Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում չկա ծառայողական մեքենայից օգտվելու մշակույթ

Նոյեմբեր 01,2017 15:30

Կառավարությունն ու մարզպետարանները ծառայողական մեքենաների վերաբերյալ տարբեր տվյալներ են հրապարակում

ՀՀ կառավարության հաստատած եւ խորհրդարան ներկայացված «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով կառավարությունն առաջարկում է այսօր եղած 915 ծառայողական մեքենայի փոխարեն 2018-ին ունենալ 874 մեքենա: Այս թվի մեջ չեն մտնում մի շարք պետական կառույցների՝ ՊՆ, ոստիկանություն եւ այլն, եւ համայնքապետարանների ծառայողական մեքենաները: Եթե նախագծի այս մասը չփոխվի, ծառայողական մեքենաների քանակը կկրճատվի 4,6 տոկոսով: Նախագծի համաձայն՝ մեկ մեքենայի պահպանման տարեկան ծախսը կկազմի 1,2 միլիոն դրամ: Ընդամենը 1,0488 միլիարդ դրամ:

Հայաստանում ծառայողական ավտոմեքենաների քանակներն ու պահպանման ծախսերը ծրագրավորվում են ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման եւ սպասարկման մասին» N 194-Ն որոշման համաձայն: Այդ որոշմամբ սահմանվեց, որ Հայաստանում կա պետական ծառայողական 372 մեքենա, որից 332-ը սպասարկելու է պաշտոնատար անձանց, 40-ը՝ մարմիններին՝ հերթապահ մեքենա: 2005-ին ՀՀ կառավարության աշխատակազմում եղել է 37, հիմա կա ու կմնա 58 ծառայողական մեքենա, բնապահպանության նախարարությունում եղել է 12, հիմա կա 40, 2018-ին՝ կլինի 21 ծառայողական մեքենա: 2018-ին 24 ծառայողական մեքենա կստանա բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը եւ այլն: Վերջին 12 տարում Հայաստանում ծառայողական, պետական մեքենաների քանակն աճել է մոտ 2,5 անգամ կամ 250 տոկոսով եւ հիմա պետք է նվազի 4,6 տոկոսով: 874 պետական ծառայողական մեքենան անթույլատրելի շքեղություն է, Կարեն Կարապետյանի բնորոշմամբ՝ չափազանց ծանր վիճակում գտնվող տնտեսությամբ երկրում: Առավել եւս, որ Հայաստանում չկա ծառայողական մեքենայից օգտվելու մշակույթ: Մեր պաշտոնյաների ծառայողական մեքենաները ծառայում են նրանց երեխաներին, թոռներին, կանանց, սիրուհիներին, այդ մեքենաներով նրանց հարազատները վրաերթեր են կատարում: Նյութեր, լուսանկարներ եւ տեսանյութեր՝ որքան ասես:

Այս տարվա համեմատ եկող տարի ընդհանուր հաշվարկով մեքենաների քանակը նվազում է, բայց ինչպես նախորդ կառավարությունները, Կարեն Կարապետյանի կառավարությունն էլ չի ազատվել պետության՝ հարկատուներիս հաշվին ընկերոջը լավություն անելու «հիվանդությունից»: 2017-ի փետրվարին Կարեն Կարապետյանը Շիրակի փոխմարզպետ է նշանակել իր մտերիմ՝ «Գազպրոմ» ընկերության Արթիկի տեղամասի երկարամյա պետ Խաչատուր Վարագյանին, ու եկող տարի նա ծառայողական մեքենա կստանա: Հայաստանը բաժանված է 10 մարզի, բոլոր մարզպետարաններն ունեն ութ վարչություն, ութ բաժին: Սակայն մարզպետների տեղակալների, օգնական-խորհրդականների, մարզպետարանի ծառայողական մեքենաների քանակը որեւէ կերպ կապված չէ մարզի տարածքի, բնակավայրերի կամ բնակչության քանակի հետ: Ադրբեջանի հետ 300 կմ սահման եւ 46 սահմանամերձ համայնք ունեցող Տավուշի մարզպետարանում հինգ ծառայողական մեքենա կա, Ադրբեջանի հետ սահման չունեցող, տարածքով Տավուշից երկու անգամ փոքր Արմավիրի մարզպետարանում՝ յոթ, Նախիջեւանի հետ սահմանակից Վայոց ձորի մարզպետարանում ծառայողական վեց մեքենա կա եւ այլն:

«Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» մարզպետարանների ծառայողական մեքենաների քանակների հարցում Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը եւ մարզպետարանների պաշտոնապես հրապարակված տվյալները իրար չեն համապատասխանում: Օրինակներ. Շիրակի մարզպետարանում, ըստ բյուջեի նախագծի, 8 մեքենա, ըստ մարզպետարանի՝ 9, Վայոց ձորում՝ ըստ բյուջեի նախագծի՝ 8, ըստ մարզպետարանի՝ 6, Սյունիքում՝ ըստ բյուջեի՝ 8, իսկ ըստ մարզպետարանի՝ 6, Արագածոտնում՝ ըստ բյուջեի՝ 8, ըստ մարզպետարանի՝ 9, Տավուշում՝ ըստ բյուջեի՝ 8, ըստ մարզպետարանի՝ 5, Արմավիրում՝ ըստ բյուջեի՝ 8, ըստ մարզպետարանի՝ 7: Մնացած մարզերը չեմ նայել: Միայն վեց մարզի՝ Հայաստանի մարզերի կեսից ավելիի դեպքում կառավարությունը ավելի է ցույց տալիս 7 մեքենա: Կամ էլ՝ մարզպետարաններն են պաշտոնապես տարածված փաստաթղթում կեղծ տվյալներ ներկայացրել: Երկու դեպքում էլ մեկ հարց. բոլոր փաստաթղթե՞րն եք ուշադրության եւ տեղեկացվածության նման մակարդակով կազմում:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

31.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել