Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայաստանում ռուսերենի նկատմամբ վերաբերմունքը միշտ եղել է բարյացակամ». Սերժ Սարգսյան

Նոյեմբեր 01,2017 18:00

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական «Ռոսիյսկայա գազետա» թերթին՝ խոսելով Հայաստանում ռուսերենի ուսուցանման կարևորության մասին: Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.

-Այս տարվա փետրվարին Հայաստանը թույլատրեց ռուսներին երկիր մուտք գործել ներքին անձնագրերով: Այդ որոշումն արդեն անդրադարձե՞լ է զբոսաշրջային հոսքի վրա:

-Իհարկե, դա ազդել է զբոսաշրջային հոսքի վրա: Տարեցտարի շատանում է այն ռուս զբոսաշրջիկների թիվը, որոնք ցանկանում են հանգիստն անցկացնել Հայաստանում: Վիճակագրության համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանի քաղաքացիների այցելությունների թիվը գրեթե 32 տոկոսով ավելացել է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Այժմ այդ թիվը մոտենում է կես միլիոնի՝ 447 840 մարդ:

Հայաստանի նկատմամբ ռուսների հետաքրքրության աճին նպաստում են բազմաթիվ գործոններ: Եվ ամենակարևորը, անկասկած, փոխըմբռնման շատ բարձր մակարդակն է, որի արմատները գալիս են պատմությունից: Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների միջև հեշտությամբ, բնական, ես կասեի, անկաշկանդ շարունակում են զարգանալ զուտ մարդկային, բարեկամական հարաբերություններ:

Ինչպես արդեն նշեցիք, ռուս զբոսաշրջիկների թվի աճին նպաստել է նաև Հայաստանի կառավարության որոշումը՝ Ռուսաստանի քաղաքացիների մուտքը ներքին անձնագրերով թույլատրելու վերաբերյալ, և այդ հնարավորությունից տարեսկզբից արդեն օգտվել է ՌԴ ավելի քան 50 հազար քաղաքացի: Այսինքն՝ Ռուսաստանից ընդհանուր զբոսաշրջային հոսքի շուրջ 10 տոկոսը:

Ես գիտեմ, որ տուրօպերատորների կողմից մշակվել է ռուսական շուկայի համար երկու հիմնական տուրպրոդուկտ. «Մեկ շաբաթով Հայաստան ներքին անձնագրով» և «Ռուսական հետք Հայաստանում»: Մի խոսքով՝ Հայաստանը պետք է տեսնել սեփական աչքերով և զգալ սեփական սրտով:

Ինչպե՞ս եք ընդհանուր առմամբ գնահատում զբոսաշրջության զարգացան հեռանկարները:

Հայաստանը՝ որպես առաջին քրիստոնեական երկիր՝ հարուստ մշակույթով և հոգևոր ժառանգությամբ, առանձնահատուկ զբոսաշրջային ուղղություն է նրանց համար, ովքեր ցանկանում են համատեղել լավ և որակյալ հանգիստը նոր տպավորությունների և զգացողությունների հետ: Հաշվի առնելով իր բացառիկ քաղաքակրթական ձգողականությունը՝ Հայաստանը դարձել է ուխտագնացության վայր աշխարհի տարբեր անկյուններից մարդկանց համար:

Հետևաբար, նկատվում է դեպի Հայաստան զբոսաշրջային այցերի աճի միտում, այդ թվում, ինչպես նշեցի, Ռուսաստանից: Այնպիսի զբոսաշրջային ուղղություններ, ինչպիսիք են Ծաղկաձորի լեռնադահուկային առողջարանը, Սևանա լիճը, Ջերմուկի բուժիչ առողջարանը, Տաթևի վանական համալիրը, ինչպես նաև մեր երկրի պատմամշակութային ժառանգության այլ տեսարժան վայրեր և հուշարձաններ, արդեն վաղուց գրավել են ռուսների ուշադրությունը:

Բայց խոսքը ոչ միայն տնտեսության, այլև բիզնեսի մասին է: Կարևոր նշանակություն ունի նաև այն, որ Հայաստանում աճում է այն մարդկանց թիվը, որոնք հետաքրքրված են կատարյալ ռուսերենին տիրապետելու հարցում: Քանի որ Ռուսաստանից մեծ զբոսաշրջային հոսքը ինքնին ստիպում է, որպեսզի և՛ տաքսիների վարորդները, և՛ մատուցողները, և՛ սպասարկման ոլորտի այլ ծառայությունների ներկայացուցիչները տիրապետեն ռուսերենին: Դա շատ կարևոր է:

-Այսինքն մոտիվացնու՞մ է:

-Իհարկե: Լավ է, երբ լեզվի տարածումը ոչ թե կարգախոս է, այլ հենց քաղաքացիների կողմից մոտիվացված որոշում:

-Լեզվի մասին: Հայաստանում հասարակական քննարկումներ է առաջ բերել Կրթության նախարարության կողմից մշակված ռուսերենի ուսուցման հայեցակարգը: Ինչպե՞ս եք դա գնահատում: Արդյոք դրա մշակումը կապ ունի՞ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ:

-Ո՛չ, կապ չունի, քանի որ Հայաստանում ռուսերենին միշտ էլ լավ են վերաբերվել, և այն միշտ լայն տարածում է ունեցել: Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունները կապված են հազարավոր թելերով, մենք ունենք շատ սերտ մարդասիրական համագործակցություն, և լեզվի իմացությունը պարզապես անհրաժեշտություն է:

Հայաստանում ռուսերենի ուսուցանումը սկսվում է 2-րդ դասարանից: Ազգային փոքրամասնության ներկայացուցիչները և ՌԴ քաղաքացիների երեխաների դպրոցներում սովորում են մայրենի լեզվով. կան դասարաններ, որտեղ ուսուցանումն իրականացվում է ամբողջությամբ ռուսերենով: Եվ այսօր անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում՝ ռուսերենի դասավանդման ավանդույթները և դրա տարածումը աճող սերնդի շրջանում պահպանելու համար:

Այսօր Հայաստանի Հանրապետության կրթության ոլորտում իրականացվում են հանրակրթական ծրագրերի և առանձին առարկաների դասավանդման մեթոդաբանության արդիականացման նախագծեր: Հատուկ ուշադրություն է դարձվում ոչ միայն ռուսերենի, այլև 2-3 օտարերկրյա լեզուների, այդ թվում ռուսերենի ազատ տիրապետման անհրաժեշտությանը: Ուստի այդպիսի հայեցակարգեր մենք մշակել ենք ինչպես ռուսերենի, այնպես էլ այլ լեզուների դասավանդման համար: Այս պահին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը մշակում է հստակ մեթոդաբանություններ, որոնք թույլ կտան բարձրացնել ռուսերենի դասավանդման որակը երկրի հանրակրթական դպրոցներում:

-Նպատակը երիտասարդության կրթության մակարդակի բարձրացու՞մն է:

-Այո՛, մեզ թվում է, որ հիմնական շեշտը պետք է դնել ռուսերենի դասավանդման որակի վրա: Հայաստանը միշտ հայտնի է եղել ռուսագետների իր դպրոցով: Բայց ռուսերենը, ինչպես և ցանկացած լեզու, մշտապես զարգացող կենդանի գործվածք է: Հետևաբար, պետք է ջանքեր գործադրել՝ քաջատեղյակ լինելու այդ փոփոխություններին, ներդնելու դասավանդման նոր մեթոդներ, ավելի հաճախակի կազմակերպելու համապատասխան համաժողովներ և սեմինարներ, ընդ որում, ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում: Այդ առումով ոչ պակաս կարևոր է դեր են կատարել Ռուս-հայկական համալսարանը և Մոսկվայի պետական համալսարանի՝ Լոմոնոսովի անվան մասնաճյուղը Հայաստանում:

-Ե՞րբ կարող է ընդունվել այդ հայեցակարգը:

-Չեմ կարող այժմ նշել հստակ ժամկետներ, բայց այդ հայեցակարգի ընդունմանը բացարձակ ոչինչ չի խանգարում: Կարծում եմ, որ դա մի քանի ամիսների հարց է: Հայեցակարգի ընդունմամբ կտրուկ փոփոխություններ տեղի չեն ունենա, քանի որ Հայաստանում ռուսերենի նկատմամբ վերաբերմունքը, կրկնում եմ, միշտ եղել է բարյացակամ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930