Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խալաթյանն աղմկահարույց օրենքի մասին. «ԵՄ-ի հետ համաձայնագրում ուղղակի պարտադրանք չկա որեւէ օրինագծի ընդունման վերաբերյալ»

Նոյեմբեր 01,2017 21:30

«Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության» մասին օրենքի նախագծի շուրջ հնչած կարծիքների վերաբերյալ այսօր արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը վստահեցրել է՝ «Օրենքի դրույթները էապես չեն փոխվելու, միայն հստակեցվելու են, որ մտահոգությունները իմ գործընկերների, այդ թվում՝ ՀՀԿ-ական, փարատվեն»:

Հիշեցնենք, որ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ այն խնդրահարույց է եւ արդեն սկսել են քննարկումները, առաջիկա օրերին ՀՀԿ խմբակցությունը կներկայացնի իր առաջարկությունները:

Նախագծի հանրային քննարկման ժամանակ ընդդիմախոսները կարծիք են հայտնել, որ այս օրենքը պարտադրված է ԵՄ-ից, մասնավորապես Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Պյոտր Սվիտալսկին Հայաստանի կառավարությանը դասեր է տալիս ու նշում, թե՝ տնային աշխատանքը պետք է կատարեք: Ըստ նախագծի ընդդիմախոսների, հենց այս հայտարարությունն էլ հուշում է, որ այն պարտադրված է ԵՄ-ից:

Այսօր նախարար Հարությունյանն այս առնչությամբ վստահեցրել է՝ «ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումներ կան, որ երկիրը քայլեր չի ձեռնարկել՝ պաշտպանելու իր զոհին եւ անկախ նրանից՝ մենք կընդունեք օրենք, չենք ընդունի, երկիրն ունի պատասխանատվություն. «Մենք ԵԽ անդամ ենք եւ մենք պարտավոր ենք կատարել դատարանի որոշումները: Խնդիրը չեմ ուզում պարզունակ դարձնենք եւ դարձնենք ԵՄ-ի հետ հարաբերությունների հենք: Սա մեր պարտականությունն է վաղուց արդեն եւ մենք բազմաթիվ միջազգային փաստաթղթեր ստորագրել ենք այս առումով՝ սկսած 93-ից»:

Բացի այն, որ այս նախագիծը ԵԽ անդամ լինելով է պայմանավորված, Հայաստանի հանրապետությունը նաեւ վավերացրել է ՄԱԿ-ի կոնվենցիաները. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, ՄԱԿ-ի՝ կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիան: Այսինքն՝ այն պնդումները, թե այս օրինագիծը պարտադրվում է ԵՄ-ից՝ առաջիկայում ասոցացման համաձայնագրի ստորագրման շրջանակներում, իրականությանը չեն համապատասխանում:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում փաստաբանների պալատի իրավական հարցերի փորձագետ Արտաշես Խալաթյանը, որը եւս դեմ է օրենքի նախագծի ներկայիս տարբերակին, ասաց, որ թեեւ մանրամասն չի ծանոթացել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրին, սակայն որքան, որ այն դիտարկել է՝ գտնում է, որ համաձայնագիրն ինքնին չի պարունակում որևէ ուղղակի պարտադրանք այս կամ այն օրինագծի ընդունման կապակցությամբ:

«Մի կողմից, երբ դիտարկում ենք Վրաստանի փորձը՝ եվրոասոցացման շրջանակներում, թե՝ ինչ քայլեր են ձեռնարկել, Վրաստանում այս օրենքը ընդունվել է: Հետեւաբար, ես ոչ կարող եմ հաստատել, ոչ էլ կարող եմ հերքել: Միգուցե ասոցացման գործընթացում կարող է առաջանա նման օրինագծի ընդունման անհրաժեշտություն՝ ասոցացող երկրի համար: Բայց նախ պետք է հիշել, որ մենք ԵՄ ասոցացման պայմանագիր չենք կնքում ԵՄ-ի հետ եւ եվրաինտեգրացիայի այն ձեւաչափը չենք ընտրել, ինչ Վրաստանը, որը օրենսդրության շատ ավելի սերտ մոտարկում է ենթադրում, քան մերը»,-ասաց Խալաթյանը:

Նրա խոսքերով՝ ՀՀ-ի հետ կնքվող համաձայնագիրն էլ հավակնոտ է, սակայն եվրաասոցացման համաձայնագրի համապարփակ այդ ինտեգրացման բնույթը չունի. «Հետեւաբար մեզ համար եվրաինտերգրման պարտավորությունները չունեն նույն շրջանակը, ինչ Վրաստանի, Ուկրաինայի կամ Մոլդովայի համար: Մեր կողմից կնքվելիք շրջանակային համաձայնագիրը այդ հավակնությունը չունի, եւ ուղղակի պարտավորությունների ծավալի եւ աստիճանի առումով էլ զիջում է, ուստի մենք այդ առումով էլ այդքան կաշկանդված չենք: Եվ հետո՝ որեւէ ապացույց չկա, եւ Սվիտալսկին էլ հրապարակային իր ելույթներում նշել է, որ դա ԵՄ-ի կողմից պարտադրված նախաձեռնություն չէ, եւ մենք իրավունք չունենք հարգարժան դեսպանի հայտարարություններին հավատ չընծայել»:

Այդուհանդերձ, Խալաթյանը նշեց, որ ԵՄ-ն տող առ տող կամ կետ առ կետ չի ստուգում որեւէ օրինագծի բովանդակությունը, եւ եթե նույնիսկ մենք ընդունեինք, որ ԵՄ-ի կողմից առաջարկվեր նման օրինագիծ ընդունել, մեր ձեռքում է, որպես ինքնիշխան պետություն, որոշել ինչպիսի բովանադակությամբ օրինագիծ պետք է ընդունել. «Ի վերջո ցանկացած օրենքի տեղայնացման կարեւոր պայմաններից մեկը տեղական սոցիալական միջավայրի ուսումնասիրությունն է, եւ այդ օրինագծի համապատասխանեցումը տվյալ երկրի սոցիալական իրականությանը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930