Լրահոս
Օրվա լրահոսը

Կանանց անիմաստ ագրեսիայի ֆոնին առավել ընդգծվում ու երեւում է «Ելքի» տրամաբանված, կառուցողական ու երեւանցու շահերից բխող աշխատանքը. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 01,2017 11:11

Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստերն այսչափ ուրախ չէին անցնի, եթե չլիներ «Երկիր ծիրանի» խմբակցության կանանց եռյակ «գունդը», որին միտք, գաղափար եւ վերջապես «դրայվ» տվողը ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանն է:
Զարուհին ու իր զինակից կանայք դեմ են քվեարկում օրակարգի բոլոր հարցերին, բոլոր առաջարկներին, անկախ նրանից՝ լավ, թե վատ առաջարկ է, էականը՝ ընդդիմադիր շոումենի խելագար դերի մեջ լինելն է: Ինչն արտահայտվում է նրանով, որ կանայք աջ ու ձախ վիրավորում են մարդկանց ու զազրախոսում հեղինակավոր անձանց հասցեին:

«Երկիր ծիրանիի» կանանց գունդն ապշեցնում է օրենքների չիմացությամբ, ներկայացված օրակարգի, հնչող հարցերի եւ, առհասարակ, համայնքային խնդիրների անտեղյակությամբ:

Կարեւոր թեմաների քննարկման պահին հանկարծ բարձրացնում են բոլորովին այլ հարցեր, խոսում ներկայացված նախագծերի հետ որեւէ առնչություն չունեցող թեմաներից:

Ի դեպ, «Երկիր ծիրանիի» տիկնայք յուրօրինակ գործելաոճ են որդեգրել. Զարուհի Փոստանջյանը գրեթե չի խոսում՝ հարցեր չի տալիս, ելույթ չի ունենում. այդ ծանր պարտականությունը դրել է Մարինա Խաչատրյան-Սոնա Աղեկյան զույգի վրա: Զարուհին իրականում դիրիժորություն է անում՝ հենց տեղում, շուտասելուկի պես կանանց հուշելով, թե նրանք ինչի՞ մասին պետք է խոսեն, սրանք էլ հրահանգի համաձայն՝ դիրքավորվում են ու սկսում, շատ հաճախ արժանանալով ներկաների ծիծաղին: Իսկ առավել զավեշտալիցն այն է, որ կանայք իրենց անիմաստ հարցերն ու ելույթները հնչեցնում են դեմքի այնքան լուրջ արտահայտությամբ, կարծես իրոք լուրջ գործով են զբաղված:

Ի դեպ, երեկվա նիստում նկատեցինք նաեւ, որ տիկնանց ցանկությունն է՝ անվերջ լինել տեսախցիկների տեսադաշտում: Ինչպես տեղին նկատեց ավագանու ՀՀԿ-ական անդամ Նաիրա Նահապետյանը՝ երբ միացվում են լրատվամիջոցների տեսախցիկները, ձայնագրիչները, ու սկսվում է նկարահանումը, «Երկիր ծիրանի» խմբակցության կանայք անմիջապես անցնում են նիստը խանգարելու իրենց գործին, նրանց բարձրախոսները միշտ միացած են։

Ամեն ինչ անում են, որ իրենց ձայնը լսելի լինի լրատվամիջոցների համար, իսկ սա ակնհայտորեն մի բան է նշանակում՝ ոչ թե ուզում են աշխատել Երեւանի համար, այլ ծառայում են ինչ-որ «ականջների»:

Ի դեպ, կանանց գնդի աշխատաոճը հրաշալի գովազդ է ավագանու «Ելք» խմբակցության համար: Քանի որ կանանց անիմաստ ագրեսիայի ֆոնին առավել ընդգծվում ու երեւում է «Ելքի» տրամաբանված, կառուցողական ու երեւանցու շահերից բխող աշխատանքը:
Երեկվա նիստին կանանց գունդը «զինված» էր եկել՝ այն հերթական շոուի վերածելու մտադրությամբ: Մարինե Խաչատրյանի աթոռի մոտ մի թղթե տոպրակ էր դրված, որի մեծ չափերը գրավեցին ներկաների ուշադրությունը: Եվ մինչ լրագրողներով մեկմեկու հարցուփորձ կանեինք՝ հասկանալու, թե ի՞նչ է տոպրակը պարունակում, տիկինը բացեց այն ու հանեց մի մեծ բարձրախոս, իսկ եւ իսկ փողոցային երթերի, ցույցերի բարձրախոսի պես մի սարք:

Հետո արագ լիցքավորեց ու մոտեցրեց բերանին. դահլիճում պոռթկաց ծիծաղը: Բարձրախոսից բացի «Երկիր ծիրանիի» սեղանի պարունակությունը մեկ այլ իրով եւս տարբերվում է մյուսներից. նրանց սեղանին կա ժամացույց, ոչ սովորական, այլ ավազի:
Երեկվա նիստը հայտնվել էր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում շնորհիվ դեռ օրեր առաջ «Երկիր ծիրանիի» նախագահ Զ.Փոստանջյանի բարձրացրած աղմուկի: Տիկնոջը վորդովեցրել էր, որ ՀՀ վաստակավոր արտիստ Հրանտ Թոխատյանը «հանդգնել» է Երեւանում բացառիկ մշակութային կենտրոն ստեղծել։

Իսկ քաղաքապետարանը հավանության է արժանացրել «Արվեստի այբուբեն» մշակութային կենտրոնի հիմնադրամի ներկայացրած ծրագիրը։ «Կանազ» մշակութային կենտրոնը 10 տարի անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է վերոնշյալ հիմնադրամին:

Տեղեկացնենք, որ կենտրոնում, նորոգումից հետո, նախատեսվում է իրականացնել թատրոնի, արվեստի դպրոց, պարարվեստի, երաժշտարվեստի, կերպարվեստի, մեդիա ոլորտի ուսուցման ծրագրեր, այն իրապես կդառնա մշակութային բարձր արժեքների տարածման մի հրաշալի վայր:

Բայց արի ու տես, որ Հրանտ Թոխատյանի ու պրոդյուսեր Արմեն Համբարձումյանի այս հրաշալի նախաձեռնությունն արժանացավ Փոստանջյանի անխնա քննադատությանը, նա տարածեց մի հայտարարություն, ուր փորձեց հեղինակազրկել, պիտակավորել թե՛ նախագծի հեղինակներին, թե՛ արժեզրկել կատարվելիք աշխատանքը:

Ա. Սիմոնյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930