Լրահոս
Օրվա լրահոսը

«Զարմանո՞ւմ ես, ցավդ տանեմ». ի՞նչ եղավ, երբ դատավորը ճշտեց Արայիկ Խանդոյանի երեխաների թիվը

Նոյեմբեր 01,2017 16:13

«Հուսամ առողջությունս կհերիքի, որ այս պատերազմում էլ հաղթենք ու երկիրը մաքրենք ազգադավերից»,-«Սասնա ծռերի» գործով դատական նիստում այսօր ամբաստանյալների ինքնության ճշտման ժամանակ, երբ դատավոր Մեսրոպ Մակյանը հետաքրքրվում էր առողջական վիճակի մասին, ասաց ամբաստանյալներից Պավել Մանուկյանը: Նա էլ, ինչպես գործով ամբաստանյալ որդին՝ Արամ Մանուկյանը, նշեց, որ ծնվել է ՀՀ մարզ Արցախի քաղաք Ստեփանակերտում:

Ամբաստանյալներից Արայիկ Խանդոյանի ինքնության ճշտման ժամանակ էլ վերջինս ասաց, որ հինգ երեխա ունի՝ ամենամեծը 24 տարեկան է, իսկ կրտսերը՝ 10: Դատավորը կրկնակի հարցով ճշտեց՝ «5՞»:

-Այո, հինգ…զարմանո՞ւմ ես, ցավդ տանեմ,-պատասխանեց Խանդոյանը:

-Չէ, ուրախանում եմ,-ասաց դատավոր Մեսրոպ Մակյանը:

-Ապրես,-արձագանքեց ազատամարտիկը:

Երկխոսությանը միջամտեց ամբաստանյալներից Պավել Մանուկյանը եւ կատակեց. «Որ չխանգարեինք, մի հատ էլ կունենար»: Դատավորն էլ հուսադրեց. «Կունենաք, կունենաք»:

Ինչ վերաբերում է առողջական վիճակին, Արայիկ Խանդոյանը դատարանին հայտնեց, որ 19 անգամ Արցախյան ազատամարտի ժամանակ է վիրավորվել, 2 անգամ էլ՝ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ:

Ամբաստանյալներից Գագիկ Եղիազարյանն էլ դատավորին ասաց՝ ամուսնացած չէ, բայց կհասցնի՝ «ի հեճուկս ցեղասպան ռեժիմի»: Ապա Գագիկ Եղիազարյանը ՀՀ-ն Ռուսաստանի գաղութ անվանեց ու գոհունակություն հայտնեց, որ իր հայրենի գյուղում բնակվում է ազատամարտիկի անվան փողոցում, ոչ թե Սեւանում գտնվող «Կարմիր բանակի» փողոցում, որտեղ հաշվառված է ամբաստանյալներից Էդվարդ Գրիգորյանը:

Այնուհետեւ Մեսրոպ Մակյանը ցանկանում էր անցնել հաջորդ դատավարական գործողությանը, երբ ամբաստանյալներից Սմբատ Բարսեղյանը տեղից բղավեց «բա ե՞ս»՝ ակնարկելով, որ իրեն «մոռացել են»: Իր ինքնության ճշտման ժամանակ էլ Բարսեղյանը դժգոհեց, որ մինչեւ ՊՊԾ գնդի գրավումը ԵՊՀ-ում է սովորել: Նրա խոսքով՝ օրենքը թույլ է տալիս կալանավայրում ուսումը շարունակել, մինչդեռ իր այդ իրավունքը սահմանափակում են: Նիստը կրկին ընդմիջվեց:

Ի դեպ, դատավոր Մեսրոպ Մակյանը, դատավոր Արթուր Օհանյանի պես, ուշադրություն չի դարձնում այն փաստին, որ ամբաստանյալներն իր գալուն պես ոտքի չեն կանգնում եւ խոսում են տեղից՝ կրկին առանց ոտքի կանգնելու: Այս դեպքերում գործով անջատված մասերից մեկով նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը մշտապես սանկցիաներ էր կիրառում ամբաստանյալների հանդեպ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    իսկ սպանուած հայորդիները քանի՞ հատ երեխայ ունէին… իսկ անոնք մի հատ ել չեն ունենալու, հաստատ…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930