Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աչաջրի գյուղապետարանում գումարների յուրացման մեղադրանքը ընտրությունների հետ կապված զրպարտություն են համարում

Նոյեմբեր 01,2017 19:11

Նախկինում ոստիկանությունը հայտնել է, որ Աչաջուր համայնքի առողջության կենտրոնի խմելու ջրագծի հիմնանորոգման համար 2016թ. մարտին հատկացվել է 2 միլիոն 800 հազար դրամ, որը համայնքի ղեկավարությունը յուրացրել է, գյուղի Նորաշեն թաղամասի խմելու ջրագծի նորոգման համար հատկացվել է 630 հազար դրամ, որից 530 հազարը Աչաջուր համայնքի ղեկավարի տեղակալ Նիկոլ Վարդումյանը յուրացրել է, հարուցվել է քրեական գործ:

2013 թվականից Աչաջուր համայնքը ղեկավարող Կամո Ղալթախչյանին եւ նրա տեղակալ Նիկոլ Վարդումյանին հարցրինք այդ քրեական գործի մասին: Նրանք կտրականապես ժխտեցին գումարների յուրացումը, ասելով, որ զրպարտություն է՝ կապված է նոյեմբերի 5-ին Աչաջրում կայանալիք համայնքի ղեկավարի ընտրությունների հետ:

Նրանց խոսքերով`ընտրությունների շեմին քրեական գործի ի հայտ գալը պատահական չէ,ոստիկանություն բողոքած անձինք առաջիկա ընտրություններում համայնքի ղեկավարի նախընտրած թեկնածուներ ունեն, ցանկանում են ստվերել Կ. Ղալթախչյանի կատարած աշխատանքը, պղտոր ջրում ձուկ բռնել:

Ղալթախչյանն ասաց, որ ինքը մինչեւ 2013թ. Մոսկվայում գործարարությամբ է զբաղվել, Աչաջրի բնակիչների մեծամասնության պահանջով է դրել իր թեկնածությունը եւ համայնքի ղեկավար ընտրվել: Նա հայտնեց, որ 2016թ. Աչաջրի առողջության կենտրոնի տնօրեն Կորյուն Վարդապետյանը իրեն դիմել է գյուղի առողջության կենտրոնի տանիքը նորոգելու խնդրանքով, համայնքի միջոցներով այդ շենքի տանիքն ամբողջությամբ նորոգել են, պատուհանների մի մասը` փոխել:

Կ. Վարդապետյանը 2017թ. հուլիսին համայնքի ղեկավարին դիմել է առողջության կենտրոնը խմելու մշտական ջրով ապահովելու խնդրանքով,ասելով, որ ջրի պատճառով բուժհիմնարկը կարող են փակել: Գործարար Միքայել Վարդանյանի նվիրաբերած ֆինանսական միջոցներով 2016թ. կառուցվել է Աղբալի աղբյուրի ջրագիծը, որից օրվա որոշակի ժամերի սնուցվել են գյուղի մանկապարտեզը, առողջության կենտրոնը, դպրոցը:

Գյուղապետին Կ. Վարդապետյանի դիմելուց հետո Աղբալի ջրագծից մոտ 350-400 մետր ճյուղավորում է անցկացվել առողջության կենտրոն, այդ կենտրոնը սնուցող խողովակաշարն առանձին ջրագիծ չէ, այլ՝ գործող կենտրոնական ջրագծից ճյուղավորում: Կամո Ղալթախչյանը հայտնեց, որ 2016թ. մարտին ավագանու որոշմամբ 2 միլիոն 800 հազար դրամ հատկացվել է գյուղի ամբողջ խմելու ջրագծում նորոգումներ կատարելու, վթարները վերացնելու, ոչ թե՝ առողջության կենտրոն ճյուղավորում անցկացնելու համար, 2 միլիոն 800 հազար դրամը շատ մեծ գումար է 350-400 մ խողովակ անցկացնելու համար: Նա զարմացավ , թե ինչպես կարող էր 2016թ. մարտին ավագանին որոշել, որ 2017թ. հուլիսին առողջության կենտրոնը սնուցող խողովակաշար անցկացվի, որպեսզի այդ նպատակով 2 միլիոն 800 հազար դրամ հատկացներ:

Նրան հարցրինք`ինչպե՞ս է 2016թ. մարտին կայացած ավագանու նիստի արձանագրության մեջ հայտնվել Աչաջրի առողջության կենտրոնի ջրագծի մասին նշումը: Կ. Ղալթախչյանն ասաց, որ ավագանու նիստի արձանագրությունը կազմել է համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Յուրա Միրզոյանը, որը ամիսներ առաջ Կամո Ղալթախչյանին ընդդիմադիր է դարձել: Կ. Ղալթախչյանը տարակուսեց՝ եթե 2016թ. մարտին ավագանին որոշել էր առողջության կենտրոն ջրագիծ անցկացնել, ինչու ավագանու այժմ բողոքող անդամները այդ տարվա վերջին չբողոքեցին 2016-ին նախատեսված, սակայն չարված գործի առթիվ:

Կ. Ղալթախչյանի վկայությամբ՝Յուրա Միրզոյանը հրապարակային ձեւով սպառնացել է իրենց դեմ «վերեւներ» բողոքել, իսկ ավագանու անդամ, առողջության կենտրոնի տնօրեն Կորյուն Վարդապետյանը հանրության մեջ սպառնացել է «հավաքարարից մինչեւ գյուղապետ, բոլորին նստեցնել»:

Գյուղապետն ասաց, որ ինքն իր անձնական միջոցներից եւ Ռուսաստանում բնակվող գործարար ընկերների նվիրաբերած գումարներով Աչաջրում շատ գործ է կատարել, չէր կարող համայնքի փողերը յուրացնել: Նա իր, իր ընկերների եւ ծննդով Աչաջրից Վաչիկ Քոքոբելյանի նվիրաբերած գումարներով 2 անգամ՝ 2014թ.-ին եւ 2017թ.-ին գյուղի մանկապարտեզի շենքը նորոգել է, այդ նպատակով ծախսվել է շուրջ 10 միլիոն դրամ: Կ. Ղալթախչյանին հարցրինք, թե ինչու եք այն 2 անգամ նորոգել: Նա ասաց, որ մանկապարտեզի շենքի վիճակն այնքան վատ էր, որ 2014-ին չկարողացան նորոգման բոլոր գործերն անել, 2017-ին դրանք ավարտեցին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930