Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եվրասիական Հայաստանի եվրոպական ապագան

Նոյեմբեր 01,2017 12:00

Պայմանագիրը ստորագրվելու է, «դրանում կասկած չկա»

Երեւանն ու Բրյուսելն անցյալ շաբաթ վերահաստատեցին, որ Հայաստանի հետ նախաստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերի 24-ին:Տալլինում կայացած Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ընթացքում Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհաննես Հանը վստահեցրել է, որ համաձայնագրի ստորագրման հարցում կասկած չկա. «Ուզում եմ սկզբից եւեթ հստակ ասել, որ Հայաստանի հետ պայմանագիրը ստորագրվելու է, դրանում կասկած չկա, եւ գրեթե հաստատ է, որ դա տեղի է ունենալու գագաթնաժողովի շրջանակներում կամ հենց գագաթնաժողովի ժամանակ: Սա հստակ է: Դրա շուրջ որեւէ քննարկում չկա»:

Նա հավելել է, որ առաջին անգամ Եվրասիական տնտեսական միության անդամ երկիրը նման համաձայնագիր կստորագրի Եվրամիության հետ, եւ դա կարող է օրինակ ծառայել նաեւ մյուսների համար. «Ի դեպ, այն ազդակները, որ ես ստացել եմ նաեւ հարեւաններից, նրանք դրա հետ խնդիր չունեն կամ առնվազն ընդունում են այս համաձայնագիրը: Սա կարեւոր է, քանի որ առաջին անգամ է նման համաձայնագիր ստորագրվում Եվրասիական միության անդամ պետության հետ: Եվ դա ցույց է տալիս, որ հնարավոր է լինել Եվրասիական միության անդամ եւ միեւնույն ժամանակ հեռուն գնացող համաձայնագիր կնքել Եվրամիության հետ: Սա ապացուցում է, որ համակեցությունը հնարավոր է»:

Պարտավորությունների կատարման հարցին անդրադառնալով՝ Հանն ասել է, որ իրենք գումար են տրամադրելու հստակ սկիզբ եւ վերջ ունեցող ծրագրերի համար՝ երբ տեսնեն, որ կոնկրետ քայլը կատարվել է:Հայաստանում ԵՄ պատվիրակությունը ֆեյսբուքյան էջում անցյալ շաբաթ եւս հաստատեց, որ Եվրոպական միությունը պատրաստ է Հայաստանի հետ նոր համաձայնագրի ստորագրմանը Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում, եւ այդ ուղղությամբ իրականացվում են «բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները»:

Այսպիսով, թե՛ պաշտոնական Երեւանը, թե՛ Բրյուսելը վստահեցնում են, որ համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերին։ Հոկտեմբերի 13-ին Եվրահանձնաժողովը հրապարակեց ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որն աննախադեպ քայլ որակվեց եւ լրացուցիչ ապացույց այն բանի մասին, որ կողմերը վստահ են, որ համաձայնագիրը ստորագրվելու է:

էներգաարդյունավետության բարելավումը՝ առաջնահերթությունների հիմնական ուղղություններից

Տարիներ առաջ, երբ Հայաստանն ու ԵՄ-ն բանակցում էին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ, հաճախ էր հնչում քննադատություն, թե ինչո՞ւ չի հրապարակվում ՀՀ-ԵՄ համաձայնագրի տեքստը:

Այսօր Հայաստան-ԵՄ նախաստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հրապարակված է, բոլորը կարող են գտնել իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Առհասարակ որոշ ոլորտների արժե անդրադառնալ, որպեսզի հնարավոր լինի պատկերացում կազմել, թե հնարավորությունների եւ ինչ խորության փաստաթուղթ է այն:

Սկսենք էներգետիկ ոլորտից:

Համաձայնագրի Էներգետիկ համագործակցությունը՝ ներառյալ միջուկային անվտանգությունը բաժնում, հոդված 42-ում ասվում է. «Կողմերը պետք է համագործակցեն էներգետիկ հարցերի շուրջ՝ գործընկերության, փոխադարձ շահի, թափանցիկության եւ կանխատեսելիության սկզբունքների հիման վրա։

Համագործակցությունը պետք է նպատակաուղղված լինի այսուհետ դիտարկվելիք էներգետիկ հատվածի ոլորտներում կարգավորիչ ներդաշնակեցմանը՝ հաշվի առնելով անվտանգ, շրջակա միջավայրը չվնասող եւ մատչելի էներգիայի հասանելիությունն ապահովելու անհրաժեշտությունը»։

Եվ երկրորդ՝ Համագործակցությունը պետք է ընդգրկի, ի թիվս այլնի, հետեւյալ ոլորտները.

ա) էներգետիկ ռազմավարություններ եւ քաղաքականություններ, այդ թվում՝ էներգետիկ անվտանգությունը եւ էներգիայի մատակարարների ու էներգիայի արտադրության բազմազանությունը խթանելու նպատակով,

բ) էներգետիկ անվտանգության ընդլայնում, այդ թվում՝ էներգիայի աղբյուրների եւ դրա փոխանցման ուղիների բազմազանեցումը խթանելու միջոցով,

գ) մրցունակ էներգետիկ շուկաների զարգացում,

դ) վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման, էներգաարդյունավետության եւ էներգախնայողության խթանում,

ե) էներգիայի եւ տարածաշրջանային շուկաներ ինտեգրման շուրջ տարածաշրջանային համագործակցության խթանում,

զ) ընդհանուր կարգավորիչ դաշտի խթանում՝ նավթամթերքի, էլեկտրաէներգիայի եւ հնարավոր այլ էներգետիկ հումքի առեւտրին նպաստելու նպատակով, նաեւ՝ միջուկային անվտանգության առումով անվտանգության եւ ապահովության բարձր մակարդակին ուղղված մրցակցային հավասար պայմանների խթանում,

է) քաղաքացիական միջուկային էներգետիկայի հատված՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առանձնահատկությունները եւ կենտրոնանալով, մասնավորապես, միջուկային անվտանգության բարձր մակարդակների վրա՝ հիմք ընդունելով այսուհետ դիտարկվելիք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱՏԷՄԻԳ) ստանդարտները եւ Եվրոպական միության ստանդարտներն ու փորձը, նաեւ՝ կենտրոնանալով միջուկային անվտանգության բարձր մակարդակների վրա՝ հիմք ընդունելով միջազգային ուղենիշներն ու փորձը։ Այդ ոլորտում համագործակցությունը պետք է ներառի, i) ապահովության, անվտանգության եւ թափոնների կառավարման ոլորտներում տեխնոլոգիաների, լավագույն գործելակերպերի փոխանակումը եւ վերապատրաստումը՝ ատոմային էլեկտրակայանների անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով, ii) Մեծամորի ատոմային էլեկտրակայանի փակումն ու անվտանգ ապագործարկումը եւ այդ առումով ճանապարհային քարտեզի կամ գործողությունների պլանի վաղաժամկետ ընդունումը՝ հաշվի առնելով նոր հզորությամբ դրա փոխարինման անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը եւ կայուն զարգացման պայմաններն ապահովելու նպատակով,

ը) գնային քաղաքականություններ, տարանցում եւ փոխադրում, մասնավորապես՝ էներգետիկ պաշարների փոխանցման համար ծախսերի վրա հիմնված ընդհանուր համակարգը, եւ անհրաժեշտության դեպքում՝ ածխաջրածնի պաշարների հասանելիության մասով հետագա ճշգրտումներ՝ համապատասխան դեպքերում,

թ) էներգետիկ շուկայի կարգավորման առանցքային սկզբունքներն արտացոլող կարգավորիչ հայեցակետերի, ինչպես նաեւ մրցունակ, թափանցիկ եւ ծախսարդյունավետ սակագներով էներգետիկ ցանցերի ու ենթակառուցվածքների ոչ խտրական հասանելիության խթանում եւ համարժեք ու անկախ վերահսկողություն,

ժ) գիտական եւ տեխնիկական համագործակցություն, այդ թվում՝ էներգիայի արտադրության, փոխադրման, մատակարարման եւ վերջնական օգտագործման ոլորտներում տեխնոլոգիաների զարգացման եւ կատարելագործման վերաբերյալ տեղեկությունների փոխանակումը՝ առանձնահատուկ ուշադրության կենտրոնում պահելով էներգաարդյունավետ եւ շրջակա միջավայրը չվնասող տեխնոլոգիաները։

Հիշեցնենք նաեւ Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի՝ հոկտեմբերի սկզբին Երեւան կատարած այցի նախօրեին «Առավոտ»-ին տված բացառիկ հարցազրույցում էներգետիկ ոլորտին վերաբերող անդրադարձը:

Ի՞նչ կոնկրետ ծրագրեր են պլանավորվում Հայաստանում էներգետիկ ոլորտի հետագա զարգացման համար՝ հարցին պատասխանելիս Հանն ասել էր. «Հայաստանի հետ էներգետիկ համագործակցության ոլորտում մեզ համար առաջնահերթությունների հիմնական ուղղություններից մեկը էներգաարդյունավետության բարելավումն է, քանի որ ամենաէժանը սպառված էներգիան է։

Անցյալ տարի ես տվեցի Բարձրամակարդակ էներգաարդյունավետության նախաձեռնության մեկնարկը, որը նպատակ ունի հեռանալ էներգաարդյունավետության առանձին ծրագրերից՝ անցում կատարելով ավելի համապարփակ մոտեցման, որը սատարում է կոնկրետ քաղաքականության միտված գործողությունները եւ ընդլայնում է կայուն ներդրումները։

Այժմ իմ նպատակն է սրանում ընդգրկել նաեւ Հայաստանը՝ սկսելով քննարկումներ քաղաքականության եւ ներդրումային առաջնահերթությունների մասին 2017թ.-ի նոյեմբերի 8-ին կայանալիք աշխատաժողովի ժամանակ։ Բացի այդ, մեր՝ EU4Energy նախաձեռնությունը սատարում է Հայաստանում էներգետիկ ոլորտի բարեփոխումները՝ մանրակրկիտ գնահատումների եւ քաղաքականության մշակման գործում տվյալների գործածումը խթանելու միջոցով։ Այն նաեւ միտված է Հայաստանում էներգետիկ քաղաքականության կառավարման բարեփոխմանը՝ շենքերում նվազագույն էներգետիկ արդյունավետության պահանջների, չափորոշիչների եւ էներգետիկ ոլորտին առնչվող ապրանքների ներդրման ուղեցույցի մշակմամբ եւ նպատակ ունի բարելավել ներդրումային մթնոլորտը վերականգնվող էներգիայի ոլորտում։ Այս բոլոր գործողությունները կնպաստեն Հայաստանի էներգետիկ ոլորտի բազմազանեցմանը եւ արդիականացմանը»։

ԵՄ-ն եւ ՀՀ-ն պետք է խթանեն տնտեսական բարեփոխումների գործընթացը

Ըստ ՀՀ-ԵՄ համաձայնագրի՝ քաղաքական երկխոսության նպատակներից մեկն է «խթանել տարածաշրջանային համագործակցությունը, զարգացնել բարիդրացիական հարաբերությունները եւ բարձրացնել տարածաշրջանային անվտանգության մակարդակը, այդ թվում՝ տարածաշրջանային առեւտուրը եւ միջսահմանային տեղաշարժը խթանելու համար սահմանները բացելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելով»: Տնտեսական համագործակցության եւ տնտեսական երկխոսության բաժիններում սահմանվում է, որ ԵՄ-ն եւ ՀՀ-ն պետք է խթանեն տնտեսական բարեփոխումների գործընթացը՝ յուրաքանչյուր տնտեսության հիմնարար սկզբունքների ընդհանուր ընկալումը եւ տնտեսական քաղաքականությունների ձեւավորումն ու իրականացումը բարելավելու միջոցով: Բացի այդ, ՀՀ-ն պետք է լրացուցիչ քայլեր ձեռնարկի՝ արդյունավետ գործող շուկայական տնտեսություն զարգացնելու եւ իր տնտեսական ու ֆինանսական կարգավորումներն ու քաղաքականությունները համապատասխան դեպքերում ԵՄ տնտեսական ու ֆինանսական կարգավորումներին ու քաղաքականություններին աստիճանաբար մոտարկելու ուղղությամբ։

Իսկ ԵՄ-ն կաջակցի ՀՀ-ին՝ ապահովելու կայուն մակրոտնտեսական քաղաքականություններ՝ ներառյալ Կենտրոնական բանկի անկախությունը եւ գների կայունությունը, կայուն պետական ֆինանսները եւ արտարժույթի փոխանակման դրույքաչափի կայուն համակարգն ու վճարային հաշվեկշիռը։Համաձայնագրի հոդված 23-ով կողմերը համաձայնում են կանոնավոր տնտեսական երկխոսություն անցկացնելու շուրջ, որն ուղղված կլինի՝

ա) մակրոտնտեսական միտումների եւ քաղաքականությունների, ինչպես նաեւ կառուցվածքային բարեփոխումների, այդ թվում՝ տնտեսական զարգացման ռազմավարությունների վերաբերյալ տեղեկությունների փոխանակմանը,

բ) փորձառության եւ լավագույն գործելակերպերի փոխանակմանն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են պետական ֆինանսները, դրամավարկային քաղաքականության եւ արտարժույթի փոխանակման դրույքաչափին առնչվող հայեցակարգերը, ֆինանսական հատվածի քաղաքականությունը եւ տնտեսական վիճակագրությունը,

գ) տարածաշրջանային տնտեսական ինտեգրման, այդ թվում՝ Եվրոպական տնտեսական եւ արժութային միության գործունեության վերաբերյալ տեղեկությունների եւ փորձի փոխանակմանը,

դ) տնտեսության, ֆինանսների եւ վիճակագրության ոլորտներում երկկողմ համագործակցության կարգավիճակի վերանայմանը։

Տրանսպորտի բոլոր տեսակների կառավարման եւ շահագործման մեջ ինտելեկտուալ տրանսպորտային համակարգերի կիրառում

Համաձայնագրի «տրանսպորտը» բաժնում սահմանվում է, որ կողմերը պետք է՝

ա) ընդլայնեն եւ ամրապնդեն տրանսպորտի ոլորտում իրենց համագործակցությունը՝ կայուն տրանսպորտային համակարգերի զարգացմանը նպաստելու նպատակով,

բ) խթանեն արդյունավետ, ապահով եւ անվտանգ տրանսպորտի աշխատանքը, ինչպես նաեւ տրանսպորտային համակարգերի ինտերմոդալությունը եւ փոխգործողությունը, եւ

գ) փորձեն ընդլայնել իրենց տարածքների միջեւ հիմնական տրանսպորտային հաղորդակցության ուղիները։

Տրանսպորտի ոլորտում համագործակցությունը պետք է ընդգրկի հետեւյալ ոլորտները՝

ա) կայուն ազգային տրանսպորտային այնպիսի քաղաքականության մշակումը, որը ներառում է տրանսպորտի բոլոր տեսակները՝ մասնավորապես նպատակ ունենալով ապահովել շրջակա միջավայրը չվնասող, արդյունավետ, ապահով եւ անվտանգ տրանսպորտային համակարգեր եւ խթանել տրանսպորտի ոլորտի հետ կապված նկատառումները քաղաքականության այլ ոլորտներում ինտեգրելու գործընթացը,

բ) ոլորտային ռազմավարությունների մշակումը՝ ազգային տրանսպորտային քաղաքականության լույսի ներքո (այդ թվում՝ միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապատասխանելու նպատակով տեխնիկական սարքավորումների եւ տրանսպորտային միջոցների նորացմանը ներկայացվող իրավական պահանջները)՝ ճանապարհների, երկաթուղիների, ներքին ջրուղիների, ծովագնացության, ավիացիայի եւ ինտերմոդալության մասով, այդ թվում՝ գործողությունների իրականացման, վարչական պատասխանատվությունների, ինչպես նաեւ ֆինանսական պլանների ժամանակացույցերն ու հենանիշները,

գ) ենթակառուցվածքներին առնչվող քաղաքականության կատարելագործումը՝ տրանսպորտի տարբեր տեսակներին առնչվող՝ ենթակառուցվածքների վերաբերյալ նախագծերը լավագույնս նախանշելու եւ գնահատելու նպատակով,

դ) սպասարկմանը, կարողությունների սահմանափակումներին եւ հաղորդակցության բացակայող ենթակառուցվածքին միտված ֆինանսավորման ռազմավարությունների մշակումը, ինչպես նաեւ տրանսպորտին առնչվող նախագծերում մասնավոր հատվածի մասնակցության ակտիվացումը եւ խթանումը:

Բացի այդ՝ նախատեսվում է տրանսպորտի բոլոր տեսակների կառավարման եւ շահագործման մեջ ինտելեկտուալ տրանսպորտային համակարգերի ու տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը խթանելը։

Նույն բաժնի հոդված 38-ով նախատեսվում է, որ այս ոլորտում համագործակցությունը պետք է նաեւ միտված լինի ուղեւորների եւ ապրանքների տեղաշարժի բարելավմանը՝ մեծացնելով ՀՀ-ի, ԵՄ-ի եւ տարածաշրջանում երրորդ երկրների միջեւ տրանսպորտային հոսքերի անընդհատ երթեւեկությունը, խթանելով միջսահմանային տեղաշարժով բաց սահմանների առկայությունը՝ վարչական, տեխնիկական եւ այլ տեսակի խոչընդոտները վերացնելու միջոցով, ընդլայնելով գոյություն ունեցող տրանսպորտային ցանցերի շահագործումը եւ զարգացնելով ենթակառուցվածքը՝ մասնավորապես Կողմերը միմյանց կապող հիմնական ցանցերում։

Բացի այդ, համագործակցությունը պետք է ներառի սահմանային հատումները խթանող գործողություններ՝ հաշվի առնելով դեպի ծով ելք չունեցող երկրների առանձնահատկությունները։

Ամփոփումը՝ տպագիր «Առավոտ»-ի այսօրվա համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 31.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930