Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Քոչարը ֆիլմ է նկարում մեղքի ու ապաշխարելու մասին

Նոյեմբեր 02,2017 12:30

Սակայն չի գտնում դերասանուհի,
որ կմարմնավորի Մարիամ Մագթաղինացուն

Հիսուսի կյանքը ներկայացնող, ինչպես նաեւ կտակարանային թեմաներով կան բազմաթիվ գեղարվեստական ֆիլմեր: Սա, անկասկած, խոցելի թեմա է: Մի դեպքում՝ հավատացյալ ժողովուրդն է ընդդիմանում, շատ դեպքերում էլ՝ եկեղեցին: Օրինակ, հիշենք 2004թ. էկրան բարձրացած Մել Գիբսոնի «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմը, որն ամբողջությամբ ներթափանցված է անելանելիության, խտացված ֆիզիկական ցավի մռայլությամբ: Գիբսոնի մեկնաբանությամբ՝ արյունն ու բռնությունը անհրաժեշտ էին ցույց տալու Քրիստոսի զոհաբերության եւ տառապանքների գինը. նախորդ ֆիլմերից ոչ մեկը ցույց չի տվել այդ արարքի ողջ մասշտաբը: Մեր կինեմատոգրաֆում բազմաթիվ են քրիստոնեական թեմաներով ֆիլմերը, բայց դեռեւս չի նկարահանվել ոչ մի գեղարվեստական ֆիլմ: Նշենք նաեւ, որ ավանդաբար անցկացվում են հատուկ հոգեւոր ոլորտը ներկայացնող կինոփառատոներ: 2008թ. Հայ առաքելական եկեղեցին երեք վավերագրական ֆիլմ ներկայացրեց սանկտպետերբուրգյան «Նեւսկի բլագովեստ» փառատոնին, որոնք արժանացան ժյուրիի ուշադրությանը:

Տեղեկանալով, որ Ռուբեն Քոչարը շուրջ 6 ամիս առաջ ձեռնամուխ է եղել նոր ֆիլմի նկարահանմանը, նրա հետ հանդիպեցինք հենց նկարահանման հրապարակում: Ավելին, մեզ հետաքրքրեց այն լուրը, թե Քոչարը գեղարվեստական ֆիլմ է նկարահանում քրիստոնեական թեմայով: Նկարահանման հրապարակում հանդիպեցինք նաեւ ճանաչված դերասաններ Ալբերտ Սաֆարյանին, Արամոյին, Անդրանիկ Խաչատրյանին: Առաջին հայացքից տարօրինակ թվաց այն, որ կինոռեժիսորը գլխավոր դերը վստահել է ճանաչված նկարիչ Մայիս Մխիթարյանին: Այս առիթով Քոչարը նախ նշեց, որ 2015թ. վեհափառի եւ Հռոմի պապի մակագրությամբ նկարչի աշխատանքը իր մնայուն տեղը գտավ Խոր Վիրապում, հետո ասաց. «Մայիսի ողջ արվեստը նվիրված է քրիստոնեությանն ու քրիստոնյաներին: Նրա աշխատանքներից ցուցադրված են Վաշինգտոնում՝ Համաշխարհային բանկում, որոշ նախագահներ էլ, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Սարկոզին, իրենց հավաքածուներում ունեն նկարչի գործերից: Մայիսի երկրպագուներից է անվանի ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան…

Ի դեպ, ֆիլմում նկարահանվել է նաեւ Ստուրուան, իրենց մասնակցությունն են բերել տարբեր թեմերի առաջնորդներ, հավատացյալներ… Ֆիլմը անվանել ենք «Ինքնանկար», Մայիսն էլ խաղում է Մայիսի դերը: Ֆիլմում խոսում ենք մեղքի, ապաշհարհելու մասին, միայն բավական չէ տարածված այն արտահայտությունը, թե «կներես, Աստված…»: Կարճ ասած՝ ոգեշնչվեցի նկարչի աշխատանքներով ու վստահ եմ, որ կա նոր ասելիք եւ արտահայտչամիջոց: Հենց դրանց համատեղումը Փարաջանովին ու Փելեշյանին ճանաչում բերեց: Եվ արվեստն առանց քրիստոնեության՝ առանց հավատքի, արվեստ չէ»: Կեսկատակ-կեսլուրջ հետաքրքրությանը, թե այս գաղափարին է եկել մոտ 10 գեղարվեստական ֆիլմ նկարահանելուց հետո, Ռուբեն Քոչարը պատասխանեց. «Յուրաքանչյուր իմ աշխատանքում գաղափարն առկա է: Հենց վերջին՝ «Իմ անունը Վիոլա է» ֆիլմում կամ դրանից առաջ՝ «Հերոստրատ»-ում, «Արահետ»-ում: Վերջինում էլ ապաշխարում է հողը, ընտանիքը, հայրենիքը թողած հերոսս…»:

Հետաքրքրությանը, ինչո՞ւ բացի տղամարդկանցից, ոչ մի դերասանուհի չի ընդգրկված ֆիլմում, Քոչարը նշեց, թե ֆիլմում այն կերպարներն են, որոնք մեղքեր ունեին եւ ապաշխարեցին, հետո առանց մանրամասնելու ասաց. «Եթե կգտնեք շուրջ 30 տարեկան դերասանուհի, որը պատրաստ կլինի մարմնավորել Մարիամ Մագթաղինացուն, խնդրեմ… Մինչ օրս ում դիմել եմ՝ հրաժարվել է»:


Արդեն կայացած նկարիչ, 1990-ականներից Թբիլիսիից ընտանիքով Երեւան տեղափոխված Մայիս Մխիթարյանից հետաքրքրվեցինք՝ ի վերջո ո՞րն էր Երեւան տեղափոխվելու հիմնական պատճառը: «1991թ. Երեւանում Վարդան Աճեմյանի փառատոնում ես իբրեւ նկարիչ արժանացա գլխավոր մրցանակի՝ Արմեն Բայանդուրյանի ռեժիսուրայով «Կանչեցին» բեմադրության համար, այդ տարի Խորեն Աբրահամյանը ճանաչվեց լավագույն ռեժիսոր, Ֆրունզիկ Մկրտչյանը՝ լավագույն դերասան… Ճիշտն ասած՝ չէի բարձրաձայնում, բայց մտքովս անցնում էր հայրենիք տեղափոխվելը: Բայց երբ Հենրիկ Իգիթյանը 1993թ. Երեւանում կազմակերպեց անհատական ցուցահանդեսս, հիշեցրեց աճեմյանական փառատոնը, հորդորեց՝ ասելով՝ տեսնո՞ւմ ես, հայն ու Հայաստանը քեզ ոնց են գնահատում ու ընդունում, այդժամ երկմտելու տեղ չմնաց…»,- հայտնեց նկարիչը: Հավելեց նաեւ, որ Ռուբեն Քոչարը իր արվեստին անդրադարձել է 2001թ.՝ նկարահանելով վավերագրական ֆիլմ, որտեղից էլ սկսվել է իրենց բարեկամությունը: Հետաքրքրվեցինք, թե ինչպես հայթայթվեց ֆիլմի համար անհրաժեշտ գումարը, Մայիս Մխիթարյանն ասաց, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում ներկայացվում էր «Ավետարան ըստ Հովհաննեսի» գիրքը: Միջոցառման հովանավորը մոտեցել է Քոչարին եւ առաջարկել իր օգնությունը՝ նոր ֆիլմ նկարահանելու նպատակով: «Այդ պահին Ռուբենը կանչեց ինձ, ներկայացրեց ու ասաց՝ նկարչի աշխատանքները վաղուց գլխումս պտտվող նոր ֆիլմի թեմա են, այն էլ մեղքի ու ապաշխարելու մասին»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Ռուբեն Քոչարը (աջից)
եւ Մայիս Մխիթարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930