Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ զենքով է որս արել որսորդ հոգեւոր հովիվը

Նոյեմբեր 01,2017 16:56

Aravot.am-ը ազատամարտիկ, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանից հետաքրքրվեց` արդյոք բնապահպանների ուշադրության կենտրոնում հայտնված  Աշտարակի Սուրբ Կարմրավոր եկեղեցու և Նոր Եդեսիա համայնքի հոգևոր հովիվ տեր Ղեւոնդ քահանա Գափոյանի կրած զենքը, որ երեւում է լուսանկարում, որսորդակա՞ն է, եւ արդյոք ամեն ոք իրավունք ունի նման զենք կրելու:

«Նկարը որակյալ չէ, որքան էլ փորձեցի մեծացնել՝ հստակ դժվար է ասել, թե ինչ զենք է, պատկերը փչանում է: Նաև՝ զենքի պահած դիրքը հնարավորություն չի տալիս ավելի ճշգրիտ դիտարկում անել: Որոշակի նմանություն երևում է Կալաշնիկովի ավտոմատի հետ, բայց վստահ չեմ: Եթե ԱԿՄ է՝ ուրեմն միանշանակ որսորդական զենք չէ, մարտական է, իսկ մարտական զենքը նախատեսված չէ որսի համար, և բնականաբար մարտական զենք ամեն անձ կրելու իրավունք չունի: Մարտական զենքով նաև անարդյունավետ է փոքր կենդանիների ու թռչունների որսը, քանի որ փչացնում է այն»,-պատասխանեց ռազմական փորձագետը:

Քիչ անց էլ հավելեց. «Մի քիչ էլ ուշադիր նայելով՝ ավելի ՍԿՍ-ի (Самозарядный карабин Симонова) է նման, որը նախկինում մարտական էր, հիմա որսորդական է: Փամփուշտը՝ 7.62՝ ինչպես ԱԿՄ-ինն է»:

Հիշեցնենք, որ տեր Ղեւոնդն Aravot.am-ին ասել էր, որ ինքը մանկուց մեծացել է որսորդության մեջ, տեղյակ է, թե ինչ կարելի է որսալ, ինչ` ոչ, իսկ Կարմիր գրքում գրանցված սպանված թռչնի հետ կապ չունի:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. Ի դեպ, Արագածոտնի Թեմի Դիվանը տեղեկացնում է. «Տարիներ առաջ իմանալով Տ. Ղևոնդ քահանա Գափոյանի` թույլատրելիի սահմաններում որսասիրական հակումների մասին՝ թեմական համապատասխան մարմինը հորդորել է Տեր Հորը հրաժարվել իր նախասիրությունից` այն գիտակցությամբ, որ արարչագործությունը սրբազան նվեր է մարդկությանը, իսկ նրա պահպանությունը նվիրական առաքելություն` անկախ կրոնական պատկանելությունից, սեռից, հասարակության մեջ գրաված դիրքից, մասնագիտությունից և կոչումից: Ավելին, Արագածոտնի Թեմի Թեմակալ Առաջնորդի կողմից Տեր Հայրն արժանացել է խիստ նկատողության և անցել ապաշխարության շրջան:

Econews.am 30.10.2017թ. հրապարակած հոդվածից հետո` խնդրո առարկա հարցն Արագածոտնի Թեմի համապատասխան մարմնի կողմից առնված է քննության:

Ուսումնասիրության եզրակացությունը` ի պահանջել հարկին, ընկալյալ կարգի համաձայն կներկայացվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական Հանձնախմբին` առ ի տնօրինություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930