Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողներին ԱԺ-ում չեն մեկուսացնելու. Արա Սաղաթելյանը փարատեց մտահոգությունը՝ նրանք ազատ են լինել ԱԺ միջանցքում (Տեսանյութ)

Նոյեմբեր 01,2017 12:46

ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանից այսօր ԱԺ-ում հետաքրքրվեցինք, թե պատգամավորների աշխատավարձից որքա՞ն գումար է պահվել՝ ԱԺ նիստերին չմասնակցելու համար: Նա պատասխանեց, որ տվյալներ ձեռքի տակ չկան, կտրամադրեն ավելի ուշ:

Ինչպես տեղեկացրել ենք, ԱԺ-ում լրագրողների համար երկու տարբեր սրահներ են ստեղծվելու: Սա մտավախության տեղիք է տվել լրագրողների շրջանում, որովհետեւ կասկածներ կան, որ լրագրողներին ուզում են մեկուսացնել, որ այլեւս ԱԺ միջանցքներում պատգամավորների հետ չշփվեն, հարցեր չտան եւ այլն: Սակայն Արա Սաղաթելյանը այս մտահոգությունները փարատեց՝ լրագրողներն ազատ են՝ կուզեն, թող կուչ գան ԱԺ միջանցքում ու սպասեն պատգամավորի:

Սաղաթելյանն ասաց, որ նույնիսկ երրորդ սրահն են մտածել, որը արդեն կլինի 2019-ին: Նա բացատրեց, թե ԱԺ շենքի որ հատվածն են տրամադրելու լրագրողների համար, ինչպես են կահավորելու. «Կլինեն համակարգիչներ, կարող է նստել, հանգիստ աշխատել: Դրա հետ զուգահեռ կստեղծենք նաեւ բազկաթոռներով միջավայր, որտեղն հնարավոր կլինի անել հարցազրույցներ, նստել հանգիստ զրուցել, սրճել եւ այլն: Այդ տարածքը հագեցված կլինի ինտերնետով, նորմալ լուսավորությամբ, որ կադրը լինի նորմալ»:

Հայտնի է, որ ԱԺ-ում լրագրողների համար օթյակ կար, կադրերը կարող էին լինել միայն դեմքով ԱԺ նախագահի, փոխնախագահների բազկաթոռային հատվածից: Հիմա օթյակի երկու սրահների պատերը հանվելու են, տարածքն ընդլայնելու են, տեղադրելու են ապակիներ, իրավաբանական վարչության աշխատակիցներին տեղափոխելու են այլ սրահ: Հեռուստաընկերությունների եւ ռադիոյի համար էլ սրահներից մեկը փորձելու են ձայնամեկուսացնել:

Ինչ վերաբերում է 3-րդ սրահին, գրադարանի հենքի վրա ստեղծվելու է դիսկուսիոն կենտրոն: Այնտեղ հնարավորություն կլինի մի բաժակ սուրճի նստել լրագրողների հետ, հասկանալ թեման. «Տեսախցիկների առկայությունը որոշակի կաշկանդում է, պետք է լինի միջավայր, որտեղ կարելի է նստել, զրուցել, հասկանալ»:

Ամենակարեւորը՝ լրագրողներին չի արգելվելու ԱԺ միջանցքներում լինել, այսինքն՝ այս սրահները կառուցելով՝ նրանք չեն մեկուսանա պատգամավորներից. «Նպատակը հետեւյալն է, ստեղծել տեղեր, որտեղ լրագրողը կլինի ավելի հաճույքով: Հիմա եթե լրագրողն ուզում է կուչ եկած միջանցքում նստի աթոռին «լափթոփով»՝ խնդրեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930