Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դեկրետի մեջ էի». փոխնախարարը՝ 2016-ին հայտարարագիր չներկայացնելու պատճառների մասին

Նոյեմբեր 01,2017 18:20

ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է այն պաշտոնյաների ցուցակը, որոնք 2016-ին չեն ներկայացրել հայտարարագիր: Այդ ցուցակում է ՀՀ վարչապետի խորհրդական Թամար Կևորկյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը և մի շարք դեսպաններ ու հյուպատոսներ:

Aravot.am-ը հարցում է ուղարկել ՀՀ ԱԳՆ՝ պարզելու՝ ինչո՞ւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներից շատերը հայտարարագիր չեն ներկայացրել: Տավուշի մարզպես Հովիկ Աբովյանն այդպես էլ օրվա ընթացքում չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Այս կառույցներից և անձերից պատասխանների դեպքում կհրապարակենք նաև նրանց պատճառաբանությունը:

Զրուցեցինք Արև Սամուելյանի հետ: Մեզ հետ զրույցում փոխնախարարը պարզաբանեց, որ  վրիպակ է եղել և մանրամասնեց. «Ինձ համար շատ տհաճ է, որ իմ անունը հայտնվել է այդ ցանկում: Իմ կողմից վրիպակ էր տեղի ունեցել: Ես միշտ թափանցիկ եմ եղել, հիմա էլ: Այսօր կրկին կլրացնեմ, կուղարկեմ: Խնդիրը եղել է այն, որ 2016-ի մի ժամանակահատված դեկրետի մեջ եմ եղել ու ինձ թվացել է, որ այդ հատվածի համար չպետք է ներկայացնեմ հայտարարագիր, քանի որ փաստացի այդ ժամանակ ոչ մի գումար չես վաստակել: Դա վրիպակ է մարդկային առումով, որն այսօր կլրացնեմ ու կփոխանցեմ: Որևէ ձևով որևէ խնդիր չունեմ»:

Հետաքրքրվեցինք՝ իսկ իրեն հանձնաժողովից չե՞ն զգուշացրել ժամանակին, որ հայտարարագիր չի լրացրել, տիկին Սամուելյանը պատասխանեց. «Մենք փոխել ենք շենքը, ինչ- որ խնդիրներ, երևի թե զուտ մարդկային գործոն է եղել հիմնականում իմ կողմից, որ ես անուշադիր եմ եղել այդ հարցում: Արդեն 8-րդ տարին է ներկայացնում եմ հայտարարագիր, ու երբևէ որևէ խնդիր չեմ ունեցել ներկայացնելու, այնպես չէ, որ առաջին տարին է: Ուղղակի, կրկնում եմ, 2016-ին տարվա մի ժամանակահատված դեկրետի մեջ էի, իսկապես ժամանակին չեմ լրացրել ու չեմ կենտրոնացել այդ հարցի վրա»:

Հարցում ենք ուղարկել նաև ՀՀ կառավարություն՝ պարզելու ինչո՞ւ հայտարարագիր չի ներկայացրել ՀՀ վարչապետի խորհրդական Թամար Կևորկյանը: Կառավարությունից պատասխան ստանալու դեպքում կհրապարակենք այն ևս:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930