Անվանի դերասան, ժողովրդական արտիստ Հովհ. Աբելյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված արտիստի անվան Վանաձորի պետական դրամատիկական թատրոնի նախաձեռնությամբ 2015թ. անցկացվեց հանրապետական փառատոն: Սա առաջին նման միջոցառումն էր եւ, ինչպես ներկայացվեց՝ այն կդառնա ավանդական, կանցկացվի երկու տարին մեկ եւ կնվիրվի որեւէ նշանավոր մշակութային գործչի:
Աբելյանցիները հավատարիմ մնալով իրենց խոստմանը, վերջերս երկրորդ անգամ անցկացրին հանրապետական թատերական փառատոն՝ «Հայ ժամանակակից դրամատուրգիա» խորագրով, այս անգամ՝ նվիրված արձակագիր Հրանտ Մաթեւոսյանին: Նկատենք, որ մեզանում երբեւէ չի անցկացվել փառատոն, որը բացառապես ներառի հայ ժամանակակից թատերագիրների պիեսների բեմադրություններ:
Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը, տնօրենը՝ Ագնեսա Շահնազարյանը: Վանաձորի, Գյումրիի, Թբիլիսիի եւ Երեւանի որոշ թատրոններ, ինչպես նաեւ Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի ուսումնական թատրոնը մեկ շաբաթվա ընթացքում հանդես եկան իրենց խաղացանկային մեկական բեմադրություններով: Փառատոնի ավարտին էլ, մրցանակաբաշխության օրը ժյուրիի որոշմամբ դրամատուրգներ Կարինե Խոդիկյանը, Նելլի Շահնազարյանը, Էլֆիք Զոհրաբյանը, Արմեն Բայանդուրյանն ու Սամվել Խալաթյանն արժանացան Հովհ. Աբելյանի պատվավոր հուշամեդալի: Հր. Մաթեւոսյանի անվան հատուկ մրցանակի արժանացավ ռեժիսոր Վահե Շահվերդյանը, «Լավագույն հանդիսատես» մրցանակին՝ պարզապես թատերասեր Լիաննա Անտոնյանը: Ի դեպ, ժյուրիի աշխատանքներին մասնակցում էին Սամվել Խալաթյանը, ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը, «Արմմոնո» փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, թատերագետ Ռուզան Առաքելյանը եւ ուրիշներ: «Առավոտի» հետ զրույցում Կարինե Խոդիկյանն ասաց. «Լեփ-լեցուն դահլիճներում անցկացված փառատոնն իսկապես ընդգրկել էր բարձրարվեստ ներկայացումներ, բազմաժանր պիեսների բեմադրություններ:
Մի կարեւոր հանգամանք՝ փառատոնային օրերին հավաքված էին թատրոն գնահատող մարդիկ: Ձեւաչափը ստանդարտ չէր. չկային ընդունված անվանակարգեր՝ «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն դերասան» եւ այլն: Իսկ որ ամենակարեւորն է՝ առաջին անգամ ներկայացվեցին միայն հայ ժամանակակից ստեղծագործողների պիեսները՝ Մարիաննա Մխիթարյանի առաջարկով»: Ինչ վերաբերում է փառատոնից հետո շրջանառվող խոսակցություններին, թե ժյուրիի նախագահ Կարինե Խոդիկյանն իրեն պարգեւատրեց, փաստենք, որ օրինակ, արտասահմանյան երկրներում անցկացվող ոչ միայն թատերարվեստում, այլեւ մշակույթի տարբեր ոլորտներում՝ պարարվեստ, կինո, երաժշտարվեստ եւ այլն, նոր ժամանակներում սահմանափակում չկա՝ ժյուրիի նախագահի կամ անդամի աշխատանքը ներկայացվում է տարբեր անվանակարգերում եւ քվեարկության արդյունքում է որոշվում հաղթողը:Նշենք, որ Կարինե Խոդիկյանը 1997-ից տարբեր միջոցառումներում արժանացել է 18 մրցանակի, այդ թվում՝ «Արտիստ», «Ոսկե եղեգն», «Տրիտյոֆ Նանսեն», «Լավագույն ներկայացում», «Լավագույն սցենար», «Տարվա լավագույն գրող» եւ այլն:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Գլխավոր լուսանկարում` Էլֆիք Զոհրաբյան՝ «Սմբակներ»
«Առավոտ»
31.10.2017
Շնորհավորում ենք մրցանակակիրներին, բայց համենայն դեպս Խոդիկյանը կամ Սամվելը պետք է հրաժարվեին իրենք իրենց մրցանակ տալուց: