Այսօր տնտեսագետ Գագիկ Վարդանյանը, որը 2002 թ-ից 2006 թվականները զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության առևտրի եւ տնտեսական զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը, «Բլից ինֆո» մամուլի ակումբում հայտարարեց, որ Հայաստանի տնտեսությունը պետք է կառուցվածքային փոփոխություններ կրի, որպեսզի բազմաթիվ սոցիալական ծրագրեր իրագործվեն: Նրա համոզմամբ, պետք է բարձր ավելացված արժեք ստեղծվի մասնավորապես` մշակվող արդյունաբերության, ծառայությունների ոլորտներում:
Aravot.am-ը Գագիկ Վարդանյանից հետաքրքրվեց, թե ինչպիսի տարբերություն է տեսնում իր ղեկավարման տարիների եւ ներկայիս կառավարությունների միջեւ, արդյոք այս կառավարությունը, ինչպես որ խոստացել էր, պայքար տանում է մենաշնորհների դեմ:
Ի պատասխան, պարոն Վարդանյանն ասաց, որ կառավարությունը միշտ հայտարարել է մենաշնորհների դեմ պայքար, սակայն տնտեսագետի կարծիքով «մենաշնորհը միշտ չէ որ վատ է»: Պարոն Վարդանյանը «Արմենտելի» օրինակով բացատրեց, որ թեեւ մենաշնորհ ուներ, սակայն երկու տարի չի ցանկացել իր մենաշնորհն օգտագործել: Aravot.am-ի այն դիտարկմանը, որ օլիգարխները ճիշտ հակառակը, օգտվել եւ օգտվում են իրենց ընձեռած հնարավորություններից, արդյոք ներկայիս կառավարության կողմից տեսնում է այդ պայքարը, Գագիկ Վարդանյանը պատասխանեց. «Խնդիրն ուրիշ տեղ է. կան բնագավառներ, որ այդքան էլ շատ ցանկացողներ չկան, որ մտնեն, այսինքն` բնական ձեւով է ստացվել այդ մենաշնորհները»: Մանրամասները` տեսանյութում
Հարցին, թե Գագիկ Վարդանյանն էլ է կարծում, որ «Նաիրիտը» տունը մնացած աղջիկ է» եւ հնարավոր չէ այն աշխատեցնել, տնտեսագետն ասաց, որ «Նաիրիտ» գործարանի վերագործարկումը միլիոնավոր դոլարների ներդրում է պահանջում, քանի որ հին սարքավորումներով աշխատեցնելը ձեռնտու չէ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ