Այսօր լրագրողները ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցին՝ ճի՞շտ է, որ ՀՀԿ-ականները «քֆուր են կերել», որ Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագիծը չի անցնելու, այդ մասին լուր էր տպագրել «Հրապարակը»:
Շարմազանովը պատասխանեց, որ նման բան չկա, օրենքի նախնական տարբերակում կան վիճահարույց կետեր, քննարկումներ են անում, որ բերեն այն տեսքի, որն ընդունելի է. «Ի՞նչ է նշանակում ՀՀԿ-ն քֆուր է կերել»:
Նա ասաց՝ լսումների ժամանակ միայն ՀՀԿ-ականնե՞րն են մտահոգություն հայտնել, եղել են շատ պատգամավորներ, որ խնդիրներ են տեսել նախագծում:
Շարմազանովի խոսքով՝ տնտեսական բռնության, հոգեբանական բռնության հետ կապված որոշակիություն չկա, այդ դրույթները ամեն մեկը մի ձեւ է մեկնաբանում, ապաստարանների հարցը կա, թե ով է վերահսկելու, եթե շատ լինեն, ծախսերը ոնց են փակելու, ծնողի հեղինակության հետ կապված հազար ու մի պրոբլեմ կա. «Մենք ազգային պահպանողական կուսակցություն ենք, մեր պետության հիմնասյունը ավանդական ընտանիքն է: Եթե ինչ-որ մարդիկ մոռացել են, տեղեկացնեմ ՀՀ նախագահի խոսքը ՀՀԿ-ի համագումարում, որը նշեց, որ մեր հասարակության հիմքը ավանդական հայկական ընտանիքն է: Բոլոր այն կետերը, որոնք խնդրահարույց են ավանդական հայկական ընտանիքի արժեքային համակարգին, պետք է առաջարկենք վերանայել: Ավանդական հայկական ընտանիքը ծեծ ու ջարդը չի, եթե մեզ այդպես են պատկերացնում, ես ցավում եմ այդ ընդդիմախոսների համար: Ո՞ր նորմալ մարդն է բռնությանը կողմնակից, ծեծ ու ջարդին կողմնակից, մենք բոլորս բռնությանը դեմ ենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ