Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս օրենքի ընդունումից հետո գիտության մեջ մնացող երիտասարդների թիվը հասնելու է 1-2 տոկոսի». Հայկ Զաքարյան

Նոյեմբեր 01,2017 16:33

«Տարկետման իրավունքը հանելու մասին որոշումը կործանարար կլինի գիտության համար», -«Նոյյան տապան» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հանուն գիտության զարգացման նախաձեռնության անդամ Սևակ Գրիգորյանը:

Նա տեղեկացրեց, որ նախաձեռնությունը երկու շաբաթ առաջ են ստեղծել՝ ոգեշնչված 2014-ին կազմակերպված համանուն շարժմամբ՝ մտահոգ ուսանողներով: Շարժման անդամը տեղեկացրեց, որ իրենք կազմակերպել են նաև ստորագրահավաք. ունեն մոտ 2000 ստորագրություն:

Ըստ Սևակ Գրիգորյանի՝ արդեն զարգացում կա. խթանել են հանրային քննարկմանը, քանի որ հարցը սկզբից ծածկված էր, և անգամ չէր էլ նշվում, որ տարկետման վերացումը տարածվում է նաև ներկայիս ուսանողների վրա. «Համամիտ չեմ, որ այս որոշումը կլուծի սոցիալական արդարության խնդիրը: Համամիտ չեմ նաև այն պատճառաբանությանը, թե բոլորը հավասար են և պետք է ծառայեն ու իրենց պարտքը տան հայրենիքին: Հենց մենք դրան ենք դեմ: Ասում են՝ տարկետումը կդառնա բանակից խուսափելու միջոց, բայց խուսափողը, մեկ է, գտնելու է խուսափելու ճանապարհը»:

Հանուն գիտության զարգացման նախաձեռնության անդամ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի մագիստրանտ Վահան Կոստանյանը նշեց, որ ՀՀ ԿԳ և ՊՆ նախարարներին ուղղված նամակում համառոտ կերպով ներկայացրել են իրենց մտահոգությունները, նաև հիմնավորումներ:

Վահան Կոստանյանը հավաստիացրեց. «Միայն զինված ուժերում չէ, որ այս ծառայությունը կարելի է մատուցել պետությանը: Խնդիրը պետություն կերտելու տեսլականի մեջ է: Եթե ուզում ենք ռազմականացված պետություն ունենալ, դա մի հարց է, բայց եթե հայտարարում ենք երկրի թոփ դեմքերի բերանով, որ մենք ինտելեկտուալ Հայաստան ենք կառուցելու, սա արդեն խնդրի մյուս կողմն է: Այդտեղ հակասություն է առաջանում»:

Անդրադառնալով այն պատճառաբանություններին, թե մենք պատերազմի մեջ գտնվող պետություն ենք, հետևաբար այս փոփոխություններն արդարացված են, Վահան Կոստանյանն ասաց. «21-րդ դարում պայքարում են ոչ միայն անձինք ու զինվորները, որոնք կանգնած են սահմանին, այլև նորագույն տեխնիկան: Պայքարը գնում է նաև օնլայն հարթակում: Բերեք ասպիրանտական թեկնածուական թեմաները որոշակիորեն հարմարեցրեք այսօրվա իրավիճակին, որպեսզի դրանք կիրառական նշանակություն ունենան»:

Վահան Կոստանյանն ընդունեց, որ գիտության ոլորտում գոյություն ունի կոռուպցիա, բայց հավաստիացրեց, որ այս նախագիծը ոչ թե պատճառները, այլ հետևանքներն է վերացնելու: Նա առաջարկեց ակադեմիական տարկետումը պահպանել այն տեսքով, որն ունի այսօր և նշեց, որ իրենք ձեռք են մեկնում համապատասխան գերատեսչություններին այդ կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարելու համար:

Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի գիտաշխատող Հայկ Զաքարյանը վստահեցրեց, եթե այս օրենքն ընդունվի, մարդիկ ասպիրանտ կամ թեկնածու կարող են դառնալ միայն 29, 30 տարեկանում, և այդ ժամանակ սոցիալական խնդիրը նրանց համար շատ ավելի սուր կլինի. «Եթե հիմա 20 տոկոսն է մնում գիտության մեջ, այս օրենքի ընդունումից հետո այդ թիվը կնվազի»:

Այն հավաստիացումներին, թե գիտությամբ զբաղվել ցանկացողը բանակում ծառայելուց հետո էլ դա կանի, Հայկ Զաքարյանն այսպես արձագանքեց. «Դա այդպես չէ. մարդ դառնում է գիտնական՝ միջավայրից ելնելով: Համակարգն այնպիսին պիտի լինի, որ ուսանողին կրթի, մեծացնի ու դարձնի գիտնական: Եթե միջավայրը չլինի, հավաստիացնում եմ, գիտության մեջ մնացողների 20 տոկոսը կնվազի՝ կհասնի 1-2-ի: Եթե օրենքն ընդունվի, առաջիկա երկու-երեք տարվա ընթացքում ոչ մի ֆակուլտետում՝ մանավանդ բնագիտական, որտեղ տղաների թիվը մեծ է, ո՛չ ասպիրանտ, ո՛չ մագիստրոս չի լինի, բակալավրիատի ուսանողերի թիվն էլ կնվազի: Դա մեծ խնդիր է համալսարանի համար: Կնվազի նաև դասախոսների թիվը»:

Հարցին՝ արդյոք պրոֆեսորադասախոսական կազմը միացե՞լ է նախաձեռնությանը, Հայկ Զաքարյանը պատասխանեց՝ տեղեկացնելով, որ իրենց ստորագրահավաքին միացել են ԵՊՀ ռադիոֆիզիկայի, մաթեմատիկայի, ֆիզիկայի ֆակուլտետների դեկանները, փոխդեկանները, ամբիոնի վարիչներ:

Վահան Կոստանյանն էլ այս առիթով հավելեց, որ անձնական քննարկումներում պրոֆեսորադասախոսական կազմն իրենց հետ համամիտ է, բայց երբ գործը հասնում է հրապարակային ելույթներին, շատերը հրաժարվում են իրենց դիրքորոշումը հայտնել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Նոյյան տապան»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930