ԵՊՀ տարբեր կառույցների ներկայացուցիչներ եռօրյա ճանապարհորդություն ունեցան դեպի Արցախ։ Ուղևորության առաջին օրը՝ հոկտեմբերի 27-ին, նրանք Քարվաճառում իրականացրել են ծառատունկ, հիմնել հայոց բանակի 25- ամյակին նվիրված պուրակ, ինչպես նաև այցելել են Քարվաճառի դպրոց և գրքեր նվիրել։
Երկրորդ օրը համալսարանականներն այցելեցին ԼՂՀ զոհված ազատամարտիկների հիշատակի թանգարան և Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն, որտեղ հանդիպում ունեցան միության նախագահ Վերա Գրիգորյանի հետ։
Հաջորդ հանդիպումը՝ Արցախի արտաքին գործերի նախարարի հետ էր։ Համալսարանականները եղել են նաեւ Արցախի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում և արևային վահանակ նվիրել։ Յուրատեսակ ուխտագնացությանը մաս են կազմել այցելությունները Գանձասար, Արցախի Տիգրանակերտ և Շուշի։
Վերջին կանգառը Բերձորն էր: Այստեղ համալսարանականներին գրկաբաց ընդունել է արցախյան շարժման ակտիվ մասնակից, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան Գուրգեն Մելիքյանը։ Ինչպես ամեն տարի, այս տարի ևս պարոն Մելիքյանը ուսանողների հետ միասին Բերձորում տնկեց ընկուզենիներ։
«Նման միջոցառումների շնորհիվ ամուր է բուհ-Արցախ կապը: Արցախի այցերին ներգրավում ենք հնարավորինս շատ ուսանողների, հատկապես նրանց, որոնք գիտակցում են այցի իմաստը: Ամեն տարի մենք իրականացնում ենք ծառատունկ ազատագրված տարածքներում, որպեսզի շենացնենք մեր երկիրն ու ապացուցենք, որ այս հողի տերը մենք ենք»,- ասել է ԵՊՀ ՈՒԽ նախագահ Արմեն Խաչիկյանը։
Վարսիկ ՍԱՀՐԱԴՅԱՆ