Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ընթանում է 2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի գործով դատական նիստը՝ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան գործուղված դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ: Հիշեցնենք, որ գործը քննվում է երեք անջատ մասերով:
Պաշտպանական կողմից ներկայացվեց դատավոր Մեսրոպ Մակյանի ինքնաբացարկի միջնորդություն: Ամբաստանյալներից Գագիկ Եղիազարյանն ասաց՝ դատավորն արդեն իսկ կանխակալ է, քանի որ թույլատրել է իրենց տեսակցությունները եւ հեռախոսազանգերը միայն մերձավոր ազգականների հետ, իսկ որոշ ամբաստանյալների, օրինակ՝ Պավել Մանուկյանի դեպքում, առհասարակ չի թույլատրել. «Բոլոր ՔԿՀ-ներում եթե այլ անձինք էլ են գալիս տեսակցության, դրա համար հատուկ դիմում ենք մենք գրում: Եթե իմ քույրն, օրինակ, իր երկու անչափահաս երեխաներին բերում է տեսակցության, ՔԿՀ-ի ղեկավարությունն իրավունք չի ունենում իրենց թույլատրել: Քույրս երկընտրանքի առաջ է կանգնում, թե որտեղ թողնի փոքր երեխաներին, որ գա ինձ տեսակցելու»:
Եղիազարյանի բնորոշմամբ՝ հայկական ավանդական ընտանիքում մի հարկի տակ սերունդներ են ապրում, մինչդեռ նշյալ կարգը սահմանողները չգիտեն, որ հորեղբայրը եւս մերձավոր ազգական է համարվում: «Ըստ Գեւորգ Կոստանյանի եւ այլ իրավաբանների, փաստաբանների, «Սասնա ծռերի» մեծ մասը պետք է ազատ արձակվեր, իսկ դուք մեր խափանման միջոցն անփոփոխ եք թողել»,-շարունակեց Գագիկ Եղիազարյանը:
Դատավոր Մեսրոպ Մակյանը խնդրի առնչությամբ հայտարարեց՝ տեսակցությունների առնչությամբ բավարարել է այն միջնորդությունները, որոնք ներկայացվել են պաշտպանների կողմից. «Ինչ վերաբերում է մերձավոր ազգականներին, կներեք, բայց ես չգիտեմ՝ դուք քույր ունեք, թե ոչ: Եթե կներկայացվեն նման միջնորդություններ, դատարանը կքննարկի»:
Մանրամասն՝ քիչ ուշ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ