Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ռուսական «Матч TV»-ին տված հերթական բացառիկ հարցազրույցում խոսել է մարզական կարիերայի ընթացքում հաղթահարած դժվարությունների եւ Ժոզե Մոուրինիոյի հետ համատեղ աշխատանքի մասին:
«Երբ խաղում էի «Մետալուրգում» շատերը մտածում էին, թե այն, ինչ անում եմ այդ ակումբում, լավ է եւ կասկածում էին իմ՝ «Բորուսիա» կամ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն: Բայց ես աշխատում էի եւ պատրաստ էի հաղթահարել բոլոր դժվարությունները: Դժվարությունները նրա համար են, որ հաղթահարես: Դրանք քեզ ավելի ուժեղ են դարձնում:
Երբ ՄՅՈՒ-ի հետ պայմանագիրը ստորագրեցի, ամեն ինչ, կարծես, երազ լիներ: Չէի հավատում, որ դա տեղի է ունեցել: Անչափ ուրախ էի եւ մի քանի շաբաթ ինքս ինձ չէի գտնում: Եղել են օրեր, երբ լաց եմ եղել, մտածել, թե ոչինչ չի ստացվի: Բայց հաջորդ օրը մոռացել եմ, մտել խաղադաշտ ու մարզվել, տրվել հարյուր տոկոսով եւ ավելի: Ինչ վերաբերում է Ժոզե Մոուրինիոյին, նրան շատերը չեն սիրում: Բայց անհնար է, որ բոլորը քեզ սիրեն: Մոուրինիոն դրական կողմեր էլ ունի, բացասական էլ: Բայց նա աշխարհի լավագույն մարզիչներից է, որն արդեն ապացուցել է»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ