Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եվրադատարանը վարույթ է ընդունել 2010 թ. սպանված զինծառայողների գործով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացրած գանգատն ու հարցեր ուղղել ՀՀ Կառավարությանը

Նոյեմբեր 01,2017 17:55

2010 թ. հուլիսի 28-ին ԼՂՀ պաշտպանության բանակում սպանված զինծառայողներ Ռոբերտ Հովհաննիսյանի և Անդրանիկ Սարգսյանի իրավահաջորդների գանգատը Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը 2017 թ. օգոստոսի 28-ին վարույթ է ընդունել և իր հարցադրումները ներկայացրել կողմերին:

Ըստ պաշտոնական վարկածի՝ դեպքը տեղի է ունեցել մարտական հենակետում, որտեղ ավագ լեյտենանտ Վ. Թադևոսյանը, տեսնելով, որ իր ենթակայության տակ գտնվող ժամկետային զինծառայողներ Ա. Սարգսյանն ու Կ. Այվազյանը մարտական հերթապահություն իրականացնելիս քնել են, նրանց հասցեին վիրավորական արտահայտություններ է հնչեցրել, հայհոյել և փորձել բռնություն կիրառել, սակայն վերջինը կանխվել է սպայական կազմի երկու ներկայացուցչի կողմից: Նրանք հորդորել են խնդրին անդրադառնալ հերթափոխից հետո:

Մարտական հենակետի գետնատնակում Վ. Թադևոսյանը մյուս զինծառայողների ներկայությամբ շարունակել է կշտամբանքներն ու հայհոյանքները և սկսել է ծեծել Ա. Սարգսյանին:

Պաշտոնական վարկածի համաձայն՝ Կ. Այվազյանը, հասկանալով, որ նույնը իրեն է սպասվում, իրեն ամրակցված զենքից կրակել և սպանել է հրամանատարին, ապա մյուս 4 ծառայակիցներին և ինքնասպան եղել:

Դեպքի առթիվ նույն օրը հարուցված քրեական գործը հանցագործություն կատարած անձանց մահվան հիմքով մեկ տարի անց կարճվել է: Իսկ քրեական գործը կարճելու վերաբերյալ որոշման դեմ տուժող կողմի բողոքները մերժվել են:

Նշենք, որ համաձայն փորձագիտական եզրակացության՝ սպանված զինծառայողների արյան մեջ հայտնաբերվել է ալկոհոլ: Ըստ փորձագետի՝ ավագ լեյտենանտ Վ. Թադևոսյանը ևս դեպքի պահին հարբած վիճակում է եղել: Սպանված զինծառայողների մարմինների վրա, բացի հրազենային վնասվածքներից, հայտնաբերվել են նաև այլ վնասվածքներ, որոնց ուղղությամբ ևս վարույթն իրականացնող մարմինը քննություն չի իրականացրել:

Իսկ Կարո Այվազյանը, որը մեղադրվել է սպանությունները կատարելու մեջ, զորակոչվելուց առաջ բնակվել է ԱՄՆ-ում, որտեղ էլ դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, որից հետո արտաքսվել է ՀՀ: ԱՄՆ դատարանի որոշմամբ՝ վերջինիս արգելված է եղել զենք կրել և գտնվել այնպիսի վայրերում, որտեղ զենք կա: Սակայն դրա վերաբերյալ փաստաթղթի առկայությամբ նրան զորակոչել են:

Գանգատը 2013 թ.-ին ՄԻԵԴ են ներկայացրել սպանված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցը և Կազմակերպության իրավաբան Ա. Զալյանը: Դրանում հիմնավորումներ են ներկայացրել այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը չի պաշտպանել իր վերահսկողության տակ գտնվող զինծառայողների կյանքի իրավունքը, պատշաճ քննություն չի իրականացրել դրա խախտման ուղղությամբ՝ քրեական գործում առկա բազմաթիվ չպարզաբանված հարցերի ու հակասությունների առկայության պայմաններում: Դրանով խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով ամրագրված կյանքի իրավունքը:

Պատշաճ քննություն չի իրականացվել նաև հրամանատարի կողմից իր ենթակայության ներքո գտնվող զինծառայողների նկատմամբ սահմանված կարգով տույժ կիրառելու փոխարեն նրանց խոշտանգման ենթարկելու ուղղությամբ: Պետությունը սրանով խախտել է ՄԻԵԿ 3-րդ հոդվածով ամրագրված խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը: Եվ վերջապես տուժողների իրավահաջորդները զրկված են եղել հետաքննությանը մասնակցելու հնարավորությունից, ինչով խախտվել է նրանց՝ ՄԻԵԿ 13-րդ հոդվածով ամրագրված իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը:

ՄԻԵԴ-ը ՀՀ Կառավարությանը հարցեր է ուղղել գանգատում նշված իրավունքների խախտումների մասին, ինչպես նաև պահանջել քրեական գործի շրջանակում իրականացված քննչական գործողությունների արձանագրությունների պատճեններն ու Կ. Այվազյանի զորակոչման վերաբերյալ փաստաթղթերը: Եվրադատարանի հարցերին պատասխանելու համար ՀՀ Կառավարությունը 16 շաբաթ ունի:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930