«Ադրբեջանը չի ցանկանում հրաժարվել հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մտադրությունից: Հետեւաբար, նոր ապրիլյան պատերազմ սանձազերծելու ներքին արգելքներ չունի: Սա նշանակում է, որ նման զարգացումների դեպքում հայկական կողմը չպետք է անակնկալի գա, թույլ չտա հակառակորդին հասնել իր նպատակներին»,- այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Բանակցային գործընթացն, ըստ բանախոսի, շարունակվում է, սակայն, ցավոք, բանակցությունները կարգավորման վերաբերյալ չեն, այլ հակամարտությունը կառավարելիության հունի մեջ պահելու եւ լարվածությունը մեղմելու: Կարծում է` հայկական կողմը պետք է անի ամեն ինչ՝ համառ ջանքերով հասնելու ցանկալի հանգուցալուծման: Ի դեպ, քաղաքագետը կարծում է, որ բանակցային գործընթացի վերջին զարգացումները դրական են հայկական կողմի համար:
Ադրբեջանի`ռազմական տարբերակով Արցախի հարցի լուծման նկրտումներն, ըստ Ռուբեն Մեհրաբյանի, պետք է զգոնության ազդակ լինեն հայկական կողմի համար: Այս համատեքստում անդրադառնալով խորհրդարանի կողմից վերջերս ընդունված եւ հասարակական մեծ աղմուկ առաջացրած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծին, փորձագետն ասաց, որ տարկետումը վերացնելու դրույթում ինքը վիճահարույց ոչինչ չի տեսնում:
Մանրամասները` տեսանյութում
Քաղաքագետը համամիտ է նախագահ Սերժ Սարգսյանի հետ` Հայաստանը պետք է ունենա հզոր ռեզերվ: Նկատում է, որ եւ Ֆինլանդիայում, եւ Իսրայելում, երբ անհրաժեշտության դեպքում գործի դրվի ռեզերվը, դրանք ոչնչով չեն զիջելու գործող զորամիավորումներին. «Հայաստանը պարտավոր է իր զինված ուժերը նման մակարդակի հասցնել, դա թելադրված է տարածաշրջանային մարտահրավերներով»:
Բանակային փոփոխությունները ենթադրում են նաեւ կրթության եւ գիտության ոլորտի փոփոխություններ: «ԳԱԱ կոչվող թթվի քարը Հայաստանում գիտության զարգացման առաջին խոչընդոտն է: Սիլիկոնային հովտում քանի՞ ԳԱԱ կա, Իսրայելում էլ չկա, բայց կա պետական քաղաքականություն`գիտելիքահեն ստարտափներին օգնելու համար: ԳԱԱ-ն կույրաղիք է: Բարձրագույն կրթության համակարգը պետք է մաքրել սովետական աղբից: Դա է կրթության զարգացմանը խոչընդոտում, ոչ թե ուսանողներին բանակ տանելը»,- հայտարարեց փորձագետը`տարակուսելով, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարը դեռ կարծիք չի հայտնել այս մասին:
Մանրամասները`տեսանյութում
Վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում դասախոսության ժամանակ հայտարարեց`Արցախի հարցում ցավոտ լուծում է լինելու: Լրագրողներից մեկի`այդ առիթով հարցին, քաղաքագետն ասաց. «Այն, որ այդ հակամարտությունը ունի լուծում եւ փոխզիջումներով, դրա մասին խոսել են Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Հեյդար Ալիեւը, նույնիսկ Իլհամ Ալիեւը: Ցանկացած փոխզիջում ցավոտ է»: Քաղաքագետի դիտարկմամբ` փոխզիջման մասին պատկերացումներն են տարբեր: Բայց ինքը հնարավորություն չի տեսնում, որ Արցախի հարցի լուծումը մոտ ապագայում է լինելու:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ