Գյումրու ավագանու իրավական հարցերի մշտական գործող հանձնաժողովի նիստի ժամանակ «Գալա» խմբակցության ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը քաղաքային իշխանության ներկայացուցիչներին առաջարկեց հստակ ձևակերպել արտակարգ պատահարներից տուժածների համար հատկացվող սոցիալական աջակցության մասին կետը։
«Գրված է՝ արտակարգ իրավիճակից տուժած բնակչին (ընտանիքին) տրամադրել 200 հազար դրամ։ Նման ձևակերպմամբ հանկարծ վեճեր չունենանք, պարզվի այդ ընտանիքը 4 հոգանոց է, մենք իրեն տալիս ենք 200 հազար դրամ, մեր որոշման մեջ գրված է՝ փակագծում ընտանիքին, նաև բնակչին է գրված, էն մյուս 3 հոգին գան, ասեն մեզ էլ տվեք 200 հազար դրամ», -ասաց Լևոն Բարսեղյանը։
Գյումրու քաղաքապետարանի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանը մեկնաբանեց այսպես․ «Բնակչին (ընտանիքին), հեռու ինձանից այրվել է իմ տունը, իմ տանն ապրում է 5 հոգի, բայց ես այդ 5 հոգուց առանձնացվել եմ որպես հայր, որպես մայր կամ ասենք եղբայր, եկել, դիմումը գրել եմ համայնքապետին, խնդրել եմ ներկայացնել բոլոր փաստաթղթերն արտակարգ իրավիճակների և օգնություն եմ խնդրում։ Այդ բնակիչը շեշտվում է, որովհետև ով որ դիմումը գրել է, նրա անունով էլ պիտի փոխանցվի»։
Մինչդեռ, Լևոն Բարսեղյանն առաջարկեց ավելորդ վեճերից խուսափելու համար ձևակերպման մեջ գրել, որ ընտանիքին է տրվելու 200 հազար դրամ։
Առաջարկը լսելով՝ Լենա Ջիլավյանը իր հետ կատարված մի զավեշտալի պատմություն ներկայացրեց։ «Մի բան պատմեմ, զոհված ազատամարտիկների ընտանիքներին գումար ենք տալիս։ Եթե կին ունի, մենք իրավունք չունենք գումարը հատկացնել մորը, մերն եկել, գումարն ուզում է, ասում եմ՝ քեզ չի հասնում, իրավահաջորդը հարսդ է, ասում է՝ հարսս մեռել է վաղուց։ Ասում եմ դե, որ մեռել է, գնա մահվան վկայականը բեր, մայրը թե՝ ի՞նչ կխոսիս, իմ հարսը ինձի՛ համար է մեռած վաղո՜ւց»։
«Տիկին Ջիլավյան, առավել իրավական հստակեցման մասին է իմ առաջարկը, որ հետո հարցեր, վեճեր, տարընթերցումներ չլինեն, գրենք ընտանիքին, բայց ընտանիքի մեկ անդամն է լիազորված գալ, ստանալու, խնդրում եմ իրավաբանը վերանայի»,-իր առաջարկը կրկնեց Լևոն Բարսեղյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ