ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ջավախքցի Շիրակ Թորոսյանն ասաց, որ Ռուբեն Սադոյանին ինքը վաղուց է ճանաչում՝ շատ պատրաստված, խոհեմ, խելացի անձնավորություն է։ «Եվ կարծում եմ՝ կկարողանա հայ-վրացական հարաբերությունները բարձր մակարդակի վրա պահել։ Իհարկե, իդեալական կլիներ, եթե պրոֆեսիոնալ դիվանագետ նշանակվեր, որովհետեւ, ամեն դեպքում, դիվանագիտությունը մի արվեստ է, որտեղ արհեստավարժությունն իր տեղն ունի։ Բայց, ամեն դեպքում, ես հույս ունեմ, որ պարոն Սադոյանն իսկապես կկարողանա անել այն, ինչ իրենից ակնկալվում է»,- ասաց Թորոսյանը։
– Տարօրինա՞կ չէր նրա նշանակումը, նա ի՞նչ կապ ունի արտաքին քաղաքականության կամ Վրաստանի ու Ջավախքի հետ։
– Երբ մենք նայում ենք դիվանագետներին, եւ, ընդհանրապես, ամբողջ աշխարհում դա ընդունված է, դեսպանի պաշտոնում նշանակվում են հաճախ ոչ պրոֆեսիոնալներ՝ հաշվի առնելով մարդու ունեցած դերը, դիրքը հասարակության մեջ, անցած ճանապարհը։ Կրկնում եմ՝ իդեալական կլիներ, եթե պրոֆեսիոնալ դեսպան նշանակվեր։
Բայց, ամեն դեպքում, Սադոյանի մտավոր, ինտելեկտուալ հնարավորությունները մեզ թույլ են տալիս հուսալու, որ նա կկարողանա իր առջեւ դրված խնդիրները հաջողությամբ լուծել։
Ընդհանրապես, ցանկացած նշանակումից առաջ եւ հետո առաջին տեղում միշտ հույս փայփայելն է, որովհետեւ ոչ ոք չգիտի, թե ոնց կստացվի կամ ինչ չափով կստացվի։ Դրա համար, բոլոր դեպքերում, մարդիկ միշտ հուսադրված են որեւէ քայլ կատարում, եւ մենք կսպասենք արդյունքներին:
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում