SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 31-ին, Գորիսի բանտում տեղի ունեցած արտակարգ միջադեպի փաստով։
Գորիսի բանտում Հայաստանի քննչական կոմիտեի և քրեակատարողական վարչության աշխատակիցների կողմից ռեժիմային մասնաշենքում քննչական և դատավարական գործողություններ կատարելու ժամանակ մասնաշենքի 1-ին և 2-րդ հարկերի խցերում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների միջև առաջացել են անհարկի դժգոհություններ։ Այն վերածվել է խցերի դռներին և կերակրադռնակներին հարվածելուն, խցերից հայհոյանքներ և վիրավորական արտահայտություններ հնչեցնելուն։
Այդ ամենով չբավարարվելով՝ մի քանի հոգի այրված անկողնային պարագաներ և կենցաղային իրեր են դուրս նետել կերակրադռնակներից և պատուհաններից։ Բողոքավորների գործողությունների հետևանքով կոտրվել են մի քանի խցերի կերակրադռնակներ, իսկ որոշ խցերի փականներ էլ վնասվել են։
ՀՀ ԱՆ ՔԿ վարչության հանրային կապեր բաժնից ավելի ուշ պարզաբանել են «Գորիս» ՔԿ հիմնարկում միջադեպի վերաբերյալ լուրերը
«Քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ հրապարակված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Ինչ վերաբերում է հրապարակման մեջ տեղ գտած պնդմանը, թե «Գորիս» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում, ապա հայտնենք, որ իրականում նյութեր նախապատրաստվում են վերոնշյալ քրեակատարողական հիմնարկում որոշ դատապարտյալների և կալանավորված անձանց կողմից օրեր առաջ ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու կապակցությամբ»:
«Գորիս» ՔԿՀ-ի լուսանկարը՝ «Սյունյաց երկիր» թերթի