Լրահոս
Օրվա լրահոսը

«Կուրտ Վոնեգուտը Սարոյանի ազդեցությամբ մտել է մեր մաշկի տակ»

Նոյեմբեր 01,2017 14:30

Դիանա Համբարձումյանը հրավիրված է Վոնեգուտյան հեղինակավոր գրական փառատոնին

Արձակագիր, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դիանա Համբարձումյանի պատմվածքը հաղթող է ճանաչվել Ինդիանապոլիսում (ԱՄՆ): Մրցույթը հայտարարել էր Կուրտ Վոնեգուտի անունը կրող թանգարան-գրադարանը: Ինդիանապոլիսում տարին Վոնեգուտյան է, նոյեմբերի 11-ին լրանում է անվանի գրողի ծննդյան 95-ամյակը:

«Առավոտի» հետ զրույցում Դիանա Համբարձումյանը պատմեց իր եւ Վոնեգուտի առաջին լուրջ «հանդիպման» մասին: «2002-03 թթ. ԱՄՆ-ից ուսանող ունեինք, ինձ ասաց, որ նոր գիրք է իր հետ բերել` Կուրտ Վոնեգուտի «Կապտամորուսը»: Առաջին երեք-չորս էջերը կարդալուց հետո «Հայոց ցեղասպանություն», «հայերը կայսրությունների ժամանակներում» եւ նման այլ արտահայտությունները միանգամից ինձ «բռնեցին»: Մտածում էի` տեսնես մինչեւ վերջ այս ոճո՞վ է գրել…Կարդացի, մարդկային հարաբերություններ էին, կին-տղամարդ էքսպրեսիոնիզմ, Արշիլ Գորկի…Հասկացա, որ լուրջ գեղարվեստական գործ է` մերկ սարկազմով գրված: Խնդրեցի գիրքը մի քանի օրով կարդալու համար, ուսանողս սիրով նվիրեց: Մի շնչով կարդացի ու սկսեցի պատառիկներ թարգմանել, որոնք լույս տեսան գրական մամուլում: 2-3 տարի անց գիրքն ամբողջովին թարգմանված էր: Բարեբախտություն ունեցա հովանավոր գտնելու, «Զանգակն» էլ հրատարակեց: Իրենք հետո իմացան, շատ լավ վերաբերվեցին, որեւէ խնդիր չառաջացավ: Նամակագրություն ունեինք, ասացի, որ առանց հեղինակային իրավունքի եմ արել, ոչ մի էքսցես չեղավ»,- պատմեց տիկին Համբարձումյանը:

Նա հետագայում սկսել է լրջորեն զբաղվել Վոնեգուտի գրականությամբ, հոդվածներ գրել: «Ես հասկացա, որ ինչպես Ֆոլքները, այնպես էլ Վոնեգուտն իմ ներաշխարհի հետ խոսող հեղինակներ են համաշխարհային գրականությունից»,-հավելեց մեր զրուցակիցը, որ պարբերաբար հետեւում է Վոնեգուտի գրադարան- թանգարանի թարմացվող էջին: «Մի վեց ամիս առաջ տեսա, որ կարճ պատմվածքի մրցույթ են հայտարարել: Նշված էր, որ կարող են աշխարհի տարբեր ծայրերից մասնակցել այդ մրցույթին: Հետաքրքրվեցի` կարո՞ղ է անգլերեն թարգմանված պատմվածքը եւս մասնակցել, որովհետեւ ինքս անգլերեն չեմ գրում, ընդամենը մի պիես եմ գրել, որը մնացել է գզրոցիս մեջ: Կարծում եմ, որ ավելի ճիշտ է գրել քո մայրենի լեզվով եւ թարգմանել լուրջ թարգմանիչների միջոցով: Օրինակ, Փամուկին թարգմանչուհին բերեց այդ մեծ փառքը, այլապես ինքը կմնար Թուրքիո սահմաններում: Վոնեգուտի գրադարան-թանգարանից պատասխանեցին, որ հնարավոր է թարգմանված պատվածքը ներկայացնել մրցույթի: 2008-10 թթ. գրած մի պատմվածք ունեի, որը 2011 թ. «10 լավագույն պատմվածք» վերնագրով հայերեն-անգլերեն ժողովածուում լույս տեսավ: Մի պատմվածքը, որ կոչվում է «Ես եւ որդիս», թարգմանել է Անուշ Մկրտչյանը: Հենց դա էլ ուղարկեցի՝ թարգմանչի եւ հրատարակչի թույլտվությամբ, որը Վոնեգուտի թանգարանի տնօրինության պահանջն էր…Երեք ամիս լռություն էր, ես մտածում էի՝ գուցե չեն հավանել կամ գուցե դեռ ժամանակը չէ: Երեք ամիս անց ստացա շնորհավորանք, որ իմ պատվածքը հաղթել է մրցույթում: Շատ էի հուզվել, պատմվածքս որակել էին ինքնատիպ եւ հետաքրքիր: Հաջորդ նամակն էլ եկավ, որտեղ նշվում էր, թե պատմվածքս լույս կտեսնի Ինդիանապոլիսի գրական ամսագրի նոյեմբերյան համարում, ինձ եւ թարգմանչին մեկական օրինակ կուղարկեն: Նաեւ առաջարկում էին ԱՄՆ-ում մասնակցել նոյեմբերի 9-ին սկսվող Վոնեգուտյան փառատոնին, ցավոք սրտի, ծախսերը չէին հոգում: Նոյեմբերի 11-ին Վոնեգուտի ծննդյան օրը ամսագրի շնորհանդեսն է, ու տպագրված մարդիկ հրավիրվում են, որպեսզի կարդան իրենց պատմվածքները: Ինձ ասացին, որ կարող եմ ելույթ ունենալ Վոնեգուտի մասին, ներկայացնել ինչ-ինչ առնչություններ: Ի դեպ, Սարոյանը համարվում է Վոնեգուտի հոգեւոր հայրը, Վոնեգուտն է դա խոստովանել»,-հայտնեց Դիանա Համբարձումյանը: Նա հրավերներ ունի նաեւ Չիկագոյի համալսարանական շրջանակներից, ափսոսում է, որ մշակույթի նախարարությունը հնարավորություն չունի հոգալ իր ճանապարհածախսն ու գիշերակացը, մինչդեռ ինքը կարեւոր առաքելությամբ է մեկնում: Մեր զրուցակիցն ասաց, որ Ինդիանա նահանգի փոքր քաղաքներում ապրող հայերը եւս գիտեն իր այցի մասին, շատ ոգեւորված են, ոմանք նույնիսկ առաջարկել են ապահովել իր գիշերակացը:

Դիանա Համբարձումյանի ձեւակերպմամբ, ունենալով Սարոյանի նման ուսուցիչ, Կուրտ Վոնեգուտը նրա ազդեցությամբ «մեր մաշկի տակ մտնելով հասկացել է մեր ցավը», եւ այնպես անաչառորեն ու ճշգրիտ պատմական հայացքով է գրել, որ նրա «Կապտամորուսը» վեպը կարող է ՄԱԿ-ի նստաշրջաններում քննություն բռնել:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

31.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930