Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամերիկայում գնորդները «շաբլոն» գործեր չեն սիրում

Նոյեմբեր 02,2017 13:30

Լուսինե Ենոքյանը Հայաստանի սահմանամերձ գյուղերից,
շրջաններից տաղանդավոր հայ ստեղծագործողներ է փնտրում

«Ձեռքի աշխատանքը միշտ էլ գնահատվել է, այն, ինչ որ գործարանն է արտադրում, մարդիկ հոգնել են, եւ ամենահիանալին այն է, որ մարդիկ իրենց գործերը հիմա հենց տնից կարող են ներկայացնել համաշխարհային շուկայում: Հենց այդպիսի հնարավորություն ենք ստեղծում հայ վարպետների համար»,- «Առավոտ»-ի հետ զրույցում պատմում է արմատներով Վայոց ձորից, ամերիկահայ Լուսինե Ենոքյանը, որը 2015 թվականից հիմնադրելով ինտերնետային «Արմենիան հենդ մեյդ» հարթակը՝ ներկայացնում է հայ վարպետների գործերը համաշխարհային շուկայում:

«Ուրախ կլինենք, որ ավելի շատ հայ վարպետներ գտնենք եւ համագործակցենք: Հատկապես Հայաստանի սահմանամերձ գյուղերից, շրջաններից, որոնց համար իրենց ձեռքի աշխատանքները վաճառելը դժվար է, քանի որ կան շատ տաղանդավոր ստեղծագործողներ, որոնք, տեսնելով, որ իրենց տաղանդը չի գնահատվում, չի վաճառվում, հիասթափվում են ու չեն ստեղծագործում»:

Ըստ մեր զրուցակցի՝ Ամերիկայում գնորդները շատ կրկնվող, «շաբլոն» գործեր չեն սիրում՝ նախապատվությունը տալիս են էթնիկ, օրիգինալ եւ աբստրակտ գործերին. «Այն բաները, որոնք մարդկանց չեն հիշեցնում չինական ապրանքները, գնահատվում են»:

Հայ վարպետների գործերի գնորդները հիմնականում օտար ազգի մարդիկ են, իսկ վարպետները պետք է միմիայն հայ լինեն. «Եղել են, որ օտարերկրացի շատ վարպետներ դիմել են մեզ՝ իրենց գործերի վաճառքը կազմակերպելու համար, բայց նրանց մերժել ենք, քանի որ սա արվում է բացառապես անվճար եւ միայն հայ ստեղծագործողին աջակցելու նպատակով»:

Հայ վարպետների գործերը նախ՝ պրոֆեսիոնալ լուսանկարվում են, ապա ուղարկվում Միացյալ Նահանգներ՝ ցուցահանդես վաճառքի, կամ պարզապես նկարվում եւ նկարով են գովազդվում, վաճառքի դեպքում գումարը փոխանցվում է վարպետին:


«Այս ամենի համար շատ աշխատասեր եւ լավ մարդիկ են ինձ շրջապատել, առաջինը՝ ամուսինս, որը ե՛ւ հոգեպես, ե՛ւ ֆինանսապես աջակցում է ինձ, որպեսզի իմ սիրած գործով զբաղվեմ»: Ցուցահանդեսի գործերով զբաղվում են Լուսինե Ենոքյանի մայրն ու եղբայրը. «Այս գործը սկսել եմ եղբորս՝ Միքայելի հետ: Նա էլ աշխատասեր եւ բավականին պատասխանատու երիտասարդ է, որը դասերին զուգահեռ ստանձնել է ցուցահանդեսի կազմակերպչական գործերը, իսկ Հայաստանում ամբողջ կազմակերպչական գործերով զբաղվում է Ռոբերտ Չտչյանը, որը, բացի կազմակերպչական հարցերը կարգավորելուց, տաղանդավոր վարպետ է, աշխատասեր ղեկավար եւ խորհրդատու»:

Ձեռագործների, ձեռքի աշխատանքի հանդեպ սերը մեր զրուցակիցը մանկությունից է բերել. «Ես լավ հիշում եմ, որ մորաքույրս ձմռան տարիներին վառարանի մոտ նստած ամբողջ օրը գործում էր ու ինձ համար էլ բլուզ ու շրջազգեստ էր գործել, որը դարձել էր իմ ամենասիրած հագուստը»: Իսկ մեր վարպետներին օգնելու ցանկությունն էլ տատի հետ անցկացրած տարիներից է մնացել. «Հաճախ էի տատիկիս հետ մարդկանց տներ այցելում՝ բժշկական օգնություն ցուցաբերելու համար, տատիկս բուժքույր էր եւ մեծ հոգատարությամբ էր մարդկանց բուժում: Ես այդ երկու բաները իմ մանկությունից կարողացա միացնել իրար՝ ձեռքի աշխատանքը գնահատելը եւ մարդկանց օգնելու ցանկությունը»:

Լուսինե Ենոքյանը կրթությամբ հոգեբան է, միջազգային կառավարման մասնագետ, ԱՄՆ-ում բարձր վարձատրվող աշխատանք է ունեցել. «Բայց ինչքան որ մեծանում եմ, այնքան ցանկանում եմ մնալ որպես մարդ, որովհետեւ դա է հոգեկան բավարարվածություն տալիս ինձ: Այսպիսի մի բան կա՝ ինչքան դու քո մանկությանը մոտ լինես, այդքան դու քեզ լիարժեք կզգաս, ավելի երջանիկ մարդ կզգաս: Երբ որ կյանքում մարդու մոտ շրջադարձային փուլեր են լինում, նա նույնպես մանկություն է գնում՝ իր հարմարավետությունը գտնելու համար: Անընդհատ մտքով անցյալ էի գնում, սկսում էի մտածել, թե ի՞նչ կարող եմ անել, ո՞նց անել, որ մարդկանց օգտակար լինեմ: Ճիշտ է, ես բժշկական կրթություն չունեմ եւ տատիկիս պես մարդկանց չեմ բուժում, բայց կարողացա իմ ուսումը դնել գործի մեջ եւ դրանով օգտակար լինել շատերին: Ամուսնությունից հետո ես որոշեցի իմ հիմնական գործը թողնել եւ լուրջ զբաղվել մի բանով, որը ավելի օգտակար կլինի շատերին»:

«Ինձ թվում է՝ անշնորհք հայ չկա, ուղղակի պետք է օգնել, որ նա իր սիրած գործով զբաղվի: Շատ ժամանակ իմ ընտանիքն է իմ հոգսը հոգում, բայց բոլորի բախտը այդպես չի բերում, մարդիկ աշխատում են հիմնականում այն, ինչը իրենց եկամուտ է բերում: Իմ վաստակած գումարը նորից դնում եմ գործի մեջ ու էլի ստեղծագործում, սա այն գործն է, որ անընդհատ ներդրում է պահանջում»,- մեզ հետ զրույցում ասում է 63-ամյա Նունե Ավագյանը, որի պատրաստած կաշվե զարդերը ցուցահանդեսում ամենալավ վաճառվող գործերից են: Տիկին Նունեն մասնագիտությամբ կարի տեխնոլոգ է, ասում է. «5 տարի առաջ, եկավ մի տարիք, որ չգիտեի՝ ինչով զբաղվել, ձեռքս կաշվե մի կտոր ընկավ, ինտերնետով մանր տեխնոլոգիաներ նայեցի, ինչ-որ բան ստացա, որը ինձ ոգեւորեց, հետո գնացի էլի կաշի գնելու, որտեղ վաճառողը իր մոտի կաշվե կտորների մնացորդներից մեծ քանակ տվեց, ժամանակի հետ երեւակայությունս օգտագործելով, համադրելով բնական քարերի, փայտի, վերջերս նաեւ ծովի քարերի հետ՝ ստեղծում եմ իմ անհատական զարդերը»:

Գոհար Մկրտչյանի գործերը նույնպես պահանջարկ ունեն ե՛ւ Հայաստանում, ե՛ւ արտերկրում: Նա էլ համագործակցում է Լուսինե Ենոքյանի հետ: Նրա խոսքով՝ արտերկրում ավելի շատ գնահատվում են բիսերային աշխատանքները. «Ընդհանուր առմամբ միշտ դժգոհ եմ լինում իմ արածից, ինձ թվում է՝ կիսատ մի բան եմ թողել, բայց երբ ուրախությամբ գնում են ու հավանում, դրանից ինձ լավ եմ զգում: Ամեն ստեղծագործող ոչ միայն սեր, այլեւ հոգի է դնում իր աշխատանքի մեջ, որը անպայման փոխանցվում է գնորդին: Եթե սիրեցին աշխատանքդ, կսկսեն պատվերներ տալ, որն էլ որոշ ժամանակ անց քեզ եկամուտ կբերի»:

 

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ»

01.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930