Լրահոս
Օրվա լրահոսը

Էջադրող-դիզայները դատարան էր ներկայացրել պատասխանողի կողմից հրապարակվող ամսագիրը

Նոյեմբեր 01,2017 15:00

Լ. Մնացականյանը, ըստ էության, գտնվել է աշխատանքային հարաբերության մեջ գործատուի հետ եւ այդ փաստն ապացուցվում է դատարան ներկայացված ամսագրով, որի ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ նա գտնվել է աշխատողների ցուցակում, որտեղ նաեւ գտնվել է տնօրենը:

ՀՀ սահմանադրական դատարանը մի որոշում ունի, ուր նշված է, որ առանց աշխատանքային պայմանագրի աշխատանքային գործունեություն իրականացնող աշխատողների իրավունքների պաշտպանության իրականացումը կարող է լուրջ վտանգ առաջացնել գործատուների կողմից ապօրինի աշխատանքի շահագործման համար: Նշել է, որ այն դեպքերում, երբ անձինք չեն կնքել աշխատանքային պայմանագիր, կարող են դատական կարգով պաշտպանել իրենց իրավունքները եւ հաստատել աշխատանքային իրավահարաբերության փաստը։

Այդպես էլ վարվել է վերաքննիչ բողոք բերած Լուսինե Մնացականյանը, որի ներկայացուցիչ Դավիթ Ասատրյանը պնդում է, որ իր վստահորդը աշխատանքային հարաբերության մեջ է եղել գործատու «Լիգա Փրես» ՍՊ ընկերության հետ, որը պատասխանող է ճանաչվել:

Լ.Մնացականյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացրել ապացույցներ, սակայն դատարանն իր՝ օգոստոսի 10-ի վճռով անդրադառնալով այդ ապացույցներին, ոչ միայն մերժել էր հայցը, այլ գնահատել ապացույցները. «Իսկ ինչ վերաբերում է հայցվորի կողմից հայցի հիմքում դրված «LUXURY» ամսագրի թիվ 1/83 2016 համարի 14-րդ էջի թարգմանությանը, որում նշված է՝ «դիզայն- էջադրող՝ Լուսինե Մնացականյան», ապա դատարանն արձանագրում է, որ նշվածը բավարար չէ հաստատված համարելու աշխատանքային իրավահարաբերությունների փաստը, քանի որ սույն գործում առկա չէ որեւէ ապացույց, որը հիմք կհանդիսանար ժխտելու Լուսինե Ռուբիկի Մնացականյանի եւ «Լիգա Փրես» ՍՊԸ-ի միջեւ այլ ՝ ծառայությունների մատուցման եւ այլ իրավահարաբերությունների բացակայության փաստը:

Այլ կերպ ասած, դատարանը գտնում է, որ բողոքաբերը, բացի աշխատանքային իրավահարաբերության փաստը ապացուցելու, նախ պետք է ապացուցի, որ ծառայությունների մատուցման հարաբերության մեջ չի եղել պատասխանողի հետ, այսինքն, ըստ դատարանի, ամենակարեւոր փաստը դա այն փաստն է, թե արդյո՞ք բողոքաբերն ունի ծառայությունների մատուցման պայմանագիր եւ եթե ունի, աշխատանքային հարաբերության փաստը չի կարող հաստատվել»:

«Լիգա Փրես» ՍՊ ընկերությունն առանց աշխատանքային պայմանագրի 2016թ. փետրվարին աշխատանքի է ընդունել Լուսինե Մնացականյանին: Պատասխանող ընկերությունը հրաժարվել է կնքել աշխատանքային պայմանագիր բողոքաբերի հետ, նրան չի վճարել աշխատավարձը: Լուսինե Մնացականյանը 2016թ. օգոստոսի 12-ին դիմել է դատարան՝ խնդրելով ճանաչել աշխատանքային հարաբերության փաստը եւ պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել աշխատավարձը՝ 100.000 ՀՀ դրամի չափով: Լուսինեն աշխատանքի էր անցել՝ որպես էջադրող-դիզայներ։

Բողոքաբերն աշխատավարձի չափը հիմնավորելու նպատակով դատարան է ներկայացրել իր աշխատանքային մասնագիտական հմտություններին համապատասխան աշխատանքային այլ վայրի հետ պայմանագիր, որտեղ նշված է աշխատավարձը 150 000 ՀՀ դրամի չափով:

Ընկերությունը դատարան էր ներկայացրել հայցադիմումի պատասխան, որտեղ ընդունել է Լուսինեի՝ իրենց մոտ աշխատելու փաստը, սակայն պնդել է. «Բողոքաբերի հետ եղել են ծառայությունների մատուցման իրավահարաբերության մեջ եւ կիրառելի չէ Աշխատանքային օրենսգրքի իրավական նորմերը»:

Ըստ դատարանի իրավական հիմնավորման. «Սույն դեպքում, հայցվորի կողմից որեւէ վերաբերելի եւ թույլատրելի ապացույցով չի հիմանվորվել այն հանգամանքը, որ հայցվոր Լուսինե Մնացականյանը գտնվել է փաստացի աշխատանքային, այլ ոչ ուրիշ իրավահարաբերությունների մեջ պատասխանող «Լիգա Փրես» ՍՊԸ-ի հետ, աշխատել է «Լիգա Փրես» ՍՊԸ-ում, ստանձնել է որոշակի հաստիք»:

«Առավոտին» երեկ Լ. Մնացականյանն ասաց, թե դիմել է վերաքննիչ դատարան եւ իր հարցադրումներն են. արդյո՞ք ֆիզիկական անձի կողմից գործատու կազմակերպությունում որոշակի վարձատրությամբ աշխատանքային գործառույթներ կատարելու փաստի հաստատումը բավարար չէ աշխատանքային հարաբերության փաստը հաստատելու համար, արդյո՞ք դատավարության ընթացքում պատասխանողի կողմից վկայակոչված փաստը պետք է ապացուցի ինքը՝ հայցվորը, դատարանը իրավասո՞ւ է շեղվել ապացուցման բեռի բաշխման ժամանակ հայտարարված ապացուցման բեռից, եւ դատաքննության ընթացքում դատական նիստում չհետազոտելու ապացույցները:

Բողոքաբեր կողմը հղում էր կատարել ՀՀ սահմանադրական դատարանի որոշմանը, համաձայն որի. «ՀՀ սահմանադրական դատարանը նշեց, որ ՀՀ օրենսդրության եւ ՀՀ միջազգային պարտավորությունների համադրված վերլուծությունը վկայում է, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում աշխատանքային պարտականությունների կատարման առկայության` հիմնավոր ապացույցներով փաստումը հիմք է առանց գրավոր աշխատանքային պայմանագրի կնքման իր աշխատանքային պարտականությունների կատարմանն անցած անձին իր իրավունքների, այդ թվում` համարժեք հատուցման պահանջի իրավունքի պաշտպանություն տրամադրելու համար: Սույն իրավական դիրքորոշումից շեղումը կհանգեցնի գործատուի պատասխանատվության անտեսման եւ աշխատողի իրավունքների ոտնահարման, քանի որ կատարած փաստացի աշխատանքի դիմաց համարժեք հատուցում վճարելուց հրաժարվելը նաեւ անձի սեփականության իրավունքի ոտնահարում է»:

Լ.Մնացականյանի ներկայացուցիչ Դ. Ասատրյանը վկայակոչել է փաստ, Լուսինեի աշխատելու վերաբերյալ, պատասխանողը ընդունել է այդ փաստը, սակայն դա անվանելով ծառայություններ, դատարանը ապացույցների հետազոտելուց հետո չի նշել, որ աշխատանքների կատարման փաստը մնում է չապացուցված, արդյունքում բողոքաբերը հաստատապես պնդում է, որ սույն գործով ապացուցված փաստ է, որ ինքը որոշակի մասնագիտությամբ աշխատանքային հարաբերության մեջ է եղել գործատուի հետ:

Ըստ վերաքննիչ բողոքի 2.18-րդ կետի, ապացույցներից մեկում նշված է այդ ամսագիրը կազմող անձը՝ «Լիգա Փրես» ՍՊԸ, պատասխանող, այդ կազմակերպության աշխատակիցները, որոնց մեջ գտնվում է նաեւ Լուսինեն:

Պատասխանողի կողմից վկայակոչված փաստի՝ այն է «ծառայություն մատուցելու» ապացուցման բեռը դատարանը դրել է հայցվոր կողմի վրա, որը բողոքաբերի ներկայացուցչի կարծիքով՝ ամբողջությամբ անհիմն է եւ անօրինական. «Այդ փաստի ապացուցման բեռը դրվել է բողոքաբերի վրա միայն վճռով, ապացուցման բեռի բաշխման ժամանակ այլ բեռ էր դատարանը նախատեսել, արդյունքում խախտելով բողոքաբերի Սահմանադրության 63-րդ հոդվածը»:

Այլ կերպ ասած, դատարանը ապացուցման բեռի բաշխման ժամանակ բաշխել է ապացուցման բեռ, սակայն վճիռը կայացրել ապացուցման մեկ այլ բեռով, որը հայտարարված չէր եւ որի մասին բողոքաբերը տեղյակ չէր: Ավելին, դատարանի վճռով այնպիսի բեռ է բաշխվել, որը ոչ մի աղերս չունի ապացուցման բեռի բաշխման կանոնների հետ, մասնավորապես պատասխանողի կողմից վկայակոչված փաստի ապացուցման բեռը դրվել է բողոքաբերի վրա:

Պարզվեց, այս կապակցությամբ էլ առկա է ՀՀ վճռաբեկ դատարանի ԵՄԴ/2083/02/14 դատական գործով նախադեպային որոշում. «Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանը չէր կարող համահայցվորների վրա թողնել գործի լուծման համար նշանակություն ունեցող այն փաստը չապացուցելու բացասական հետեւանքները, որը ներառված չի եղել ապացուցման առարկայի մեջ, ինչպես նաեւ այդ հիմքով մերժել հայցը, ինչն անտեսվել է վերաքննիչ դատարանի կողմից»:

Այսինքն, բողոքող կողմը չպետք է պատասխան տա մի փաստի ապացուցման համար, որի մասին հենց ինքը չգիտեր նախնական նիստի ընթացքում:

Ստացվել է, որ դատարանը նախնական դատական նիստում բաշխել է պատասխանողի վրա ապացուցման բեռ, պատասխանողը չի ներկայացրել այդ փաստը ապացուցող որեւէ ապացույց, սակայն դատարանը այդ փաստը չապացուցելու անբարենպաստ հետեւանքները չի թողել պատասխանողի վրա:

Վերաքննիչ բողոքով Լուսինե Մնացականյանը խնդրում է ամբողջությամբ բեկանել Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի կայացված վճիռը եւ հաստատել աշխատանքային հարաբերության ծագման փաստը եւ «ԼԻԳԱ ՓՐԵՍ» ՍՊԸ-ից հօգուտ Լուսինե Մնացականյանի բռնագանձել 100 000 ՀՀ դրամ գումար` որպես չվճարված աշխատավարձ:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

31.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել