլ ասաց. «Բյուջեի առջեւ դրած խնդիրը ապագա ժամանակահատվածներում կայուն զարգացման նախադրյալներ ստեղծելն է: Այն, ինչ հիմա մենք անելու ենք, դա նպաստելու է, որ հետագայում մենք կարողանանք երաշխավորված աճ ապահովել, այս բյուջեի իմաստը սա է: Սա կայունացման անշրջելի երաշխիքներ է տալու, որը հնարավորություն կտա ազգաբնակչության կենսամակարդակի բարձրացման համար անհրաժեշտ ռեսուրսներ կուտակել»:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

01.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930