Այսօր ԱԺ հանձնաժողովներում շարունակվում են 2018-ի բյուջեի նախագծի քննարկումները:
ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը ներկայացրեց, թե ինչ ծախսեր են անելու խորհրդարանում: ԱԺ աշխատակազմի համար նախատեսված է հատկացնել 4 մլրդ 595 մլն դրամ: Սա 233 մլն դրամով ավելի է, քան նախորդ տարի:
ԱԺ-ի էներգետիկ ծախսերի համար 50 մլն դրամ ավելանալու են միջոցները, ԱԺ մոտ 1000 քմ տարածքի ընթացիկ վերանորոգման համար 97 մլն դրամ է հատկացվելու, անցյալ տարի ընդամենը 12 մլն էր: Ներկայացուցչական ծախսերի գծով կան ավելացումներ, 300 մլն-ով ավելանալու են արտասահմանյան գործուղումների ծախսերը:
Կրճատվել է աշխատակազմի ֆոնդը, բայց աշխատավարձերը չեն պակասել, պատգամավորներն են կրճատվել:
ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը հարցրեց. «Երբ ասացիք կստեղծվեն պայմաններ լրագրողների աշխատանքի դյուրացման համար, ի՞նչ նկատի ունեք, ասուլիսների համար հատուկ տեղե՞ր պիտի հատկացվեն, կոնկրետ ի՞նչ պիտի արվի»:
Արա Սաղաթելյանը պատասխանեց, որ ծրագրավորում են երկու առանձին միջավայր ստեղծել լրագրողների համար. «ԱԺ տարածքում կհատկացվեն առանձին տարածքներ՝ ժամանակակից տեխնիկայով, օդորակիչներով հագեցված, որտեղ կլինեն համակարգիչներ, նորմալ ինտերնետ, նորմալ լուսավորություն՝ նորմալ նկար ստանալու համար, այսինքն՝ ժամանակակից մեդիա միջավայր: Լրագրողը, որը հավատարմագրված է ԱԺ-ում, կարող է այնտեղից հետեւել ԱԺ նիստերին, ոչ թե միջանցքում նստեն այսպես ընկճված»:
Սա լրագրողների շրջանում քննարկումների ու մտավախությունների տեղիք տվեց, առ այն, որ լրագրողներին ԱԺ-ում ուզում են մեկուսացնել: Այս մասին Արա Սաղաթելյանի պարզաբանումները՝ շուտով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ