Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրասիական Հայաստանի եվրոպական ապագան-2

Նոյեմբեր 02,2017 12:00

Սկիզբը՝ այստեղ

Տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը՝ համագործակցության առանցքային գործոն

Հոկտեմբերի 13-ին հրապարակված Հայաստան-ԵՄ նախաստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի նպատակները եւ ընդհանուր սկզբունքները բաժնում որպես նպատակներն են սահմանվում՝ նպաստելը ՀՀ-ում ժողովրդավարության եւ քաղաքական, տնտեսական ու ինստիտուցիոնալ կայունության ամրապնդմանը, խթանելը, պահպանելն ու ամրապնդելը խաղաղությունը եւ կայունությունը ե՛ւ տարածաշրջանային, ե՛ւ միջազգային մակարդակներով, այդ թվում` լարվածության աղբյուրները վերացնելու համար ջանքերը համախմբելու, սահմանային անվտանգությունը ուժեղացնելու միջոցով, ինչպես նաեւ միջսահմանային համագործակցությունն ու բարիդրացիական հարաբերությունները խթանելով: Ինչպես նաեւ որպես նպատակ են նշվում՝ «ընդլայնել համագործակցությունն ազատության, անվտանգության եւ արդարադատության ոլորտում` նպատակ ունենալով ամրապնդել օրենքի գերակայությունը եւ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը, ընդլայնել շարժունակությունը եւ տարբեր երկրների մարդկանց միջեւ շփումը, եւ աջակցել ՀՀ-ին միջազգային համագործակցության միջոցով, այդ թվում՝ օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանը մոտեցնելու միջոցով»:

Ընդհանուր սկզբունքներում, մասնավորապես, նշվում է, որ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում եւ 1990թ. Նոր Եվրոպայի փարիզյան խարտիայում, ինչպես նաեւ մարդու իրավունքների վերաբերյալ համապատասխան այլ փաստաթղթերում, ինչպես օրինակ՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում, ամրագրված ժողովրդավարական սկզբունքների, օրենքի գերակայության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը Կողմերի ներքին եւ արտաքին քաղաքականության հիմքն է եւ սույն Համաձայնագրի կարեւոր տարրը: Կողմերը վերահաստատում են ազատ շուկայական տնտեսության սկզբունքների, կայուն զարգացման, տարածաշրջանային համագործակցության եւ արդյունավետ բազմակողմանիության վերաբերյալ իրենց հանձնառությունը: Բացի այդ, կողմերը կրկին հաստատում են իրենց կողմից արդյունավետ կառավարման սկզբունքների, ինչպես նաեւ իրենց միջազգային պարտավորությունների նկատմամբ հարգանքը, մասնավորապես այն պարտավորությունների, որոնք բխում են ՄԱԿ-ից, Եվրոպայի խորհրդից եւ ԵԱՀԿ-ից: Ինչպես նաեւ կողմերը պարտավորվում են պայքարել կոռուպցիայի դեմ, պայքարել անդրազգային կազմակերպված հանցավորության եւ ահաբեկչության տարբեր տեսակների դեմ: «Հանձնառությունը համարվում է Կողմերի միջեւ հարաբերությունների եւ համագործակցության առանցքային գործոնը եւ նպաստում է տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը»,- ասվում է ընդհանուր սկզբունքներում:

Ժողովրդավարական սկզբունքների ամրապնդում, օրենքի գերակայություն, մարդու իրավունքներ ու հիմնարար ազատություններ

Քաղաքական երկխոսության նպատակներ բաժնում ասվում է, որ հետագայում պետք է կողմերի միջեւ սկսվի եւ ամրապնդվի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտների, այդ թվում` արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի, ինչպես նաեւ ներքին բարեփոխումների շուրջ քաղաքական երկխոսություն: «Այդ երկխոսությամբ կբարձրացվի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի շուրջ քաղաքական համագործակցության արդյունավետությունը` ընդունելով ՀՀ-ի կողմից՝ միջազգային կազմակերպություններում եւ համագործակցության ձեւաչափերում իր մասնակցությանը եւ դրանից բխող իր առկա պարտավորություններին տրվող կարեւորությունը»: Քաղաքական երկխոսության նպատակներից են՝ «զարգացնել եւ ամրապնդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտների վերաբերյալ քաղաքական երկխոսությունը, ընդլայնել քաղաքական գործընկերությունը եւ բարձրացնել արտաքին եւ անվտանգության քաղաքականության ոլորտում համագործակցության արդյունավետությունը, արդյունավետ բազմակողմանիության հիման վրա խթանել միջազգային խաղաղությունը, կայունությունը եւ անվտանգությունը, ամրապնդել միջազգային անվտանգության եւ ճգնաժամի կառավարման շուրջ Կողմերի միջեւ համագործակցությունը եւ երկխոսությունը՝ մասնավորապես համաշխարհային եւ տարածաշրջանային մարտահրավերները եւ դրանց հետ կապված սպառնալիքները հաղթահարելու նպատակով»:

Ինչպես նաեւ սահմանվում են հետեւյալ նպատակները՝ «ամրապնդել ժողովրդավարական սկզբունքների, օրենքի գերակայության, արդյունավետ կառավարման եւ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցների ազատության եւ փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների նկատմամբ հարգանքը, եւ նպաստել համախմբված ներքին քաղաքական բարեփոխումներին, զարգացնել Կողմերի երկխոսությունը եւ խորացնել դրանց միջեւ համագործակցությունն անվտանգության եւ պաշտպանության ոլորտում, խթանել հակամարտությունների խաղաղ կարգավորումը, խթանել ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված դրա նպատակներն ու սկզբունքները եւ մասնակից պետությունների միջեւ հարաբերություններն ուղղորդող սկզբունքները՝ ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված կարգով, եւ խթանել տարածաշրջանային համագործակցությունը, զարգացնել բարիդրացիական հարաբերությունները եւ բարձրացնել տարածաշրջանային անվտանգության մակարդակը, այդ թվում՝ տարածաշրջանային առեւտուրը եւ միջսահմանային տեղաշարժը խթանելու համար սահմանները բացելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելով»:

Հակամարտությունների խաղաղ կարգավորում՝ ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից վարվող բանակցություններով

Համաձայնագրի «Արտաքին եւ անվտանգության քաղաքականությունը» բաժնում սահմանվում է, որ կողմերը պետք է ակտիվացնեն արտաքին եւ անվտանգության քաղաքականության, այդ թվում` ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության ոլորտում իրենց երկխոսությունը եւ համագործակցությունը` ընդունելով ՀՀ-ի կողմից՝ միջազգային կազմակերպություններում եւ համագործակցության ձեւաչափերում իր մասնակցությանը եւ դրանից բխող իր առկա պարտավորություններին տրվող կարեւորությունը, ինչպես նաեւ պետք է լուծեն, մասնավորապես, հակամարտության կանխարգելման եւ ճգնաժամի կառավարման, ռիսկի նվազեցման, կիբերանվտանգության, անվտանգության ոլորտի բարեփոխման, տարածաշրջանային կայունության, զինաթափման, չտարածման, զենքի վերահսկման եւ արտահանման վերահսկման հետ կապված կոնկրետ խնդիրներ: Բացի այդ, նշվում է, որ համագործակցությունը պետք է հիմնված լինի ընդհանուր արժեքների եւ փոխադարձ հետաքրքրությունների վրա եւ պետք է ուղղված լինի դրա արդյունավետության բարձրացմանը՝ օգտվելով երկկողմ, միջազգային եւ տարածաշրջանային հարթակներից, մասնավորապես՝ ԵԱՀԿ-ի, եւ որ կողմերը վերահաստատում են միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի վերաբերյալ իրենց հանձնառությունը՝ ներառյալ այն սկզբունքներն ու նորմերը, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի կանոնադրության մեջ եւ ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում:

Իսկ «Տարածաշրջանային կայունությունը եւ հակամարտությունների խաղաղ կարգավորումը» հոդվածում՝ կարդում ենք, որ «հետագա տարածաշրջանային համագործակցության պայմանները բարելավելու համար Կողմերը պետք է ակտիվացնեն իրենց համատեղ ջանքերը՝ խթանելով անդրսահմանային տեղաշարժով բաց սահմանների առկայությունը, բարիդրացիական հարաբերությունները եւ ժողովրդավարական զարգացումը՝ այդպիսով նպաստելով կայունությանը եւ անվտանգությանը, ինչպես նաեւ պետք է աշխատեն հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ»: Այնուհետեւ «նշված ջանքերը պետք է հաջորդեն միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման ընդհանուր սկզբունքներին, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում եւ այլ համապատասխան բազմակողմ փաստաթղթերում, որոնց Կողմերը միավորվել են: Կողմերն ընդգծում են հակամարտությունների խաղաղ կարգավորման համար համաձայնեցված առկա ձեւաչափերի կարեւորությունը»:

Ի թիվս համաձայնագրի շրջանակում վերահաստատվող մի շարք հարցերի՝ ստորագրվելիք համաձայնագրում անդրադարձ է կատարվում նաեւ Արցախյան հակամարտությանը: Այստեղ ասվում է. «Ընդունելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ երկարատեւ կարգավորման համար Հայաստանի Հանրապետության հանձնառության կարեւորությունը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վարվող բանակցությունների շրջանակներում այդ կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու անհրաժեշտությունը. ընդունելով նաեւ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ եւ ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների եւ սկզբունքների հիման վրա այդ կարգավորմանը հասնելու անհրաժեշտությունը, մասնավորապես, այն նպատակների եւ սկզբունքների, որոնք առնչվում են սպառնալիքից կամ ուժի կիրառումից խուսափելուն, պետությունների տարածքային ամբողջականությանը եւ ազգերի հավասար իրավունքներին ու ինքնորոշմանը եւ արտացոլված են ԵԱՀԿ 2008թ. նախարարների խորհրդի 16-րդ հանդիպումից ի վեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընդունված բոլոր հռչակագրերում. հաշվի առնելով նաեւ կարգավորման այս գործընթացին աջակցելու՝ Եվրոպական միության հաստատված հանձնառությունը»։

Մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի միջոցով քաղաքացիների շարժունակության խթանում

Օրենքի գերակայությունը եւ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը հոդվածում, ըստ համաձայնագրի, նշվում է. «Ազատության, անվտանգության եւ արդարադատության ոլորտներում իրենց համագործակցության մեջ Կողմերը պետք է հատկապես կարեւորեն օրենքի գերակայության, այդ թվում՝ դատական համակարգի անկախության, արդարադատության մատչելիության, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված արդար դատաքննության իրավունքի եւ քրեական գործերով դատավարական երաշխիքների եւ տուժողների իրավունքների ապահովումը»: Այնուհետեւ նշվում է, որ կողմերը պետք է լիովին համագործակցեն իրավապահ, կոռուպցիայի դեմ պայքարի եւ արդարադատության իրականացման ոլորտների հաստատությունների արդյունավետ գործունեության շուրջ:

«Անձանց տեղաշարժը եւ հետընդունումը» հոդվածում հետեւյալ համաձայնագրերով պարտավորություններ ստանձնած Կողմերն ապահովում են հետեւյալի լիարժեք կատարումը՝ ա) Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ «Առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագիր (Հետընդունման համաձայնագիր), որն ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 1-ին, եւ բ) Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ «Մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիր (Մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագիր), որն ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 1-ին: Այնուհետեւ նույն հոդվածում ասվում է. «Կողմերը պետք է շարունակեն խթանել Մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի միջոցով քաղաքացիների շարժունակությունը եւ համապատասխան ժամանակահատվածում քննարկեն մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հարցը՝ պայմանով, որ արդյունավետ կառավարվող եւ անվտանգ շարժունակության վերաբերյալ պայմանները գործեն: Նրանք պետք է համագործակցեն անկանոն միգրացիայի դեմ պայքարի շուրջ, այդ թվում՝ Հետընդունման համաձայնագիրը կիրառելու, ինչպես նաեւ սահմանների կառավարման քաղաքականությունը եւ իրավական ու գործառնական շրջանակները խթանելու միջոցով»:

Սկիզբը՝ այստեղ

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 01.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930