Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հանգուցյալ պատգամավորի «Մ.Գ.Հաուզինգ» ՍՊ ընկերության կեղծ սնանկության գործի հետքերով

Նոյեմբեր 02,2017 13:00

Հավանաբար հիշում եք անցյալ տարվա դեկտեմբերի 16-ի պաշտոնական հաղորդագրությունը, համաձայն որի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված երկու քաղաքացիների՝ Հենզել Աբրոյանի եւ Ռուբեն Հովհաննիսյանի հաղորդման հիման վրա հարուցվեց քրեական գործ՝ «Մ.Գ.Հաուզինգ» ՍՊ ընկերության վերաբերյալ:

Հաղորդման հեղինակները հայտնել էին, որ նշյալ ընկերությունը շինծու գործարքներ է կատարել, արդյունքում ընկերությունից հանել են Ամիրյան փողոցի եւ այլ հասցեների ամբողջ շենք-շինությունները, հողատարածքները, մի մասը դարձրել են «Նացիոնալ» հյուրանոց, եւ ընկերության «գազելները» ու տրանսպորտային միջոցները ծիծաղելի գումարներով վաճառելով՝ ընկերության առաջ բացել են կանխամտածված սնանկության կեղծ ճանապարհը: «Գազել» միկրոավտոբուսը վաճառվել է հարյուր քսան հազար դրամով, իսկ «Բոգդան» ավտոբուսները՝ երեք հարյուր հազար դրամով: Գնորդն էլ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է՝ Արգամ Աբրահամյանը:

Այս գործով մինչ օրս հայտնի չէ, թե ինչ է կատարվում, ինչ միջոցներ են ձեռնարկել նախաքննություն իրականացնող մարմինը, կառավարությանն առընթեր ՊԵԿ քննչական վարչությունը, քննիչ Ա. Ալեքսանյանը:

Կառուցապատող ընկերությունը ԱԺ հանգուցյալ պատգամավոր Մելիք Գասպարյանինն էր (մահացել է 2009թ. հոկտեմբերին), որն ըստ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար, ներկայիս արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին ուղարկված 15.07.2016թ. պաշտոնական գրության համաձայն, տեղեկացրել էր, որ Մելիք Գասպարյանը մահանալով՝ ժառանգներին ու պետությանը թողել է գերակա հանրային շահ ճանաչված Ամիրյանի կառուցապատման ծրագրի չլուծված մի շարք հիմնական հարցեր, մասնավորապես, 2005-2006-ի իրացումից 23 ընտանիքի բնակարանով ապահովելու խնդիրը, 2006-ից ի վեր, նախնական վաճառքի պայմանագրով շուրջ 11 000 քմ-ի գնորդներ: «Առանց որեւէ բյուջետային հատկացումների, ՀՀ ֆինանսների նախարարության վերահսկողության ներքո, ժառանգների կողմից 2011-2014թթ. լուծվել են մի շարք խնդիրներ, գրավից ու տարատեսակ արգելանքներից ազատելուց հետո 2200 քմ տարածքի սեփականության վկայականներ են տրվել քսան նախկին իրացվողների, մեկ ընտանիք ստացել է 22 մլն դրամ փոխհատուցման գումար, ձեւակերպման են սպասում երկու իրացված ընտանիք, կանխվել են շենքի պարտքային ծանրաբեռնման ուղղությամբ՝ Մելիք Գասպարյանի հիմնադրած տարբեր ՍՊԸ-ների եւ այլ կառուցվող շենքերի գծով պարտատերերի փորձերը»,-նշել էր Դ. Հարությունյանը:

Վերջինս նաեւ հայտնել էր. «Ալեք Մանուկյանի շենքերի խնդիրներով պետության կողմից արտաքին համակարգում չի իրականացվել՝ պետության հետ անմիջական կապ չունենալու պատճառով»:

«Առավոտի» տրամադրության տակ գտնվող կառավարության 26 հունիսի 2009թ. 718-Ա որոշումներից՝ «Կառուցապատողներին բյուջետային երաշխիքներ տրամադրելու մասին» հակառակի մասին է վկայում: Պետությունը լավ էլ միջամտել է, ավելին, համաձայն այդ որոշման, հանձնարարվել է ֆինանսների նախարարին. «Երեւան քաղաքի Ամիրյան հասցեներում՝ Երեւանի Կենտրոն համայնք, կառուցվող բազմաֆունկցիոնալ շենքերի շինարարությունն ավարտին հասցնելու համար «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերությունից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով «Մ.Գ.Հաուզինգ» ՍՊ ընկերությանը տրամադրել բյուջետային երաշխիք 3 000 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ հիմնական գումարով, երեք տարի մարման ժամկետով, որպես վարկի հիմնական գումարի վճարման ապահովման միջոց»:

Հենզել Աբրոյանը տասնչորս տարի առաջ 20 000 դոլար գումար տոկոսներով վճարել է մայրաքաղաքի Ալեք Մանուկյան եւ Ֆիզկուլտուրնիկների փողոցների հատման անկյունում կառուցվելիք բնակելի շենքերից բնակարան գնելու նպատակով, Ռուբեն Հովհաննիսյանն էլ 100 000 դոլար է վճարել նույն այդ նպատակով:

Մինչ օրս նրանք ոչ բնակարանն են ստացել, ոչ գումարը:

Նրանք քննիչի մոտ բացատրություն էին տվել, որ գումարը վճարելուց հետո ընկերության տնօրեն Մելիք Գասպարյանը իրենց է հանձնել կլոր կնիքով վավերացված բնակելի տարածքի գնման պայմանագիրը եւ դրամարկղի մուտքի արտոնագիրը:

«Դիմեցինք դատարան՝ մեզ բնակարան հատկացնելու համար: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի վճիռներով «Մ.Գ.Հաուզինը» հօգուտ ինձ՝ Հենզել Աբրոյանի, պետք է բռնագանձեր 20 000 դոլարին համարժեք դրամը, նրա հաշվագրված տոկոսները, իսկ Ռուբեն Հովհաննիսյանին՝ 100 000 դոլարին համարժեք դրամը: Վճիռները եւ կատարողական թերթիկները մնացին մեր ձեռքում: Այն մինչ օրս չի կատարվել: Դիմեցինք դատարան՝ խաբեբա ընկերությանը սնանկ ճանաչելու համար»,-բացատրություն տալիս հայտնել են ըստ էության «քցվածները»:

Ի դեպ, այս պահին Աբրոյանի որդին՝ Արամը, ծառայում է ՀՀ զինված ուժերում, Հովհաննիսյանը հաշմանդամ երեխա է խնամում:

Հենզել Աբրոյանն «Առավոտին» ասաց, որ երբ դիմել են սնանկության գործով դատարան, այդ ժամանակ նրանց է զանգել ֆինանսների նախարարության աշխատակից Հայկ Դավթյանը, կանչել նախարարություն, հորդորել հրաժարվել հայցից, խոստանալով լուծել գումարների հարցը: Հավատալով նրան՝ հրաժարվել են սնանկության հայցից, իսկ չորս տարի առաջ ԴԱՀԿ-ի աճուրդից հետո երկուսին տրվել է ընդամենը հինգ միլիոն դրամ:
Նշենք, որ դատարան դիմելու ժամանակ «Մ.Գ.Հաուզինգ» ընկերության տնօրենի՝ Վոլոդյա Մարտիրոսյանի գտնվելու վայրը հայտնի չի եղել, գտնվել է հետախուզման մեջ, մասնակիցն էլ ընկերության հանգուցյալ տնօրեն Մելիք Գասպարյանի կինն էր՝ Անահիտ Մնացականյանը:

«Արդա՞ր է, երկրի սահմանը պահող զինվորի ծնողներին գցել այս վիճակի մեջ»,-հարցնում է Հ. Աբրոյանը, ցույց տալով զինվոր որդու շնորհակալագրերը, որոնք անշուշտ ծածկ չեն կարող դառնալ:

Ի դեպ, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2016թ. փետրվարի 10-ի գրությամբ հայտնվել է, որ այդ պահի դրությամբ «Մ.Գ.Հաուզինգ» ընկերության անվամբ Հայաստանի Հանրապետությունում որեւէ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարված չէ:

Իրենց տուժող ճանաչած քաղաքացիները թե քննիչի մոտ, թե գլխավոր դատախազին ուղղված հողորդման մեջ նշել էին, որ ընկերության ոչ պաշտոնական սեփականատերերն են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նրա խորհրդական Հայկ Դավթյանը:
«Պահանջատերերի գումարների վճարման դեպքում պետբյուջե կվճարվեր մի քանի տասնյակ միլիոն դրամներ»,-ասում են նրանք:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

01.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930