Այսօր՝ նոյեմբերի 1-ին, 2012 թվականից Բերդ քաղաքը ղեկավարող, խոշորացված Բերդ համայնքի ղեկավարի թեկնածու Հարություն Մանուչարյանը Վարագավանի բնակիչների հետ հանդիպում ունեցավ: Գյուղի կենտրոնական հրապարակը բազմամարդ էր: Ելույթ ունեցողները նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրություններում իրենց աջակցությունն էին հայտնում Հարություն Մանուչարյանին, նաեւ նշում առկա խնդիրների մասին` Վարագավանի համայնքապետարանի շենքի հարակից այգու, գյուղի մշակույթի տան անմխիթար վիճակը, գյուղատնտեսական տեխնիկայի պակասը եւ այլն:
Հարություն Մանուչարյանն իր ելույթում նշեց, որ ինքը նախընտրական խոստումներ չի տվել, ընդամենը խոստացել է աշխատել նախորդ տարիների նման եւ մի փոքր ավելի լավ: Նա ասաց, որ ընտրվելու դեպքում ինքը ղեկավարելու է տարածաշրջանի բոլոր` 16 համայնքների ղեկավարների հետ միասին, նրանց միջոցով է համայնքների հոգսերը հոգալու եւ հավելեց. «Ես բոլորիդ եմ խոստանում`բոլոր համայնքների ղեկավարները լինելու են ձեզնից մեկը, ոչ մեկը ղեկավար դիրք չի բռնելու:
Ընտրությունը ձերն է, կամ ընտրում եք մահակով մարդկանց`ձեզ տերեր, կամ ընտրում եք ձեզնից մեկին, որ պետք է աշխատի ձեզ հետ, ձեր համար: Ընտրությունը ձերն է, ժողովուրդ ջան, ոնց կորոշեք, ես կհարգեմ այդ որոշումը: Բայց չեմ ուզում հավատալ, որ մի ժողովուրդ, որ կարողացել է իրենից տասնապատիկ ավել ադրբեջանցիներից մոտ 200 կմ սահման պահել, չեմ ուզում հավատալ, որ այդ ժողովուրդը փնտրում է տերի: Ես հավատում եմ, որ այդ ժողովուրդը փնտրում է իրենից մեկին եւ կընտրի իրենից մեկին: Ժողովուրդ ջան, շնորհակալություն բոլորիդ, գնում ենք դեպի հաղթանակ, տրամադրությունները՝ բարձր, ոչ մեկի չենթարկվեք» :
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ