Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ընտանեկան արժեքների հանդեպ ՀՀ կառավարության երկակի մոտեցումը

Նոյեմբեր 01,2017 17:40

Հայաստանի կառավարության անմիարժեք վերաբերմունքը «ավանդական, ընտանեկան արժեքներ» հասկացությանը հերթական դրսևորումը գտավ Սոչիում հոկտեմբերի 11-ին կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում, որտեղ Սերժ Սարգսյանը աջակցություն հայտնեց «Ընտանիքի ինստիտուտին և ավանդական ընտանեկան արժեքներին աջակցության մասին հայտարարությանը»։

Հիշեցնենք, որ անցած մի քանի շաբաթների ընթացքում մի շարք հանրապետական գործիչներ «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծի դեմ քարոզարշավ էին սկսել։ Այսպես, օրինակ, ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 30-ին հայտարարել էր․ «Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակը չի համապատասխանում ՀՀԿ-ի գաղափարախոսությանը. «Մենք ազգային պահպանողական կուսակցություն ենք, մենք, իհարկե, բռնությանը դեմ ենք, մենք ավանդական արժեքների կրող ենք՝ եկեղեցի, ընտանիք, ավանդական ընտանիք»։

Հայաստանը աջակցում է

Քանի դեռ Հայաստանում քննարկվում էր վերոնշյալ նախագիծը և ոմանք պնդում են, որ դա «եվրոպական պարտադրանք է», Սոչիում նախագահ Սարգսյանը հայտարարել էր. «Մենք աջակցում ենք ռուսական կողմի ներկայացրած Ընտանիքի ինստիտուտին և ավանդական ընտանեկան արժեքներին աջակցության մասին հայտարարությանը` հրաշալի գիտակցելով, որ ընտանիքի ինստիտուտը հասարակության հիմքն է, ինչպես նաև ժողովուրդներին միավորող գործոն»: Ընդ որում, անհայտ էր, թե ինչի՞ն ենք մենք աջակցում, որովհետև նախապես հայտարարության տեքստը չէր ներկայացվել ՀՀ հանրությանը։

Երեխաների իրավունքներ

Քանի որ հարց էր ծագում, թե ինչի՞ն է աջակցում Սերժ Սարգսյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից ստացավ հայտարարության տեքստը։ Այդ փաստաթղթում մասնավորապես նշվում է, որ կողմերը «ընդգծում են ընտանեկան բռնության, երեխաների իրավունքների ոտնահարման, ինչպես նաև երեխաների դեմ հանցագործությունների կանխարգելման, կանխման և հետաքննման, երեխաների մահացության նվազեցման…. հետ կապված խնդիրների լուծման հարցում համագործակցության անհրաժեշտությունը»։ Ավելին՝ փաստաթուղթը շեշտում է երեխաների որդեգրման համար արդյունավետ իրավական միջոցառումների ստեղծման կարևորությունը։

Երեխաների իրավունքների մասին կետ պարունակող այս հայտարարության հապշտապ ստորագրումը Սոչիում զավեշտալի է թվում, եթե հիշենք, որ «Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծին դեմ մոլի քարոզչություն տարածող Արարատ հեռուստաընկերությունը, որը դե-ֆակտո Հանրապետական կուսակցության հեռուստաալիքն է (ՀՀԿ-ն և «Արարատ» հեռուստաընկերությունը իրար հետ անգամ կիսում են նույն՝ Մելիք Ադամյան 2 հասցեում գտնվող շենքը) պնդում էր, որ օրենքն անընդունելի է, քանի որ այն ուղղված է երեխաներին ընտանիքներից օտարելուն և ծնողներին ծնողական իրավունքներից զրկելուն, մինչդեռ օրենքի նախագծում, ի տարբերություն Սոչիում արված վերոնշյալ հայտարարության, երեխաների որդեգրման մասին որևէ խոսք անգամ չկա։

Գենդերային հավասարություն

Սոչիում ներկայացված փաստաթուղթը նաև անդրադառնում է գենդերային հավասարությանը։ Հիշենք, որ 2013թ․ «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկման ընթացքում «գենդեր» բառը ոմանք դարձրել էին համաշխարհային սկանդալ, ինչը արդյունքում բերեց օրենքի նախագծից 2013թ․ օգոստոսին «գենդերային հարաբերություններ» բառերի փոխարինմանը «կանանց և տղամարդկանց հավասար իրավունքները և հավասար հնարավորությունները» բառերով։ Այն ժամանակ քիչ չէին նաև իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավորները, ովքեր դեմ էին արտահայտվում այս բառին կամ օրենքի նախագծին։

Փաստորեն, Սոչիում Ռուսաստանի կողմից առաջարկված և Սերժ Սարգսյանի կողմից անմիջապես ընդունված փաստաթուղթը պարունակում է անցած մի քանի տարիների ընթացքում Հայաստանում ներքին լսարանի առաջ բազմիցս ազգային չարիք հայտարարված կետեր՝ ընտանեկան բռնության դեմ պայքար, երեխաների իրավունքների ոտնահարման կանխարգելում, գենդերային հավասարություն։

Երկակի մոտեցում

Փաստորեն, եթե խոսքը գնում է ԵՄ աջակցությունը վայելող օրենսդրական նախագծերի մասին ՀՀ իշխանությունները և պրո-ռուսական ուժերը սկսում են ակտիվ հիշել մեր ավանդական արժեքները հնարավորինս շատ ԵՄ-ից զիջումներ ստանալու նպատակով, մինչդեռ ռուսական կողմի առաջարկած փաստաթղթերը աներկբա ընդունվում են՝ անկախ դրանց «հակաավանդական» բնույթից, նմանատիպ բովանդակությունից կամ նույնիսկ երեխաների վերաբերյալ կետեր պարունակելուց։

Աննա Փամբուխչյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930